ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով Iravunk.com-ի լրագրողի հարցին` կապված Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցող վերջին զարգացումների եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահընկեցության հարցի մասին, հայտարարել է, որ պետությունը եւ եկեղեցին գործում են անջատ եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին։ «Կարծում եմ՝ պետությունը եւ եկեղեցին անջատ են, եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»,- մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը այդպիսով փաստորեն վերջակետ դնելով այն պնդումներին, որոնք հնչում էին Գարեգին Բ-ի դեմ հանդես եկող հոգեւորական եւ աշխարհական անձանց կողմից կապված այն հարցի հետ, որ պետք է կաթողիկոսին հրաժարեցնելու պահանջով դիմեն Հայաստանի վարչապետին։

Մինչ այս, "Նոր Հայաստան, Նոր Հայրապետ" նախաձեռնության համակարգողները երեկ հանդիպել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ եւ ներկայացրել հրաժարականի պահանջն ու իրենց մտահոգող հարցերը։ Հանդիպումից հետո Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես էին եկել կարճ ասուլիսներով, որտեղ ներկայացրել էին տեղի ունեցած հանդիպումները։ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը մասնավորապես ասել էր, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, առ այն, որ Եկեղեցում կան խնդիրներ։ Սակայն նրան չափազանց տարօրինակ էր թվացել այն, որ կաթողիկոսի հրաժարականը համարվում է ցուցարարների կողմից բոլոր խնդիրների լուծման միակ ուղին։ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ նկատել էր, որ կաթողիկոսը հասարակությունից մեկուսացված մեկը չէ այն էլ հիմիկվա դարում եւ տեցյակ է խնդիրներից, իսկ եթե զգա, որ ռեյտինգի հետ խնդիրներ ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի։

Ասուլիսով էին հանդես եկել երեկ նաեւ "Նոր Հայաստան, Նոր Հայրապետ" նախաձեռնության համակարգողները։ Ասուլիսի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություն էր հնչել Հայր Կորյուն Առաքելյանի կողմից, ով հայտարարել էր մասնավորապես, որ Գարեգին Բ-ն փողով ընտրված մեկն է, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանն է նրան դարձրել կաթողիկոս ըստ երեւույթին կաշառքի դիմաց, եւ հոկտեմբերի 27-ը եղավ որպես Աստծո պատիժ ուղղված Վազգեն Սարգսյանին։

Ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարվեց, որ ամեն օր 18,30-ին հավաքներ եւ խաչերթներ են տեղի ունենալու մինչեւ որ կաթողիկոսը հրաժարական չներկայացնի։ Արդեն ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ շարժման համակիրներից մեկը, որ ժամանել էր Մոսկվայից նստել է ժամանակավոր հացադուլի, 1 շաբաթից մինչեւ 10 օր ժամկետով, իսկ եթե Գարեգին Բ-ն հրաժարական չտա, ապա հացադուլը կարող է դառնալ նաեւ անժամկետ։

Իհարկե այս ամենը շատ մտահոգիչ է, հատկապես, որ արդեն այսօր Հայաստանում տեղի ունեցող եկեղեցական խնդիրների հետ կապվող ակցիաները արդեն հայտնվել էին ադրբեջանական լրատվական կայքերում եւ բավականին լայն կերպով քննարկվում են։ Նշենք նաեւ, որ Վազգեն Սարգսյանի մասով հնչեցված մեղադրանքներին Սարգսյանների ընտանիքը մինչ այժմ չի արձագանքել։ Այդ մեղադրանքների հետ կապված արձագանք չի եղել նաեւ իրենց Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողները համարող երկրապահից։

Սամվել Մելիքյան