«Հայ կինոն այսօր մի քանի խուժաններով քարկտիկ են դարձրել, դրած գումար են մսխում»

Վերջին ամիսներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող գերթե բոլոր ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման ու կրճատումների գործընթաց է սկսել: Այդ մասին մասնավոր զրույցներում փաստում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները, սակայն առավել հստակ կադրային ջարդ է սկսվել հենց Ազգային կինոկենտրոնում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը կրճատման մասին իր աշխատակիցներին տեղեկացրել է փետրվարի վերջին օրերին եւ ցուցում տվել, որ մինչեւ ապրիլի 30-ը իրենց համար նոր աշխատանք գտնեն: Նախնական տվյալներով` Միրզախանյանը 9 աշխատակցի կրճատման ցուցակ է ներկայացրել, ապա որոշ ժամանակ անց, հասկանալով, որ աղմուկն այդպես ավելի շատ կլինի, վերանայել է ցուցակն ու կրճատման տակ թողել միայն 7 աշխատակցի:

«Փաստորեն ՊՈԱԿ-ներում ինքնագործունեությամբ են զբաղված». պատգամավորն արձագանքել է «Իրավունքի» հոդվածին

Վերոնշյալ 7 աշխատակիցներից մեկը Հայաստանի ազգային կինոկենտրոնի խմբագիր ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ է, մյուսը` ճարտարագետ ՍԱԹԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք հաստատված անժամկետ պայմանագրով են աշխատել կինոկենտրոնում, մինչեւ այն պահը, երբ տնօրենը որոշել է նրանց պայմանագրերը լուծարել եւ ազատվել իրենց հաստիքներից:

«Տնօրենի կողմից հաստիքների կրճատման մասին ծանուցումը ստանալուց հետո նույնիսկ ժամանակ չունեցանք նրա հետ, այսպես ասած, առերեսվելու, քանի որ դրանից անմիջապես հետո նա մեկնեց Բեռլին: Հետո` մի քանի օր անց, 2 օրով վերադարձավ ու վերջին վայրկյաններին հայտնվեց հիմնարկությունում եւ նրանից հետո կրկին թռավ ԱՄՆ: Իսկ այնտեղից վերադարձավ մարտի 9-ին եւ կրկին նրա հետ պարզաբանելու հնարավորություն չունեցանք»,- ասում է Մ. Հուրիխանյանն ու հավելում, որ տնօրենի տված երկամսյա ժամկետը համընկել է երկրում հայտարարված արտակարգ Image may contain: Martin  Hurikhanyan, smilingդրության հետ. «Այս ֆորսմաժորային իրավիճակում, եթե նույնիսկ աշխատանք էլ կարողանայինք փնտրել, ապա երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ գործատուներն իրենց աշխատողներին չեն կարողանում աշխատանքով ապահովել, մեզ ինչպե՞ս պետք է վերցնեն աշխատանքի: Ինքն էլ է գործատու, մեզ աշխատանքից ազատում է, այն դեպքում երբ ունենալով ազատ հաստիքներ` մեզ նույնիսկ չի էլ առաջարկում այլ հաստիքներում աշխատանք: Իսկ ամեն հաստիքի համար նրան ֆինանսներ են տրվում: Իսկ փոխարենը թերի բարձրագույն ու մասնագիտական կրթություն չունեցողներին է պահում` հաշվի չառնելով մեր մասնագիտական կրթությունն էլ, տարիների փորձառությունն էլ: Այսինքն` գործում է պարզ քինախնդրության տարբերակը, փորձում է մուռ հանել այն մարդկանցից, ովքեր ժամանակին խոսել, բարձրաձայնել են հիմնարկությունում աշխատանքի հետ կապված թերությունների մասին: Իմ ամենավերջին քննադատական հրապարակումը գրել եմ դեկտեմբեր ամսին, երբ նույնիսկ տեղյակ էլ չէի, որ ինձ կարող է ազատել: Գրել էի «Սուսերով պարը» ֆիլմի մասին, հիմնախնդիր բարձրացրել, թե պետական միջոցներից 100 մլն դրամ գումար է տրվել ֆիլմին, սակայն արդյունքում ո՞ւր է Հայաստանի անունը, այդ գումարները ինչու են հանել սուբսիդիայից, տվել են այդ ֆիլմին, եւ արդյունքում ստացվել է մի անգրագետ ֆիլմ»:

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ Է ԹՈՂՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Այնուամենայնիվ, Մ. Հուրիխանյանը պնդում է, որ մինչեւ այսօր նրանք որեւէ հիմնավորում չեն ստացել, թե այդ կառուցվածքային փոփոխությունն իրո՞ք հաստատված է նախարարաության կողմից. «Երբ պահանջեցինք հիմնավորումներ, տնօրենը մեզ տվեց ողջ փաթեթը, որտեղ տնօրենը նախկին հաստիքացուցակը 90 տոկոսով փոխել է, իբր նոր անվանումներ է տվել հաստիքներին ու դրա տակ ասում է, թե մենք չենք համապատասխանում: Այդ փաստաթուղթը նա մայիսի 1-ով արդեն հաստատված ուղարկել է նախարարություն, հիմա մենք պահանջում ենք մեզ ցույց տալ, թե ինչի հիման վրա են մեզ ազատում աշխատանքից: Շ. Միրզախանյանի ցույց տված թղթի վրա դրված է նախարարի ստորագրությունը, կնիքը, բայց ամսաթիվը չկա: Այդ փաստաթուղթն արդեն տարակարծություն է առաջացնում, թե սա իրո՞ք հաստատված է նախարարության կողմից: Մեզ ծանուցագրում ներկայացված է հետեւյալը` ձեր հաստիքները կրճատվում են եւ ապրիլի 30-ով մեզ հետ աշխատանքային պայմանագիրը լուծարվում է»:

Ինչեւէ, կրճատման տակ հայտնված աշխատակիցները ապրիլի 13-ին նամակով դիմել են Կինոկենտրոնի տնօրենին, սակայն նամակը մնացել է անպատասխան. «Շ. Միրզախանյանին ուղղված նամակ չստանալուց հետո, երեկ երկրորդ նամակը գրեցինք` շեշտելով, որ դեռեւս ապրիլի 13-ին ենք Ձեզ դիմել եւ հավելել. «Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հանարապետությունում ստեղծված իրավիճակից ելնելով` ողջամիտ պահվածք դրսեւորեք եւ վերանայեք եւ առկախեք Ձեր որոշումը»: Ի դեպ, մի անգամ էլ բանավոր, կադրերի բաժնի վարիչի միջոցով է ասել. «Իրենց ասեք, եթե այդքան խելոք են, թող գնան օնլայն աշխատանք գտնեն: Նույնիսկ, օրերս ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից բարձրացրեց այդ հարցը ԿԳՄՍ նախարարին, որ երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակից ելնելով` մարդիկ այս իրավիճակում են, եւ դեռ ոչ մի արձագանք չկա: Իսկ ապրիլի 30-ը մոտենում է»:

«3 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՄՈՏ 2.5 ՄԻԼԻԱՐԴ ՓՈՂ ԵՆՔ ՎԱՏՆԵԼ, ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԶՐՈ ԱՐԺԵՔԻ ԿԻՆՈ»

Մեր այն դիտարկմանը, թե եթե 2-րդ նամակից հետո տնօրենը որոշի վերանայել կրճատումների ցուցակը, ապա կշարունակե՞ք աշխատել Կինոկենտրոնում, Մ. Հուրիխանյանը տվեց հստակ պատասխան. «Ոչ, անձամբ ես, կինոն վարկաբեկող, նման զրոյական գիտելիքներ ունեցող անձի ղեկավարությամբ չեմ պատրաստվում աշխատել Կինոկենտրոնում, ես ինձ հարգող մարդ եմ: Կինոն պետք է ազատել, իմ պատկերացմամբ, հանցագործից: Ազգային կինոկենտրոնին խմբագիր, գրագետ, դիտողություններ բարձրաձայնող մարդ պետք չէ: Այս ամենը անձնական հաշվեհարդար է, որովհետեւ իրեն պետք են ընդհանրապես բերանը ջուր առած, իր մակարդակի ցածր մարդիկ, որոնց հետ կարողանա գոռալով, ահաբեկելով խոսի: 3 տարվա մեջ մոտ 2.5 միլիարդ փող ենք վատնել, ստեղծել ենք զրո արժեքի կինո, եւ այս կինը ներկայանում է որպես ռեֆորմատոր: Լռել ենք, ասել ենք, թող անի տեսնենք` ինչ է անում, բայց…Համո Բեկնազարյանով ստեղծված հայ կինոն, Դովլաթյանով ու Մալյանով, շարունակված Ալբերտ Մկրտչյանով, այսօր մի քանի խուժաններով քարկտիկ են դարձրել, դրած գումար են մսխում, էլի կերեք, բայց կինո ստեղծեք: Այսօր ժարգոնով լցրել են կինոն, իսկ մենք կինոյով սովորենք մեր ոսկեղենիկ հայերենը լսել, բա խմբագիրն էլ ի՞նչ են անում»:

ՏՆՕՐԵՆԸ ՀԱՑԹՈՒԽԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ճարտարագետ Սաթենիկ Ստեփանյանը, որը 36 տարի աշխատում է ոլորտում, որից 11 տարին Ազգային կինոկենտրոնում, իսկ մինչ այդ` «Հայֆիլմում», ասում է, որ այդ հաստիքներում տնօրենը ներկայացնում է անձնավորությունների, որոնք, ըստ անձնագրային պաշտոնի, ոչ մի չափանիշով չեն համապատասխանում. «Օրինակ` կինոյի վերլուծաբանի հաստիքին նշանակել է մեկին, ով բժշկականի դիպլոմ ունի: Կամ ֆինանսական գծով տնօրեն Մարինեն, որն ավարտել էր Քեմբրիջի համալսարանը, ֆինանսիստ է, իր հաստիքը կրճատել է, փոխարենը` հաշվապահական կուրսեր անցած ու հացթուխի կրթություն ունեցող մարդուն նշանակել է ֆինանսների պատասխանատուի` մի պետական ՊՈԱԿ-ի, որը 1.5 միլիոն սուբսիդիա ունեցող հիմնարկ է»:

Ըստ նրա` Կինոկենտրոնի տնօրենը այս 3 տարվա ընթացքում բոլոր նախարարներին դիմել է` ՊՈԱԿ-ում կառուցվածքային փոփոխություններ անելու. «Սկսած Ամիրյանից, մինչեւ Մակունց ու Ղարիբյան` բոլորին անընդհատ դիմել է, որ ուզում է հաստիքների կրճատում, կառուցվածքային փոփոխություն անել եւ ոչ մի պատասխան չի ստացել: Հետո` սուպերնախարարություն ձեւավորվելուց հետո դիմեց Արայիկ Հարությունյանին եւ կրկին անպատասխան մնալով` այս անգամ դիմեց տեղակալ Արա Խզմալյանին եւ ստացավ հետեւյալ պատասխանը` ֆինասնաբյուջետային հանձնաժողովին ներկայացնել կառուցվածքային փոփոխությունը` լրամշակված եւ հաստիքային անձնագրերի հետ միասին»:

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԹԻ ՏԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎԱԾ

Մինչ հարցազրույցը, «Իրավունքը» ՊՈԱԿ-ներում սկսած կրճատումների վերաբերյալ հարցում էր հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պահին իրականացնել այդ կրճատումները, երբ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին բոլորիս խնդիրը համավարակի դեմ պայքարն է, որի արդյունքում բոլորը, այդ թվում եւ նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցները, պարապուրդի են մատնված: Չե՞ք կարծո՞ւմ, որ այս պահին այդ կրճատումների հետեւանքով շատերը կմնան գործազուրկ, քանի որ պարապուրդի շրջանում չեն կարողանա աշխատանք գտնել: Մեր այս հարցմանն ի պատասխան, որը մակագրել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասցեագրված Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում հաստիքների փոփոխությունն ու վերանայումը` ավելացումը կամ կրճատումը, մշտական աշխատանքային գործընթաց է, որը պայմանավորված է համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների ծավալով եւ գործառույթների շրջանակով: Միաժամանակ հայտնում ենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` ներկա ժամանակահատվածում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման գործընթաց չկա»:

Հ.Գ.- Նախարարության հետեւյալ պատասխանը, մեղմ ասած, զավեշտալի է, փաստորեն հենց նախարարության քթի տակ գործող ՊՈԱԿ-ի` Ազգային կինոկենետրոնի տնօրենը ինքնագործունեությա՞մբ է զբաղված, եւ նախարարությունը տեղյակ չէ՞, թե ինչ է կատարվում վերոնշյալ ՊՈԱԿ-ում: Իսկ ինչ վերաբերում է հաստիքացուցակների փոփոխությանն ու վերանայմանը, իսկապես նորություն չէ, պարզապես, որպես ի գիտություն` հաստիքացուցակները, որպես կանոն վերանայվում են ամեն տարվա ավարտին` նախորդ տարվան ընդառաջ: Իսկ փետրվար-մարտ ամիսները համարվում են տարվա ոչ վերջին եւ առավելեւս ոչ էլ առաջին ամիսը` հաստիքները վերանայելու համար: Իսկ տարվա կեսից մարդկանց չեն թողնում առանց աշխատանքի, այն էլ երկրում ստեղծված նման իրավիճակում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ