Այսօր արդեն պարզ դարձան  նաև Սյունիքի և Արմավիրի մարզպետների՝ երկար սպասված անունները։ Նախորդ 8 մարզպետները նշանակվել էին դեռ հունիսի մեկին, իսկ վերջին երկուսի շուրջ, կարծես թե, կասկածներ կային։ Դեռ սիրո և համերաշխության հեղափոխության ճանապարհին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կարևոր քայլերից մեկը լինելու է նաև նախկին իշխանության ստվերի տակ գտնվող մարզպետներից, մեծ ու փոքր չինովնիկներից ազատվելը։

«Բոլոր մարզպետները պետք է ազատվեն պաշտոնից և նշանակվեն նոր մարզպետներ»։ Արդեն թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը։

Այդպես էլ եղավ։ Փաստացի, ներկայումս ունենք 10 նոր ու ավելի երիտասար մարզպետներ, որոնց հետագա աշխատանքը նախանձելի չէ, քանի որ քաղաքապետների մեծ մասը դեռ նախկին իշխանության երդվյալներն են։
Այսպիսով՝ Կարեն Համբարձումյանն այսուհետ կղեկավարի Սյունիքի մարզը, սակայն վերջինս հայտնի է նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններից։ Համբարձումյանը ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել էր, որպես Սիսիանի քաղաքապետի թեկնածու, սակայն մինչ ընտրությունները ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ ՏԻՄ ընտրություններին Համբարձումյանի հակառակորդն էր ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը, որը դարձավ Սիսիանի քաղաքապետ և մինչև օրս էլ պաշտոնավարում է։ Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը և ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը բառի շեշտակի իմաստով հակառակորդներ էին դարձել քաղաքապետի աթոռին հասնելու համար։ Քանի որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արթուր Սարգսյանն է ստիպել Համբարձումյանին՝ դուրս գալ պայքարից։

Այժմ շատ հետաքրքրական է, թե Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետն ինչպես է պաշտոնավարելու Սյունիքի նորանշանակ մարզպետի հետ։ Այս թեմայով PrimeNews.am-ը Արթուր Սարգսյանից տեղեկանալու համար կապ հաստատեց վերջինիս հետ, սակայն քաղաքապետը, լսելով, որ իրեն զանգողը լրագրող է, անմիջապես անջատեց հեռախոսն ու դադարեց հասանելի լինել։

Արմինե Միքայելյան