«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։

Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց, թե ով է գնորդը։ Ասաց, որ դեռ վաճառքի գործարքն ընթացքի մեջ է եւ առաջիկա շաբաթներին նոր կավարտվի։ Իսկ ո՞րն է հիվանդանոցը վաճառելու պատճառը, արդյոք վնասո՞վ էր աշխատում։ «Իհարկե, ոչ, վնասով աշխատող հիվանդանոցն ո՞վ կգներ։ Ժամանակակից առողջապահության պահանջներին բավարարող կլինիկա ունենալու համար հարկավոր է մեծ ներդրումներ անել, որի հնարավորությունները եղբայրս չունի»։

 Հարցրեցինք՝ իսկ քաղաքական իրավիճակի փոփոխություններով չէ՞ պայմանավորված վաճառքը, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխանության որոշ հովանավորյալներ էլ են վաճառքի հանել իրենց ունեցվածքը՝ մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները կբացահայտեն անօրինական գործունեությունը եւ կունեզրկեն նրանց։ Հարությունյանն ասաց, որ վաճառքի գործընթացն սկսվել է դեռեւս անցած տարվա դեկտեմբերի վերջին, իսկ ձգվում է, քանի որ «եւ՛ գնորդները, եւ՛ օտարողը պետք է գույքային պարտավորություններ հստակեցնեն»։

Մեր տեղեկություններով, գնորդը գավառեցի երկու եղբայրներ են, որոնք Ղազախստանում բիզնեսներ ունեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում