Առողջական խնդիրներ ունեցող երեխայի ծնողները, եթե հավատան Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ինտերնետում տեղադրած ինֆորմացիային, ապա ոչ միայն մեծ հիասթափություն կապրեն, այլև չեն հասկանա՝ ծիծաղան, թե լան:

Սույն կենտրոնն ինքն իր մասին գրում է. «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ բժշկական կենտրոնը Երևանի խոշորագույն բուժմիավորումներից է և ցուցաբերում է բարձրորակ բժշկական օգնություն ո′չ միայն մայրաքաղաքի, այլև ողջ երկրի բնակչությանը…..Վերջինիս նպատակն է բնակչությանը մատչելի դարձնել բժշկական ծառայությունները»: Այնուհետև շարունակում է, որ բժշկական ոլորտում նշանակալից,(թե ինչու նշանակալից, չգիտենք, հեղ.) նվաճումների համար 2008թ. նոյեմբերին ստացել են Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի «ՄԵՐԿՈԻՐԻ» մրցանակը:

Թե այդ մրցանակն ինչի համար և ինչու է ստացել ուղիղ տասը տարի առաջ տվյալ կազմակերպությունը, այդքան էլ հասկանալի չէ, բայց անզեն աչքով այդ գորշ, անբարեհամբույր, կիսախարխուլ, գնչուի բնավորությամբ որոշ աշխատակիցներով հիմնարկին երևի թե մեկ այլ մրցանակային՝ դիսլայք ոճի անվանակարգ է պետք շնորհել:

Հիվանդանոցի պալատները ոչ միայն զուրկ են տարրական սանիտարահիգիենիկ հարմարություններից, այլև բացակայում է տաք ջուրը, պալատները անհրապույր լինելուց բացի, ուղղակի հեղձուցիչ են և վատ կահավորված: Սենյակներ կան, որտեղ ուղղակի բացակայում է կողպեքը և երեխաների մայրերը ստիպված իրենց պայուսակներն անընդհատ իրենց հետ են տանում՝ հերոսաբար պաշտպանելով սեփական պայուսակի անվտանգությունը: Աշխատակազմի մասին խոսել, նշանակում է խոսել վերակացուների մասին:

Իհարկե կան նաև ծնողի դրության մեջ մտնող, բարեհամբույր բժիշկներ և բուժաշխատողներ, բայց հիմնականում բոլոր հարկերում հանդիպում ենք մունաթի դասընթացները գերազանց հանձնած բուժքույրերի և 300 դրամ ուզող սանիտարկաների, ովքեր գումարի պահանջը բացատրում են ինչ-որ մուծում անելու անհրաժեշտությամբ: Շատ լավ է, որ բուժկենտրոնն իր մասին գրում է, որ կենտրոնի խնդիրն է բավարարել բնակչության առողջապահական կարիքները, բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում լինել առաջատար` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետների պատրաստման գործին, սակայն միայն գրելով չի:

Այն հաստատությունում, որտեղ ողջ հարկում միայն մեկ պալատում կա ցնցուղ ընդունելու հնարավորություն, առանց միկրոալիքային վառարանի խոհանոց և ոչ պայծառ մթնոլորտ, երբեք հնարավոր չէ հասնել իրենց պատկերացրածին: Սա մեծ քար է նաև բժշկական տուրիզմով զբաղվելու երազանքի ճանապարհին: Եկել է քարերը հավաքելու ժամանակը: