Օրերս Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքէջը շտապեց ներկայանալ իր հերթական անգրագիտությամբ՝ այն համեմելով նույնքան հերթական ապատեղեկատվությամբ։

Մեջբերում ենք կինոկենտրոնի կայքէջի «Կինոն սահմաններ չունի․․․» տեղեկատվությունը՝ ուշադրություն չդարձնելով դրանում եղած ուղղագրական ու կետադրական սխալներին․ «Ի ուրախություն բոլորիս հուլիսի վերջին Ճապոնիայում էկրան կբարձրանա Յուսուպ Ռազիկովի ռուս-հայկական համատեղ արտադրության «Սուսերով պարը» ֆիլմը: Շնորհավորում ենք բոլորիս՝ «Սուսերով պարը» ֆիլմի ստեղծագործական ողջ կազմին, Марс Медиа -ի և DMH studio-ի ամբողջ անձնակազմին այս լավ լուրի կապակցությամբ, և թող այս ֆիլմը դեռ երկար ժամանակ մնա տարբեր երկրների կինոթատրոնների էկրաններին»։

Թող ֆիլմերն ընդհանրապես երկար մնան էկրաններին՝ առավել ընդհանրական մաղթենք մենք, սակայն փորձելով հասկանալ կինոկենտրոնում որքանո՞վ են տեղեկացված ռուսերենից, որքանո՞վ են հարազատ մնում իրենց թարգմանածին, եթե, իհարկե դրա տակ դիտավորությամբ կեղծիք չի դրված «Япония поддерживает нас хорошими новостями. В конце июля там запланирован прокат российско-армянского фильма Юсупа Разыкова «Танец с саблями». Очень надеемся, что так и будет»

Կինոկենտրոնի «գիտակների» համար հատուկ նշենք, որ «запланирован прокат»-ի թարգմանությունը «էկրան կբարձրանա»-ն չէ, որ «Очень надеемся, что так и будет»-ը դեռևս չի նշանակում փաստի կայացածություն։

Մեկ ուրիշ բան էլ։ Եթե ուշադիր եղաք, ի դեմս ստուդիաների, կինոկենտրոնը շնորհավորում է «Марс Медиа -ին և DMH studio-ին»՝ համեստաբար մոռանալո՞վ, թե՞ համեստաբար մոռացության տալով, որ ինքն այդ ֆիլմի ստեղծման մեջ 100 միլիոն դրամի մասնակցություն ունի։ Թե ինչո՞ւ է իր այս շնորհավորանքի մեջ կինոկենտրոնն իրեն շրջանցում, ինքն իրեն խոնարհաբար «ցրում», երևի թե սույնի վրա լույս կսփռի ՀՀ քննչական կոմիտեում «Սուսերով պարը» կինոնկարի առնչությամբ ընթացող վարույթը, որքան էլ որ այն նյարդային ցնցումների մեջ է պահում ոմանց։ Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել Շուշանիկ Միրզախանյանի գլխավորած կառույցի հերթական անգրագիտությունն ու նույնքան հերթական ապատեղեկատվությունը։

Հ․Գ․ Տիկին ժ/պ, բա որ ամեն տեղ բարձրաձայնում եք, թե կինոկենտրոնը ֆիլմ արտադրող կազմակերպություն չէ ու փորձում նաև դրանով բացատրել կադրերի կրճատումը, բա այդ ինչպե՞ս եք զորում գրել «․․․ռուս-հայկական համատեղ արտադրության»։