Արդեն մեկ օր է անցել, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կայքերից մեկին հարցազրույց է տվել՝ անպատվելով դատական համակարգը: Խոսելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող դատական թեմաների և ազատազրկվածներին ազատություն տալու քաղաքացիական մոտեցումների մասին՝ նա տառացիորեն ասել է հետևյալը. «…Մեզ մոտ դատարանում երեք պոռնիկ կա՝ դատավոր, դատախազ և քննիչ։ Այդ երեք պոռնիկին չենք կարողանում ասել՝ դու պոռնիկ ես, ասում ենք՝ Նիկոլը թող ասի։ Բայց եթե Նիկոլն ասի՝ ինքը հայհոյում է, եթե ժողովուրդն է ասում՝ որակավորում է տալիս։ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը մենակ չեն արել այդ ամենը, պոռնիկների բանակ կա։ Բոլոր նրանք, ովքեր գոռում են, որ Նիկոլը գա փոխի, բա դու ինչո՞վ զբաղվես, քոնը մենակ ճվճվո՞ցն է Նիկոլի նկատմամբ»։ Այս հարցազրույցից հետո ո՛չ դատախազության, ո՛չ դատական դեպարտամենտի և ո՛չ էլ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունները համապատասխան արձագանքով կամ որևէ տեսակ արձագանքով հանդես չեն եկել:

Զարմանալին այն է, որ այդ կառույցների լրատվականները հիմնականում դարձել են իրեն կառույցի ղեկավարների անձի շուրջ ծավալվող քննարկումների և մամուլի հրապարակումների արագ արձագանքողը: Այս հարցում հատկապես պետք է մեղադրել կառույցների ղեկավարներին, որոնց թվում է, որ պետական աշխատավարձ ստացող աշխատակազմն իրենց սեփականությունն է և պետք է կենտրոնացնել միայն սեփական անձի շուրջ: Օրինակ, եթե ոչ վաղ անցյալում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին ընդհանրապես չէր հետաքրքրում կամ չէր հասկանում, որ հետաքրքրեր սեփական անձի շուրջ մամուլի հրապարակումներին արձագանքելու կարևորությունը և մեղմ ասած այդ կառույցի լրատվական ծառայությունն անգործության էր մատնված, ապա Գագիկ Հարությունյանի օրոք մարդիկ սկսել են արթնանալ և արագ արձագանքել ԲԴԽ-ի նախագահին վերաբերող հրապարակումներին հիմնականում:

Այստեղ նաև մեկ պատճառ կարող է լինել, որ վերոնշյալ հիմնարկների մամուլի ծառայությունները չեն տեսել այս նյութը, իսկ դա էլ բնականաբար խոսում է վատ աշխատելու, մոնիթորինգ չանելու մասին: Ինչ վերաբերում է երրորդ տարբերակին, որ տեսել և մտածել են, որ բացի իրենցից այլ մարդ չի տեսնի և չարժե զեկուցել ղեկավարությանը, փաստորեն սխալվում են: Փաստն այն է, որ հրապարակային հայհոյել են ողջ համակարգը ու ձայն բարբառո յանապատի...

Աստղիկ Մարգարյան