Մեր առաջին նամակի պատասխանը չստանալով՝ կինոկենտրոնի 7 աշխատակիցներս տնօրենի ժ/պ-ի հիշողությունը թարմացնելու, անելիքը հիշեցնելու համար ս/թ ապրիլի 21 թվագրությամբ երկրորդ նամակն էինք ուղղել նրան՝ պահանջելով գործել ողջամտության սահմաններում ու, մինչև իրավիճակի կանոնավորումը, առկախել մեր աշխատանքային պայմանագրերի լուծումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020թ մարտի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը, երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը։

Սակայն ողջամտության հետ լուրջ խնդիրներ ունեցող տնօրենի ժ/պ-ն, պարզվում է, իր տեսակի մեջ միակը չէ կառույցում և, նմանը նմանին գտնելու սկզբունքով, օգնության է կանչում հիմնարկության իրավաբանից իր անձնական փաստաբանի վերածված Ա Կոստանդյանին՝ համատեղ ուժերով փորձելով մեզ, որպես սկիզբ, իրենց արևին, նախ, տարրական ճշմարտություն դաս տալ։

Եվ այսպես՝ գրության 1-ին կետով սկսվում է իրենց չիմացածի մեր ուսուցման դասընթացը (մեջբերում ենք) «Նախ, համաձայն ՀՀ կառավարության 2020թ մարտի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից մինչև մինչև 2020 թվականի մայիսի 14ը ժամը 17։00-ն ներառյալ ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն, այլ ոչ թե ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ»։

Ինչպես տեսնում եք, կարդացածը հասկանալու խնդիրներ ունեցող պատվիրատու ու կատարող իրենց գլխից մեծ գործեր բռնելով, իրենց «իմացության» ծակ մաղով գրոհում են մեղսավորներիս՝ խեղդելով իրենց «ծով» գիտելիքներով, ինչին ի պատասխան հարկադրված ենք դիմել լիկբեզի՝ հուսալով գոնե ինչ-որ չափով օգնել նրանց տգիտության վերացմանը։

Եվ այսպես՝
1
համաձայն Քաղաքական համառոտ բառարանի, «ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ -անհաղթահարելի ուժ, արտակարգ իրադրություն․․․»,
2 համաձայն վիկիպեդիայի, ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ, հայերենում, համանմանությամբ, գործածվելով «անհաղթահարելի ուժ» եզրույթով «Այդպիսի անհաղթահարելի հանգամանքներ կարող են լինել, օրինակ` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը․․․»

Նկատենք, որ մեզ ուղարկված գրությունն այլ կետեր էլ ունի։ Սակայն դրանցում նրանց արձանագրած մյուս «փայլատակումների» մասին հաջորդիվ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ