ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձի ինքնությունը։

«Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ՝ ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բանալիով բացել է քաղաքացուհուն պատկանող՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկի դուռը և հափշտակել ընդհանուր 25.550.000 ՀՀ դրամի արժողության ոսկյա զարդեր, չհրկիզվող պահարան, հագուստ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի մարդ բազմաթիվ իրերով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։