Մեր տեղեկություններով՝ վաղը կառավարության որոշմամբ պաշտոնից կազատվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա մարզպետներից թերևս միակն էր, որը որոշել էր մինչև վերջ մնալ իր պաշտոնում, ազատման դիմում չգրել։ Պատճառն էլ հստակ էր․ մարզպետն ու իր թիմը «անհամբեր սպասում» էին, թե կառավարությունը իր հրաժարականի պահանջը ներկայացնող ինչ հիմքեր պետք է ներկայացնի։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Թե ինչ հիմքով է կառավարությունը կայացնելու այդ որոշումը, մարզպետարանի մեր աղբյուրը տեղյակ չէր․ «Վաղը կգա, կիմանանք»։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց 2016 թվականին, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց Սուրկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու՝ կառավարության որոշումը։ 2 տարվա ընթացքում Վահե Հակոբյանը հասցրեց մամուլում դառնալ ամենաքննարկվող մարզպետներից մեկը՝ անձնական ուղղաթիռի մասին լուրերից մինչև լուրջ կարողություններ, մարզում կինոթատրոն բացելուց մինչև բրենդային խանութների մուտքը Սյունիքի մարզ։

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը տրվելու է ԲՀԿ-ականներին։ Իսկ թե ով է ամենից հավանական թեկնածուն, դեռ հստակ չէ։ Սակայն մամուլում մի քանի անուն է հոլովվում այս պաշտոնի շուրջ․ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան, ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյան,  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ, Սասնա ծռերի գործը քննելու ընթացքում առողջական խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրած Արթուր Օհանյան: Ի դեպ, վերջինս կապանցի է, աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու, ապա քննիչ, դատախազի օգնական, դատավոր եւ այլն: 

Լեւոն Բակունց