Քանի որ մոտենում է Շ․ Միրզախանյան-Ա․ Կոստանդյան դուետին իրենց «գրագիտության» պտուղները հասկանալու համար տրված ժամկետի լրանալը, անցնենք ասելիքի շարունակությանը։ Կարդանք սրանց երկնած 2-րդ կետի հիմնավորումը․ «Հիշեցնենք, որ Ձեր զբաղեցրած հաստիքի կրճատման պատճառով, Ձեր աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Ծանուցումը Ձեզ տրամադրվել է 20․02․2020-ին՝ մինչև երկրում արտակարգ դրություն հայտարարելը։ Այսինքն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը սկսվել է Ձեր ծանուցումը տրամադրելու օրվանից, այլ ոչ թե ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից, որը ինքնին նշանակում է, որ երկրում արտակարգ դրություն հաստատելը չի ենթադրում Ձեր հետ աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարաձգում»։

Այո, դուետը միանգամայն ճիշտ է, որ մեր աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցումը մեզ տրամադրվել է մինչև երկրում արտակարգ դրություն հայտարարելը, սակայն մոռանում մի շատ կարևոր բան, որ պիտի փորձեմ հասցնել նրանց ուղեղի ծալքերին։ Նոր աշխատեղ որոնելու համար ծանուցագրով մեզ տրված է երկամսյա ժամկետ՝ մինչև ապրիլի 30-ը։ Նկատենք, որ եթե օրենքը նման դեպքի համար նախատեսած չլիներ այդքան ժամանակահատված, Շ․Մ․-ն մեզ հետ պայմանագիրը կլուծեր ծանուցում տալու պահին իսկ։ Ասել է թե այդպես չվարվելու հարցում այս դրվագով գործել է օրենքի զսպաշապիկը, որը նրա առնչությամբ դեռ շատ կիրառումներ է ունենալու, սակայն չշեղվենք նյութից։

Ի՞նչ է եղել այս ընթացքում, որ այս դուետը թեպետ փաստում է, սակայն այդպես էլ չի կարողանում հասկանալ։ Եղել է ա՛յն, որ նոր աշխատատեղ որոնելու համար օրենքի կողմից իմպերատիվի ուժով տրված երկամսյա ժամկետն ընդհատվել է ֆորսմաժորային իրավիճակով, ինչի համար ՀՀ կառավարությունը գնացել է երկրում արտակարգ դրության հայտարարման՝ հնարավորինս սահմանափակելով գործելու իրավունք ունեցող հիմնարկների շարքը՝ երկրի բնակչությունից պարտադրանքի ուժով պահանջելով ինքնամեկուսանալ, տներից դուրս գալ միայն ծայր անհրաժեշտության դեպքում։

Սույնով ասել է թե ամբողջ 45 օրով կրճատվել է մեր կողմից նոր աշխատատեղ որոնելու համար օրենքի սահմանած երկամսյա ժամկետը, ինչի մասին էլ մեր գրություններով Շ․ Միրզախանյանին ողջամիտ գործելու կոչ ենք արել՝ առկախել մեր աշխատանքային պայմանագրերի լուծումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը։

Այսքանից հետո նորից կարդացեք հիմնարկի կողմից մեզ ուղարկված պատասխանի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը ու ինքներդ եզրակացրեք, թե սույն երկյակը որքանով աղերսներ ունի ողջամտության հետ, ի՛նչ հակասությունների մեջ է մտնում ՀՀ պարետի ստորագրած հրամանի, բնակչության սոցիալական վիճակը մեղմելուն ուղղված երկրի ձեռնարկածի հետ՝ իր անխոհեմ քայլով ստեղծելով հասարակական լարվածության նոր օջախ։

Այստեղ կարելի էր խոսքի այսօրվա բաժինը վերջակետել, սակայն չդիմանանք գայթակղությանն ու տեղադրենք լրագրողի հարցմանը տրված ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանի պատասխանը․ «․․․կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկա ժամանակահատվածում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման գործընթաց չկա»։ (Տրված հարցն ու ստացված պատասխանն ամբողջությամբ տես նկարում՝ 22․04․2020, «Իրավունք»)։

Ինչպես տեսնում եք, Շ Միրզախանյանը բացարձակապես արհամարհում է իր վերադասի անուղղակի, սակայն պարզ ցուցումը՝ փաստացի հավաստելով, որ նախարարությունը պարզապես անուժ գրասենյակ է իր համեմատությամբ, որի լինել-չլինելն իր համար ունի զրոյական արժեք։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ