Հետաքրքրության համար փորձեք

Կամաց-կամաց գալիս է Հայաստանի ազգայինի կինոնկենտրոնում ընթացող զարգացումներն իմի բերելու, ամփոփ խոսքով այդ միտումները ներկայացնելու ժամանակը, որը ցավալիորեն այդպես էլ չի հավակնում լինել խոսք կինոկենտրոնի, առավել ևս խոսք կինոյի զարգացման հեռանկարի մասին, քանզի կառույցի գլխին Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի ձեռամբ հայտնված տնօրենի հավերժական ժ/պ Շուշանիկ Միրզախանյանը կինոյի մասին իր տնայնագործական պատկերացումներով, կինոմիությունից ու ԿԳՄՍ նախարարությունից լավ էլ հայտնի որոշների շահերի սպասարկումով տենդորեն փորձում է հասնել մի բանի, որի նպատակն իրականում կինոյի ոլորտում ֆինանսական միջոցները մեկտեղելն է, օբշյակի կասսա սարքելը, այդ ֆինանսներն իր, իր ներկայացրած խմբի շահերի հայեցողությամբ տնօրինելը։

Ասվածը հարկավ կարելի կլիներ որոշակի թերահավատությամբ ընդունել, եթե սույն տիկնոջ կողմից կառույցի կառավարման այս երեք տարում գեթ մեկ ֆիլմ ստեղծված լիներ, որն իրենից քիչ թե շատ գեղարվեստի արժեք ներկայացրած լիներ (ինչ-որ բան գտնելու, ինչ-որ վերնագիր հիշելու ակնկալիքով խնդրո առնչությամբ հետաքրքրության համար ինքներդ փորձեք փոքրիկ հարցախույզ կազմակերպել), մինչդեռ այս նույն տարիների ընթացքում երկիրը կինոյին սնել է 2,5 միլիարդի չափով՝ փաստացի ստանալով զրոյական հատույց։

Ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական, այլև գաղափարական, գեղագիտական։

Հարկավ Շ․ Միրզախանյանի համար շատ ավելի երաշխավորված խաղաղ կյանք կլիներ ոլորտը սպասարկող նախարարության քար անտարբերության պայմաններում հանգիստ իր քայքայիչ գործունեությունն իրականացնելը, եթե կառույցում չլինեին գործերի վիճակից տագնապի կոչնակ հնչեցնողներ, ովքեր սակայն տեսնելով, որ հիմնարկի ներսում սթափության կոչերը մնում են անարձագանք, սկսեցին օգտագործել ավելի լայն հարթակներ՝ իրավապահ մարմիններից զատ դիմելով նաև զանգվածային լրատվամիջոցների օգնությանը։

Բնականաբար Շ․ Միրզախանյանի պատասխան քայլն իրեն չուշացրեց։ Որպես զենք ընդունվեց կառույցում իբր թե կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը և դրա միջոցով տիկինն անցավ իր ավերիչ գործունեությունը չհանդուրժող մարդկանց հաշվեհարդարը տեսնելուն, որն արտահայտվեց նրանց հաստիքների կրճատմամբ։ Թե այս ընթացքում ի՛նչ ապօրինություններ են գործվել սույն տիկնոջ կողմից, որոնցից մի քանիսի դրվագով ներկայումս քննություն է ընթանում քննչական կոմիտեում, թողնենք մի կողմ, դառնանք ընդդիմացած, այսպես ասած, զանգվածի հետ տնօրենի ժ/պ-ի հետ պայքարի վերջին զարգացումներին։

Հարկադրական լիկբեզ

Մեր առաջին նամակի պատասխանը չստանալով՝ մենք՝ կինոկենտրոնի յոթ աշխատակիցներս, տնօրենի ժ/պ-ի հիշողությունը թարմացնելու, անելիքը հիշեցնելու համար ս/թ ապրիլի 21 թվագրությամբ երկրորդ նամակն ուղղեցինք նրան՝ պահանջելով հաշվի առնել երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակն ու գործել ողջամտության սահմաններում և, մինչև իրավիճակի կանոնավորումը, առկախել մեր աշխատանքային պայմանագրերի լուծումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը։

Փոխանակ հավաքվելու, իրեն կարգի հրավիրելու և սեղմելու օրինական դաշտ վերադառնալու առաջարկով իրեն մեկնված ձեռքը՝ ողջամտության հետ լուրջ խնդիրներ ունեցող տնօրենի ժ/պ-ն կառույցի իրավաբանից իր անձնական փաստաբանի վերածված Ա․ Կոստանդյանի միջոցով ու օժանդակությամբ որպես սկիզբ, նախ, փորձում է մեզ համար իրավական գիտելիքների դասընթացներ կազմակերպել՝ ոլորտից իրենց ունեցած «իմացությունը» ներկայացնելով մեզ հասցեագրված նամակի առաջին կետում, որը, եթե շատ մեղմ արտահայտվելու լինենք, նման է բացառիկ «իմացության» ծակ մաղով վրա քշելու (քանի որ նամակը նկարի տեսքով զետեղված է նյութում և ամեն ինչ հստակ ընթեռնելի է, միանգամից անցնենք մեր պատասխանին)։

Հարկադրված դիմելով լիկբեզի՝ սույն տանդեմի համար ստիված ենք տալ ֆորս-մաժոր արտահայտության բացատրությունը՝ միանգամից երկու աղբյուրի հղում անելով։ Այսպես՝ համաձայն Քաղաքական համառոտ բառարանի, ֆորս-մաժորը անհաղթահարելի ուժն է, արտակարգ դրությունը․․․, իսկ ըստ վիկիպեդիայի փոխանցած տեղեկատվության, ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ, հայերենում, համանմանությամբ, գործածվելով «անհաղթահարելի ուժ» եզրույթով «Այդպիսի անհաղթահարելի հանգամանքներ կարող են լինել, օրինակ` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը․․․»։

Ինչպես տեսնում եք, մեզ հասցեագրված նամակի արդեն իսկ առաջին կետով Շ․ Միրզախանյան-Ա․ Կոստանդյան զույգի գիտելիքները դժվարությամբ են ձգում անգամ անբավարար գնահատականի, սակայն ստիպված ենք բավարվել դրանով, որովհետև դրանից ներքև ոնց որ թե գնահատման այլ նիշ, բնութագրական չկա, թեպետ․․․ լավ չխորանանք ու չգնանք հասնենք չեխովյան հայտնի պատմվածքի հայտնի հերոսներ։

Ծակ մաղով շարունակվող գրոհը

Ոչ պակաս ուշագրավ է մեզ հասցեագրված նամակի երկրորդ կետը։ Այո, դուետը միանգամայն ճիշտ է, որ մեր աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցումը մեզ տրամադրվել է մինչև երկրում արտակարգ դրություն հայտարարելը, սակայն մոռանում է մի շատ կարևոր բան, որը փորձենք հասցնել նրանց ուղեղի ծալքերին։ Նոր աշխատատեղ որոնելու համար ծանուցագրով մեզ տրված է երկամսյա ժամկետ՝ մինչև ապրիլի 30-ը։ Նկատենք, որ եթե օրենքը նման դեպքի համար նախատեսած չլիներ այդքան ժամանակահատված՝ երկամսյա ժամկետ, Շ․ Միրզախանյանը մեզ հետ պայմանագիրը կլուծեր ծանուցում տալու պահին իսկ։ Ասել է թե այդպես չվարվելու հարցում այս դրվագով գործել է օրենքի զսպաշապիկը, որը նրա առնչությամբ դեռ շատ կիրառումներ է ունենալու, սակայն չշեղվենք նյութից։

Ի՞նչ է եղել այս ընթացքում, որ այս դուետը թեպետ փաստում է, սակայն այդպես էլ չի կարողանում հասկանալ։

Եղել է ա՛յն, որ նոր աշխատատեղ որոնելու համար օրենքի կողմից իմպերատիվի ուժով տրված երկամսյա ժամկետն ընդհատվել է ֆորսմաժորային իրավիճակով, ինչի թելադրմամբ էլ ՀՀ կառավարությունը գնացել է երկրում արտակարգ դրության հայտարարման՝ հնարավորինս սահմանափակելով գործելու իրավունք ունեցող հիմնարկների շարքը՝ երկրի բնակչությունից պարտադրանքի ուժով պահանջելով ինքնամեկուսանալ, տներից դուրս գալ միայն ծայր անհրաժեշտության դեպքում։

Զավեշտալի երկրորդ դուետը

Սույնով՝ մարտի 16-հրամանով, ասել է թե ամբողջ 45 օրով կրճատվել է մեր կողմից նոր աշխատատեղ որոնելու համար օրենքի սահմանած երկամսյա ժամկետը, ինչի մասին էլ մեր գրություններով տնօրենի ժ/պ-ին ողջամիտ գործելու կոչ ենք արել՝ առկախել մեր աշխատանքային պայմանագրերի լուծումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ մարտի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը։

Սակայն կինոկենտրոնի սույն գրությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու կինոկենտրոնի գործակցության զավեշտալի պատկեր է վեր հանում, որն անցնում է ամեն սահման։ Մամուլով հրապարակված, նախարարին տրված՝ ներկա պահին «որքանո՞վ է նպատակահարկար ՊՈԱԿ-ներում իրականացվող կրճատումները, երբ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին բոլորի խնդիրը համավարակի դեմ պայքարն է, որի արդյունքում բոլորը, այդ թվում և նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԿ-ների աշխատակիցները, պարապուրդի են մատնված, չե՞ք կարծում, որ այս պահին կրճատումների հետևանքով շատերը կմնան գործազուրկ, քանի որ պարապուրդի շրջանում չեն կարողանա աշխատանք գտնել», ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը պատասխանում է «․․․կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկա ժամանակահատվածում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման գործընթաց չկա»։

Չէ, իսկապես զավեշտ է, չէ՞։ Փաստորեն նախարարության քթի տակ կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շ Միրզախանյանը ինքնագործունեությամբ է զբաղված, իսկ նախարարությունը քնած է ուղտի ականջում ու սա չնայած նրան, որ լրատվության տարածման հնարավոր բոլոր միջոցներով այս ամենի մասին խոսվում է Աստծո գրեթե ամեն օր։ Սրա կողքին մենք արդեն ավելորդ էլ ենք համարում նշել, որ հաստիքացուցակները որպես կանոն, վերանայվում են ամեն տարվա ավարտին՝ նախորդ տարվան ընդառաջ, իսկ փետրվար-մարտ ամիսը, ինչպես դիպուկ նկատել է լրագրողը, տարվա ոչ վերջին, որ էլ առաջին ամիսն է։ Էլի բաներ կա ավելացնելու, սակայն առանձնապես շատ չծանրաբեռնենք մեր հերոսների համեստ կարողություններն ու ասվածը ընկալել կարողանալու, մարսելու նրանց հնարավորությունները։

Իրավունք ունե՞նք ասելու

Այսքանից հետո մենք իրավո՞ւնք ունենք ասելու, որ Շ Միրզախանյանը բացարձակապես արհամարհում է իր վերադասի անուղղակի, սակայն պարզ ցուցումը (երևի թե ցուցում տալու համար պիտի ռիսկ ունենալ ու ակներևաբար կաշկանդված չլինել ինչ-ինչ բաներով՝ Մ․Հ․)՝ փաստացի հավաստելով, որ նախարարությունը պարզապես անուժ գրասենյակ է իր համեմատությամբ, որի լինել-չլինելն իր համար ունի զրոյական արժեք, ու որ եթե նախարարությունում իրենց նորմալ չպահեն, ցախավելով կգնա մաքրելու։

Մեզ ուղարկված գրությունն ունի նաև երրորդ կետ, որտեղ իր ապօրինությունները մեկ միասնական ծիրի մեջ բերած ժ/պ-ն փաստում է մեզ հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու հնարավորության բացակայությունը՝ այդպես էլ անզոր լինելով գիտակցելու, որ այս ողջ անհեթեթությունն ինքն է հյուսել, այս ճաշը ինքն է պատրաստել ու ինքն էլ խփշտելու է օրենքի ողջ խստությամբ։ Միայն թե դեռ պիտի իր համար հստակ պարզի՝ առաջին հերթին կեղծ մատնությամբ Հովհաննես Գալստյանի ու նրա ֆիլմի վրա դրված արգելափակի դրվագո՞վ է պատասխանատվության կանչվելու, «Սուսերով պարը» կինոնկարի առնչությամբ հարուցված գործն ու հարակից դրվագնե՞րն են լինելու իր գերեզմանափորը, թե՞ դատարանի առջև պարզելիք սույն հարցը։

Հ․Գ․ Այս անգամ նամակի մեջ արձանագրված սխալներին չենք անդրադառնում՝ գտնելով որ այն միանգամայն հանձնարարելի բան կլինի տարրական դասարանների ձեր երեխաներին՝ ազատ ժամանակ տեքստի վրա ուսուցչություն անելու համար։ Միայն մեկ դիտողություն անենք իր «գրագիտությամբ» փայլատակող Շ Միրզախանյանին՝ հուշելով, որ կրկին բառն իր մեջ արդեն իսկ ունի անգամ-ի հասկացություն, հետևաբար երբ գրում եք «կրկին անգամ», այդ սխալ բառակապակցությամբ (ձեր իսկ ոճով եմ ասում)՝ կրկին անգամ հավաստում եք ձեր իմացական մակարդակի անհուսալիությունը, մինչդեռ հայ կինոյի հետ առնչվող կառույցի գլխին կանգնածը նման անմակարդակ չպիտի լիներ։ Բայց թե ինչ կարող ես ասել հայտնի մտածողից ավելի, եթե ոչ նրան պարզապես ցիտելով՝ օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր․․․

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ