Ստեղծագործություններ
Մեծարենցի ձեռագիրը
Վայրկյան
«Արևին»
Մեծարենցը արվեստում
Մեծարենցի ձեռագիրը
Վայրկյան
«Արևին»
Մեծարենցը արվեստում
Մեծարենցի ձեռագիրը

Եթե ստեղծագործությունների միջոցով կարողանայինք զրուցել մեր անցյալի մեծ բանաստեղծների  հետ, ապա  Միսաք Մեծարենցը կբռներ մեր ձեռքն ու կտաներ բնության գիրկը՝ լսելու լռության մեղեդին, զգալու «լուսածածան գիշերվա» հմայքը, նրա «ճերմակ երազի» կաթիլներով ջերմանալու գաղտնիքը։ Նա ցույց կտար, թե ջուրն ինչպես է «ծաղիկ- ծաղիկ ցայտում»․․․ Նրա կողքին  կհասկանայինք, որ մարդը բնության  մի մասիկն է, ու դա կփոխեր բնության նկատմամբ մեր վերաբերմունքը․․․․

Եթե մեր բանաստեղծներին համեմատեինք բնության երևույթների հետ, ապա Մեծարենցը նման կլիներ  շողացող արևի, որը լուսավորում ու ջերմացնում է, օգնում նորովի զգալ ու տեսնել կյանքի  գեղեցկությունները նույնիսկ ամենասովորական թվացող երևույթների մեջ։ Նրա արվեստի հիմքը սերն է՝ համամարդկային, անանձնական սերը։

 

Մեծարենցը սկսել է ստեղծագործել Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում սովորելու տարիներինց։ Ընկերը՝ Վահան Նարլյանը, պատմում է, որ 15-ամյա Միսաքը ներշնչման պահերին բանաստեղծություններ գրում էր երբ և ուր պատահեր՝ դասի ժամին, թերթիկներին, պատերին։ Նրան պատժում էին պատերը սևացնելու համար, բայց նա չէր կարողանում նորից չգրել։smiley

Առաջին բանաստեղությունները նա հրապարակում է Շավասպ Ծիածան, Սիրանուշ Պերպերյան և այլ կեղծանուններով։ Խնդիրն այն էր, որ պատանու գործերը չէին հրապարակում, իսկ այ «Սիրանույշ Պերպերյանի»՝ «նոր գրագիտուհու» գործերը շատ են հավանումsmiley։

Մեծարենցը հասցնում է հրատարակել բանաստեղծությունների երկու փոքրիկ ժողովածու՝ «Ծիածան» և «Նոր տաղեր», երկուսն էլ 1907 թ․, երբ 21 տարեկան էր։ Արևմտահայ գրական գործիչներն այս անգամ ողջունում են Մեծարենցի մուտքը ՝ գրելով, թե մի նոր Դուրյան ունեին, բայց ցավոք չեն իմացել (նկատի ունեն մեր մյուս հանճարեղ պատանուն՝ Պետրոս Դուրյանին, որը նույնպես թոքախտի պատճառով մահացավ 21 տարեկանում, բայց հասցրեց իր մշտական տեղն ունենալ հայ գրականության մեծերի շարքում

 

Մեծարենցն իր գործերը հասկանալու բանալին տալիս է «Ինքնադատության փորձ մը» յուրահատուկ հոդվածում։ Այստեղ բանաստեղծը, իրենից օտարելով իր ստեղծագործությունները, երրորդ դեպքով քննադատում է դրանք՝ նշելով նաև առավելությունները։ Այստեղ նա շեշտում է, որ բանաստեղծը պետք է լինի «բնության ցոլացումը», նրա ձայնը պետք է լինի «տիեզերական հարաբերության լարը», որը զգում է տիեզերքի թրթիռները՝ տերևի շարժումից մինչև մարդու հոգու խորքը։

Մի սիրուն խոստովանություն էլ Մեծարենցն իր նամակներից մեկում է արում՝ նշելով, որ իր ստեղծագործությունները բնության միջոցով Աստծու հետ զրուցելու, հաղորդակցվելու փորձեր են։

Միսաք Մեծարենց, նկարիչ՝ Գ․ Մխիթար

«Աքասիաներու շուքին տակ»

Իսկ հիմա արի Մեծարենցի աչքերով նայենք բնության այն տեսարանին, երբ երեկոյան ծաղկած ակացիաները մեղմ քամուց օրորվում ու հևում են։ Նրանք մի քիչ արբել են ցերեկվա լույսից ու շոգից։ Կողքի շատրվանից ցայտում եմ ծաղկանման կաթիլներ,  և ջրի ավազանի մեջ արտացոլվում ակացիաների լույսն ու արծաթե վարսերը։

Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:

Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ կաթե:

«Ծաղկած ծառեր», նկարիչ՝ Կամիլ Պիսարո 

Այս ամենը իմպրեսիոնիստական կտավ է հիշեցնում։ Նրանք նկարում էին՝ որսալով բնության ակնթարթները։  Կարող էին նույն տեսարանը հարյուր անգամ նկարել ՝ արտացելելով օրվա տարբեր պահերին լույսի ու ստվերի խաղերը։

Բայց Մեծարենցը միայն որպես բնանկարիչ հանդես չի գալիս, նա այստեղ նաև երաժիշտ է։ Այդ երաժշտականությունը ապահովում են մեղմ քամին ու ջրի մեղմ ձայնը․

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե… 

Բանաստեղծական գյուտ է «վճիտ ինչպես լույսե արցունքը մանկան» պատկերը։ Նա ջրի վճիտությունը համեմատում է երեխայի արցունքի մաքրության ու թափանցիկության հետ՝ այդ կաթիլներին հաղորդելով շունչ ու հոգի։

 

Բանաստեղծությունը լսիր այստեղ

Ծաղկած ակացիա

Վայրկյան

Մեծարենցը սիրո մասին շատ նուրբ ու սիրուն բանաստեղծություններ ունի, բայց ո՞վ է դրանց հասցեատերը։  Հաստատ տվյալներ մեզ չեն հասել, բայց իր լավ ընկերոջն ու բժշկուհուն՝ ՕՖելյային հասցեագրված նամակներում այնպիսի քնքշություն կա, որ խոր զգացմունքն ակնհայտ է։

Դու էլ կարդա, նմա՞ն է ուղղակի լավ ընկերոջը գրված նամակի․

«Թղթիկ մը ծրարեմ ըսի․ որովհետև պետք ունեի որ մանիշակագույն տողերուս ընդմեջեն քու պատկերիդ կենսավետ ճառագայթո՜ւմը տեսնեի, չպիտի մոռնամ թե դուն հավատքի մը չափ քաղցր ու ամոքիչ ու կորովի նեցուկ մը եղար իմ գաղափարիս՝ որ կը գահավիժեր հայ աղջիկներու ապագային մասին կազմած հուսահատությանս փոսին մեջ․ դուն ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրա նշուլող ճառագայթ մը»։

Մեծարենցն իր զգացմունքը չի խոստովանել, որովհետև անբուժելի հիվանդ էր և Օֆելյան իր մյուս ընկերոջ ու բժշկի՝ Տիգրան Գասապյանի կինն էր։



 

«Երիտասարդ տղան», նկարիչ՝ Յակոբ վան Լո

 

«Վայրկյան» բանաստեղծությունը նման է նամակներում արտացոլված սպասմանն ու հանդիպման ուրախությանը։ Այն նկարագրում է երջանիկ մի ակնթարթ, երբ ընթերցանությամբ տարված բանաստեղծը սիրած աղջկա ներկայությունը զգում է անորսալի նրբերանգներից՝ բույրից, հագուստի շրշյունից։ Նա այդ հանդիպումից հոգին այնպես է ալեկոծվում, որ  չի զգում, թե գիրքն ինչպես է  ձեռքից ընկնում.  

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.

Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.

Երազներու պերճուհին է ուր կ’անցնի,

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար․․․ 

Սիրելին անցնում է՝ բոցավառելով բանաստեղծի սիրտը, իր հետքերից ասես վարդեր թողնելով, ու նրա գնալուց հետո մենակությունը դառնում է անտանելի։

Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.

Ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.

Ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝

Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

 

Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...

 

Բանաստեղծությունը լսիր այստեղ 

Քննարկում

Երբևէ քեզ հետ եղե՞լ է, որ մի մարդու տեսնելիս կամ մի իրադարձությունից այնքան տպավորվես, որ կորցնես ժամանակի զգացողությունը։ 

 «Սպասվածը», նկարիչ՝  Ֆերդինանդ  Վալդմյուլլեր

«Արևին»

 

«Արևին»-ը կյանքի ու մահվան միջև գտնվող երիտասարդի աղոթք է՝ ուղղված արևին, որը խորհրդանշում է կյանքի էներգիան, ջերմությունը, աստվածային լույսը։

Մեծարենցն այս բանաստեղծության մասին գրել է, որ այն այրող ջերմություն ունի։

Սկսվում է բնության պատկերներով, որոնք արևային տոթ օրվա զգացողություն են առաջացնում, բայց երիտասարդը, ասես հիվանդագին դողի մեջ, ոչ մի կերպ չի ջերմանում ու  կարոտով նետվում է արևի ճառագայթների գիրկը․

 

․․․ թևատարած կըսպասե՜մ.

պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,

ու օրորե՜ ջերմագին․․․

 

Բանաստեղծի հոգին օդ ու լույսի կարոտ թռչնակի նման ազատություն ու կյանք է երազում, բայց բախվում է անտեսանելի արգելքների։ Եվ միակ մխիթարությունը մնում է վերջին անգամ արևի ջերմ հպումը վայելելը.

 

Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…

Հոգիս թռչնիկ մըն է,

Օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,

Բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,

Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա

Կ’իյնա շնչահեղձ:

Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…

 

«Մասիս» թերթի խմբագիր Ենովք Արմենը, այս հոգեցունց բանաստեղծությունը չընկալելով, պարզամտորեն քննադատում է «թող հոգվույս մեջեն անցնին կարգավ//մանուկներն ընդարմացած» տողերի համար՝ գրելով, որ հոգու մեջ մանուկ չի կարող լինել։

 Նրան Մեծարենցը պատասխանում է «Քննադատություն» հոդվածում՝ գրելով, որ խոսքը մանուկ հույսերի ու զգացումների մասին է, որոնք արևի ճառագայթների կարիքն ունեն ուշքի գալու համար։

 

«Արևի հանդիպում․ծով», նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկի

Մեծարենցը արվեստում

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.

Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ․․․

 

 

Գուրգեն Բավեյանի կատարմամբ լսիր «Տուր ինձի, տեր․․․» երգը 

խոսք՝ Միսաք Մեծարենցի,

երաժշտությունը՝ Ռոբերտ Ամիրխանյանի:

«Միսաք Մեծարենցի դիմանկարը», նկարիչ՝ Ջոտտո (Գևորգ Գրիգորյան)

 

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր․․․

 

Ռոբերտ Ամիրխանյանի «Կարմիր ծաղիկ մը գարունի»  երգը՝ երաժշտության հեղինակի և Սյուզան Մարգարյանի կատարմամբ։

Վահագ Ռաշը ևս երաժշտություն է գրել նույն բանաստեղծության համար՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի», կատարում է երգի հեղինակը։

 

Քննարկում

Լսիր երկու երգերը  և հայտնիր կարծիքդ, ո՞ր տարբերակն է ավելի մոտ բանաստեղծության ոգուն։

Միսաք Մեծարենցի դիմանկարը, նկարիչ՝ Սամվել Սևադա

ԵԿՈՒՐ

(Սիրերգ)

Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,

Ըզգալ տո՛ւր ինծի գորովանքն ու հույս.

Պիտի գա մի օր, որ հոգիդ ավաղե

Արագ խուսափումն երազին այս լույս:

Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,

Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,

Մի՛ խամրեցըներ հույզը պաշտումիս:

Թո՛ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,

Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.․․

 

 «Համբույրի մը մեջ» երգը կատարում են Վահագ Ռաշն ու Սոնա Ռուբենյանը։

Երաժշտության հեղինակ՝ Աշոտ Ռուշանյան

Միսաք Մեծարենցի դիմանկարը, նկարիչ՝ Տաճատ Խաչվանքյան

Սիրերգ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,

Հաշիշով օծուն ու բալասանով.

Լուսեղեն ճամբեն ես կ'անցնիմ գինով՝

Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին...։

Համբույրներ կու գան հովեն ու ծովեն,

Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կը ծաղկի,

Այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի՜,

Համբույրներ կու գան հովեն ու ծովեն։

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜,

Շրթունքս են ծարավ միակ համբույրին...։

Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...։

 

«Գիշերն անույշ է․․․», կատարում է Բելլա Դարբինյանը

երաժշտության հեղինակ՝ Հրանտ Գևորգյան

Միսաք Մեծարենցի դիմանկարը, նկարիչ՝ Տաճատ Խաչվանքյան

 

Անշարժ կեցած մեկուսի

Կը հեծեծեմ սգավոր.
«Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:

Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զըվարթությունն անոնց կույս…»:

 

«Անուրջներ», երաժշտությունը և կատարումը՝ Վահագ Ռաշի