«Իրատեսի» այսօրվա համարում (թիվ 23, 3-6․ 4․ 2020) լույս է տեսել Վահե Մելիքյանի ուշագրավ «Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը» հրապարակումը, որտեղ զգալի մաս է հատկացված Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շուշանիկ Միրզախանյանի արտասահմանյան անպտուղ վոյաժներին, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական միջոցների անիմաստ վատնում, փոշիացում։ Մեջբերում ենք այդ հատվածը՝ դրանից ներքև ներկայացնելով հրապարակման սկիզբը։

․․․Միլիոնավոր դոլարների գործուղումները որքանո՞վ են իրավաչափ, արդյո՞ք չինովնիկական շրջագայությունների օգտակար գործողության գործակիցը կարող է միանշանակ դրական գնահատվել։ Ի՞նչ եք շահել մինչև հիմա։ Ժողովրդին հարցրե՞լ եք։ Օրինակ, սիսեռաչափ կազմակերպության` «Կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 3-ամյա ժամանակավոր պաշտոնակատարուհի Շուշանիկ Միրզախանյանի այցերն աշխարհով մեկ, տուրիստի տպավորություն են թողնում։ Մեզ փոխանցված գործուղումների ոչ ամբողջական պատկերն ուշագրավ է, նախանձելի, ինչու ոչ` նաև դիտարկման արժանի։

2018 թ. դեկտեմբերի 1-8-ը` Վրաստան (Թբիլիսիի միջազգային փառատոն),

2019 թ. հունվարի 23-ից փետրվարի 3-ը` Նիդերլանդներ (Ռոտերդամ. «Կինոյի տաճար» միջոցառում),

2019 թ. փետրվարի 7-17-ը` Գերմանիա (Բեռլինալե կինոշուկա),

2019 թ. մայիսի 14-25-ը` Ֆրանսիա (Կաննի կինոշուկա),

2019 թ. սեպտեմբերի 4-8-ը` Իտալիա (Սուլենտոյի կինոփառատոն),

2019 թ. հոկտեմբերի 13-18-ը` Ֆրանսիա (Լիոն, Ստրասբուրգ, Եվրիմաժ հիմնադրամի 30-ամյակի միջոցառում),

2020 թ. փետրվարի 20-27-ը` Գերմանիա (Բեռլինալե կինոշուկա, որտեղ վարձակալվածտաղավարն արժեցել է ավելի քան 20 հազար եվրո, իսկ 4-5-հոգանոց մեր պատվիրակության գործուղման ծախսը` շուրջ 10 մլն ՀՀ դրամ),

2020 թ. փետրվարի 29-ից մարտի 6-ը` ԱՄՆ (Վաշինգտոն, Նյու Յորք, մասնակցություն ֆիլմերի ցուցադրության):

Ի դեպ, տնօրենի ԺՊ-ին մշտապես ուղեկցել է ընկերության հաստիքային թարգմանիչ Նաիրա Գևորգյանը, որի վերջին գործուղման գումարը կազմել է 2 մլն ՀՀ դրամ` արտաբյուջետային եկամուտների հաշվին` 600 հազարով ավելի Շուշանիկ Միրզախանյանից։ Իսկ թե ինչու՞մն է կայանում այս տանդեմի իմաստը. ՊՈԱԿ-ից ասացին, որ տիկինը չգիտի անգլերեն, չի տիրապետում համակարգչային տարրական գիտելիքների... բայց դեռևս տնօրեն դառնալու հույսեր է փայփայում։

Ինչ կա որ։ Գուցե տիկին Շուշանիկի շնորհիվ (նաև գործողումների) Հայաստանի ազգային կինոկենտրոնը կամ «Հայֆիլմը» թեկուզ զուտ ճանաչողական առումով կրիաքայլ առաջընթաց է արձանագրել, պարզապես մենք ենք անտեղյակ։ Բայց փոխարենը գիտենք, որ գործուղումախառն այցերը մեզանում ամենուր են, և դա մեր իշխանությունների մենաշնորհն է, ինչը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել ոչ շռայլությունների և ոչ էլ չարդարացված ծախսերի շրջապտույտում։

Հուսանք, որ, անկախ կորոնավիրուսից, մեր պետական այրերի մեջ այսուհետև շրջանառության մեջ կդրվի արժեքների գնահատման կուլտուրան, կբարձրանան հոգատարությունն ու ուշադրությունն ինչպես մեկս մյուսի, այնպես էլ պատասխանատվությունը շրջապատի, այդ թվում և հուշարձանների նկատմամբ։ Բազում քայլերի թվում դա կլինի առաջինը, ամենահեշտն ու արդյունավետը թուրքական ոտնձգությունները հաղթահարելու գործում։

Հրապարակման սկիզբը

Մերթ ընդ մերթ, պատեհ-անպատեհ առիթներով փորձում ենք ինչ-որ կերպ հասանելի դարձնել մեր պատմական հուշարձան-կոթողների, եկեղեցիների ու խաչքարերի նկատմամբ տեղի ունեցող վայրագության ցանկացած դրսևորում։ Եվ դա ճիշտ է, հեռուն գնացող, բայց ոչ բավարար։

Եղած ժառանգությունը պահել-պահպանելու առումով, բացի ամենատարբեր հարթակնե-րում հուզմունքախառը հայտարարություններ անելուց, ի՞նչ ենք արել կամ անում, և ինչի՞ ենք ընդունակ ընդհանրապես։ Տարակուսելի չէ. մեծ հաշվով կորուստներ ենք տվել ու շարունակում ենք նույնը, և միայն առանձին դեպքերում հաջողել, երբեմն ոչ այնքան մեր, որքան ուրիշների բիզնես ծրագրերի շնորհիվ։ Իմա` Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Մտահոգություններս պարզաբանման ենթաշերտերով սպառված չեն. ի՞նչ վիճակում են պատմական արժեք ներկայացնող մեր վանքերն ու եկեղեցիները, բերդ-ամրոցները, երեկվա և այսօրվա կառույցները, դրանց կարգավիճակն ու պատասխանատվությունը։ Ոչ պակաս կարևոր է պատկանելության գործոնը. ովքե՞ր են իրական տերերը` պետությու՞նը, թե՞ մասնավոր հատվածը, ինչպիսի՞ հարաբերություններ և պատասխանատվության մակարդակներ կան այս երկուսի միջև և էականը` միջոցների տիրապետումն ու բաշխվածությունը` ինչպես ֆինանսական, այնպես էլ օրենսդրական։

Կարծում եմ, մեծագույն ցանկության դեպքում արձագանքները չեն կարող գոհացուցիչ լինել։ Զերծ մնալով կրակի վրա յուղ լցնելու մտադրությունից, բազում անմխիթար օրինակներից նշենք 4 տասնյակի հասնող բնակարաններից երևացող հերթական մեկը։ Այն մայրաքաղաքային է, ուշագրավ վայրում և, ի ցավ բոլորիս, դարձել է թուրքական ձեռագրի զոհ։ Խոսքը Նորքի բարձրադիրում, խրոխտ պահվածքով լեռնացած Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքարերի մաս կազմող հուշարձանի մասին է։

Մկրտչյան եղբայրների հեղինակած մարդասիրական այս գործը` նվիրված 2006 թ. ԵրևանՍոչի չվերթի զոհերի հիշատակին, դիմահայաց է Մասիսներին և ձգվում է դեպի երկինք` հավերժություն։ Կատարողական արվեստով հրաշալի է. բովանդակությամբ` նույնպես։ Բայց հուշ-օծյալի ներկայիս տեսքն ու շրջակայքը քիչ է թե ասել ամոթի խորհրդանիշն է, խայտառակությունը, թե սրտացավության սովի արդյունքը, միևնույն է։