ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը վերջերս մի շարք բառեր էր թարգմանել, կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ տառադարձել։ Դրանց շարքում էր նաև Facebook-ը, որ տեսչությունը թարգմանել էր  դիմատետր։ Բնականաբար, սա բավականին քննարկվեց հենց ամենաշատը «դիմատետրում», իսկ շատերն էլ պարզապես սկսեցին ծաղրել տեսչության գործունեությունը։

PrimeNews.am-ը լեզվի պետական տեսչությունից հետաքրքրվեց, թե արդյոք կան թարգմանության այդ դժվարին շեմը հաղթահարած այլ բառեր ևս, որոնք կկարողանան մեզ տրամադրել, սակայն դեռ չկային։ Այնուամենայնիվ մեզ վստահեցրին, որ լինելու դեպքում կտեղեկացնեն։ Տեսչությունից պարզաբանեցին նաև իրենց կողմից թարգմանված «դիմատետրի» մասին։ Մեզ հետ զրույցում ասացին, որ տվյալ բառը պարզապես դրել են շրջանառության մեջ և դեռ չկա բառարաններում։ «Եթե հանրությունն սկսի օգտագործել դիմատետրը Facebook-ի փոխարեն, և այն սկսի շրջանառվել, մենք կդիմենք հայերենի բարձրագույն խորհուրդ դա քննարկելու համար, քանի որ այնտեղ ավելի լուրջ մարդիկ են աշխատում։ Իսկ եթե խորհուրդը հարմար գտնի, ապա բառը կանոնավոր կերպով կլինի և բառարաններում և շրջանառության մեջ»,- այսպես պատասխանեցին ՀՀ լեզվի պետական (այսուհետ նաև ժողովրդական) տեսչությունից։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Լատինատառերի դեմ պայքարող լեզվի տեսչությունը համակարգչային տարբերակով շատ գրագետ և պարզ հասանելիություն է ապահովում օգտատերերին, իսկ ահա բջջային տարբերակով մեծամասնությունը ոչ թե հայերեն է, այլ ավելին՝ անգլերեն։

 Արմինե Միքայելյան