Դերենիկի տանը տասնյակ կատուներ կային, բացի այդ նա նաև հոգ էր տանում բակում ապրող տասնյակ չորքոտանիների մասին: Գրողն իր կատուներին կոչում էր սիրած կանանց անուններով, այդպիսով՝ նրա տանն էին բնակվում Շառլոտան, Էլեոնորան, Մարանը, Օֆելյան… Շառլոտան Դերենիկի կատուներից ամենասիրունն էր ու ամենադաստիարակվածը: Սիրելի կատուների մահը Դերենիկի համար իսկական ողբերգություն էր դառնում:
***
Ժնևի համալսարանում ուսանելու տարիներին Դեմիրճյանը ձեռք է բերում իտալական «Կրեմոնա» ջութակը 1797 թ. արտադրության: Որպես ազատ ուսանող Դեմիրճյանը հաճախում էր Ժնևի կոնսերվատորիայի ջութակի դասերին: Սահմանափակ միջոցների տեր ուսանողի համար նման թանկարժեք ջութակ գնելը մեծ շռայլություն էր: Գործիքի նկատմամբ մեծ պաշտամունքն էլ ապագա գրողին ստիպել է մեծ դժվարությամբ ձեռք բերել այն՝ նույնիսկ սննդի համար նախատեսված գումարը խնայելու հաշվին: Իր համար այսքան թանկ իրը Դեմիրճյանի հետ է եղել կյանքի ողջ ընթացքում: 1921 թ. Հայաստանից Թիֆլիս տեղափոխվելիս Դերենիկ Դեմիրճյանին թույլ չեն տալիս ջութակը իր հետ տանել: Այստեղ գրողին օգնության է հասնում արվեստի բաժնի վարիչ Եղիշե Չարենցը: Նա տեղեկանք է տալիս այն մասին, որ ջութակը պատկանում է Դերենիկ Դեմիրճյանին, «Նա պրոֆեսիոնալ ջութակահար է, և նրան թույլատրվում է Հայաստանի սահմաններից իր հետ դուրս հանել իրեն պատկանող ջութակը՝ պատյանով»:
***
Դեմիրճյանի նկարչական ձիրքը դեռ վաղ մանկությունից է դրսևորվել: Արդահանի դպրոցի նրա ուսուցիչները Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելու համար բնութագիր են տվել՝ նշելով, որ իրենց սանը մեծ ունակություններ ունի երաժշտության և նկարչության ասպարեզներում. «Եթե հաշվի առնենք նրա գրական փորձերը, ապա սխալված չենք լինի ասելով, որ ապագայում նա հայ գրականության մեջ փայլուն աստղ կդառնա»։
***
Դ․ Դեմիրճյանը գրական ուղին սկսել է որպես բանաստեղծ, բայց մեծ հաջողություններ չի ունեցել։ 1921 թ․ Թիֆլիսի «Հայարտանը» հանդիպելով Չարենցին՝ նա կեսլուրջ-կեսկատակ ասել է.
- Երբ առաջին անգամ իբրև բանաստեղծ հանդես եկա, Հովհաննես Թումանյանն էր հրապարակի վրա ու սիրված պոետը։ Ես մնացի ստվերի մեջ։ Թումանյանից հետո, հը, ուզում էի գլուխս հանել․ Իսահակյանը առաջս կտրեց։ Ես նորից մնացի ստվերում։ Նոր ուժերով ուզեցի հանդես գալ, այս անգամ էլ Վահան Տերյանը կանգնեց ճանապարհիս։ Տերյանն էլ գնաց, ուժերս հավաքած ուզում էի ասպարեզ իջնել, հիմա էլ դու ես դեմս ելել։ Ե՞րբ պետք է գա իմ օրը։
- Համեցեք, բարի ճանապարհ»,- ասել է Չարենցը՝ մի քայլ ետ գնալով, որից հետո երկուսն էլ ժպտացել են։