ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հարցազրույցէտվել «Շանթ» ՀԸ-ին, որտեղ անդրադարձել է Սամվել Բաբայանի խափանման միջոցի փոփոխության հարցին, նշելով, որ սույն գործով կա երեք վճռաբեկ բողոք, որոնք երեքն էլ ընդունվել են վարույթ, սակայն խափանման միջոցի փոփոխության մասով փոփոխություն չի արվել ինչի մասին իրազեկվել է ոչ միայն դատավարության մասնակիցներին, այլ նաեւ լրագրողներին: Սույն գործով հաջորդ դատական նիստը ըստ ՎԴ Քրեական պալատի նախագահի նախատեսվում է մինչեւ այս տարվա հունիսի վերջը:  Բանախոսն անդրադարձել է նաեւ դատարանների անկախության խնդրին, որը լայն քննարկման հարց է դարձել վերջին շրջանում: Սերժիկ Ավետիսյանը նշել է, որ ինքը դատական համակարգում է 2001 թվականից դատական համակարգում է և մինչ օրս երբևէ իրեն որևէ զանգ չի եղել Բաղրամյան 26-ից: Վստահաբար պնդում է նաև, որ նման երևույթներ քրեական պալատում չեն եղել և չկան: ՎԴ Քրեական պալատի նախագահի հայտարարությունները լայն արձագանքի են արժանացել սոցցանցերում: Գործող մի շարք փաստաբաններ իրենց մեկնաբանություններն են հրապարակել այդ հայտարարությունների առնչությամբ: Փաստաբան Երեմ Սարգսյանն, օրինակ գրում է, որ «լրիվ ՀՀԿ ստիլն է. բոլորը տեսնում են իրականությունը, սակայն իրենք նայելով բոլորի աչքերի մեջ, բացահայտորեն հակառակն են պնդում:

Պարոն Սերժիկ Ավետիսյան, Բաղրամյան 26-ը դեռ մի կողմ թողնենք, բնականաբար Ձեր պաշտոնապես արված հայտարարությունը ոչ մեկի մոտ հավատ չի ներշնչում, քանի որ բացահայտ իրականությունը բոլորը գիտեն, այդ թվում` Դուք: Ախր քրեական պալատն իր նախկին նախագահով և Վճռաբեկ դատարանի նախագահով հանդերձ ահ ու սարսափ էր ապրում ոչ միայն Բաղրամյան 26-ից, այլև այն ժամանակվա Երևան քաղաքի դատախազ, հետագայում նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչիկ Բադալյանից: Երևի հիմա էլ, որ այդ անունը լսում եք, իսկույն զգոնանում եք: Հրաչիկ Բադալյանը յուրաքանչյուր գործի ելք ի զորու էր լուծել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում: Ավելին, նույնիսկ արդեն իսկ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը մերժվում էր ծիծաղելի և բացարձակ անհիմն պատճառաբանություններով միայն այն բանի համար, որ Հրաչիկ Բադալյանը զանգել և նման պահանջ էր ներկայացրել: Անհրաժեշտության դեպքում վարույթ ընդունելու և հետագայում այն մերժելու վերաբերյալ որոշումները կներկայացնեմ, ինքներդ կգնահատեք մերժման պատճառաբանությունների ակնհայտ անհիմն և անօրինական լինելը: Բնականաբար, էլի կարող եք պաշտոնապես հայտարարել, որ նման երևույթներ չեն եղել, սակայն այդպիսի փաստերը բազմաթիվ են»: Ոչ պակաս սուր քննադատության է Սերժիկ Ավետիսյանին ենթարկում փաստաբան Լուսինե Սահակյանը: Անդրադանալով, նրա կողմից հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն մտքին, թե Սամվել Բաբայանի գործով խափանման միջոցի փոփոխության հարցին անդրադարձ կարվի երբ ակտ կայացվի, Լուսինե Սահակյանն արձագանքում է. « Մեկը չկա ասի այ ընկեր, ախր դատական ակտը, որը դեռ չի կայացվել և դեռ իբր պետք է կայացվի քրեական պալատի կողմից, դու արդեն կայացրեցիր պրծար, որովհետև միայն որոշակի դեպքում է, որ վճռաբեկ դատարանը կանդրադառնա խափանման միջոցների հարցին: Օրինական ուժի մեջ չմտած, վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող գործով արդեն դատական ակտ է «կայացնում», բայց Նիկոլ Փաշինյանի օրինական ուժի մեջ մտած գործից չի ցանկանում խոսել քանի որ, ըստ իրեն,. «Նախ ընդունված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին, որպեսզի դատավորը խոսի և առավելևս վարույթում գտնվող գործերի: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել, որ այդ գործով ես կայացրել եմ նաև մասամբ արդարացման դատական ակտ....Ուղակի խնդրում եմ ճիշտ հասկացեք, դա նաև դատավորի էթիկայի կանոններից և գործող օրենսդրության շրջանակներից էլ դուրս կլինի, եթե ցանկացած գործով դատավորը փորձի մեկնաբանել իր իսկ կողմից կայացված դատական ակտը»: Հասկանալի բան է, միամտաբար ընդունելով, որ այդ դատական ակտը ինքն է կայացրել/փաստաբանները գիտեն, որ պրակտիկայում, հիմնականում, հենց նախագահող դատավորներն են դատական ակտ կայացնողները, մյուս երկուսը զբաղված են լինում իրենց նախագահությամբ գործերով/, հասարակությանը չի կարող բացատրել, թե ինչու է պատվեր կատարել և  Նիկոլ Փաշինյանին զրկել ազատությունից, բայց և չի ուզում հրաժարվել Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու մտքից և այստեղ այնտեղ հարցազրույցներ է տալիս»: