Մեր խմբագրություն է դիմել մտահոգ քաղաքացի, Հայստանը երբեք չլքելու երդվյալ հաստատակամությամբ Գեղամ Կարապետյանը: Նա խնդրել է իր մտահոգությունները փոխանցել ընթերցողին: Հարգելով մեր ընթերցողի խոսքի ազատուըթյան, մեզ հետ բանավիճելու և առողջ քննարկումների իրավունքը՝ տեղադրում ենք պարոն Կարապետյանի նյութն առանց միջամտության: Միևնույն ժամանակ նշում ենք, որ խմբագրությունը շարադրանքի ոչ բոլոր հատվածների հետ է համակարծիք:
 
Հայաստանում դատական համակարգի անկախության մասին պատկերացումները միֆ են: Ու եթե ոմանք ոգեւորվում են, որ այսօր քաղաքական ենթատեքստ ունեցող մի շարք գործերով անցնող ամբաստանյալների նկատմամբ այլ խափանման միջոց է ընտրվում կամ երաշխավորագրով են ազատում, ես տխրում եմ: Տխրում եմ, որովհետեւ դա ցույց է տալիս, որ ոչինչ էլ չի փոխվել, պարզապես եթե նախկինում դատական համակարգը անուղղակի ենթարկվում էր Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, ապա հիմա՝ Նիկոլ Փաշինյանին եւ ԵԼՔ-ին:
 
Դժվար է տեղավորել ուղեղում այն, թե ինչպես մի ամբողջ իրավապահ համակարգ տարիներով գործը քննել, մեղադրանք է առաջադրել, որոշ դեպքերում խիստ պատիժ է նախատեսել կամ պատրաստվում է նախատեսել, իսկ հիմա գրչի մի հարվածով ազատ է արձակում իր իսկ պատկերացրած այդ վտանգավոր հանցագործին: Ինչպես կարող է քաղաքական գործչի, պաշտոնյայի երաշխավորությամբ ազատվել հանցանք կատարելու մեջ մեղադրվողին: Կամ եթե խիստ վստահում եք երաշխավորագրեր ներկայացնող մարդկանց, ապա, կներեք, պարոնայք, ինչու նրանց երաշխավորագրով չէիք ազատում այդ մարդկանց մի տարի առաջ:
 
Նախ, մի կողմից՝ ԵԼՔ-ականները մի տարի առաջ նման երաշխավորագիր չէին ներկայացնի, քանի որ գիտեին, որ դա չէր բավարարվի, իսկ այժմ, երբ Փաշինյանը վարչապետ է, նրանք աջ ու ձախ երաշխավորագրեր են ներկայացնում: Բա ո՞ւր է անկախ դատական համակարգը:
 
Իմ համոզմամբ՝ քաղաքական ենթատեքստ ունեցող մի շարք գործերով անցնող անձանց նկատմամբ շատ խիստ պատիժներ են ընտրվել, բացարձակ անթույլատրելի է Գեւորգ Սաֆարյանի մինչեւ այժմ անազատության մեջ գտնվելը, նույնը Շանթի եւ ընկերների, Սեֆիլյանի մասով, Սասնա ծռերի պարագան այլ է, այնտեղ սպանություն է եղել, սակայն Գառնիկ Մարգարյանի, Վահան Շիրխանյանի եւ մյուս անձանց խափանման միջոցները փոխելուն միանշանակ կողմ ենք՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տարիքը, գործի բնույթը, ապացույցների ոչ բավարար լինելը:
 
Բայց միայն խափանման միջոց փոխելով հարցը չպետք է լուծվի, արդար դատաստան պետք է լինի, ծայրից ծայր պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր ոչ այնքան էլ հիմնավոր ապացույցներով գործեր են սարքել, մարդկանց տարիներ ի վեր պահել կալանքի տակ, որեւէ հանգամանք հաշվի չառնելով ընտրել են կալանքը որպես խափանման միջոց: Այ դա կլինի արդար դատաստան եւ թավշյա հեղափոխություն դատական համակարգում: Այլապես օրվա իշխանության քամու ուղղությամբ որոշումներ կայացնողները ոչ արդար են, ոչ դատավոր:
 
Հարգանքներով՝ Գեղամ Կարապետյան