Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դժվար իրավիճակ է ստեղծված: Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռի հրապարակման օրը դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը: Հաջորդ նիստը նշանակված է հունիսի13-ին:

Դատավորը դժվար կացության առաջ է հայտնվել, այդ իսկ պատճառով անընդհատ ձգձգում է հանգուցալուծումը: Բանն այն է, որ Բալայանը ցանկանում է ամեն կերպ արդարացնել Շուշանիկ Բախշյանին, քանի որ մեջտեղ փեսա կա: Բախշյանի գործով շահագրգիռ է ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը, ով, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ամեն կերպ փորձում է միջամտել ընթացքին:

Սակայն մյուս կողմում էլ դատախազությունն է, ով երկու ոտքը դրել է մի կոշիկում եւ չի զիջում, մեղադրանքի այնքան ուժեղ հիմքեր է ներկայացրել, որ դատավորը որեւէ կերպ չի կարողանում արդարացնել, այդ պատճառով էլ ժամանակ է շահում:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը ու նրա նորածինը մահացել են 2015-ին: Գործով մեղադրվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Ըստ մեղադրանքի՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացվել են ոչ պատշաճ, որն -անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը: 

Բժիշկները չեն կալանավորվել: Մեղադրող կողմը Շուշանիկ Բախշյանի համար պահանջել է 3.5, իսկ Անի Բաբելյանի համար 2.5 տարվա ազատազրկում: