Շատ կուզենայի երեկվա գրածս գրած չլինել (ներկայացնում եմ ստորև), սակայն տականքը, խառնամբոխը գրոհում են իրենց բութ համառությամբ, կճղակավորի բթամտությամբ։

Փորձեք վերջին երեք տարում Հայաստանում ստեղծված մի ֆիլմ հիշել, որի բովանդակությունը չէ, գոնե վերնագիրն է հաջողվել մտապահել։ Մինչդեռ այդ «գլուխգործոցների» վրա ծախսվել է հայաստանյան շարքային հարկատուի նվիրաբերած մոտ մեկ, իսկ կինեմատոգրաֆի համար՝ 2,5 միլիարդ դրամ։ Այս աղաղակող այլանդակության, պետական միջոցների այս անխնամ, փնթի ծախսման, պարզապես վատնումի կողքին հավերժական անասնաֆերման պանծացնում է այդ ժամանակաշրջանի կինեմատոգրաֆը, դրանց վայ գործիչներին ու թյուրիմացություն կինոկազմակերպիչներին։

Հա՜ ասացինք լռենք, սակայն սրանք իրենց լկտիությամբ ու մտավոր բորոտությամբ արդեն խորհրդարան ու կառավարություն են գրոհում՝ հանցակից ունենալով մտավոր արժեքով այդ նույն կառավարությունից ու խորհրդարանից իրենց զինվորագրվածներին, ինչ է թե անցյալի ինչ-ինչ էջերով, հնուց եկած պարտավորություններով դրանց փոխկապակցված են։
Մարդ եթե ինչ-որ արատավոր բան էլ ժամանակին իրեն թույլ է տվել, աշխատում է լռության մատնել, կոծկել։ Սրանք, որ կորոնավիրուսից ավելի սարսափելի են, նույնիսկ այդ լռելու բարոյականությունը չունեն։

Վերը խոստացածս գիրը
Ականջովս է ընկել, որ գործ "կարելու" հեռանկարով ոմանք ծաղկաքաղ են անում գրածներիցս, իբր թե վատ են զգում իրենց տրված բնութագրականների համար՝ նեղ շրջապատում չքմեղանալով, որ իրականում իրենք հանցագործ չեն, դատարկագլուխ չեն, կինոյում պատահականորեն հայտնված երևույթ չեն, փարիզյան բնորոշումներով Պիգալի հրապարակի ու հայաստանյան համապատասխան տեղանվանման կադրեր չեն և այլն, և այլն։

Սակայն մարդկանց գիտությամբ թե անգիտությամբ կեղծագրերի մղող, դրանց մեջ հմտացած արհեստավարժների այդ ոհմակը, մեկ ընդհանրականով ասած՝ օրուելյան անասնաֆերմայի այդ ներկայացուցիչները (սույնով ավելացնում եմ ևս մեկ բնութագիր՝ նաև այս կերպ օգնելով նրանց կրթման գործին, որքանով էլ արդյունք ակնկալելն անհուսալի է), ժամանակային չափումները կորցրածները, 1937-ին առատորեն մատնագրեր հեղինակածների այդ ժառանգները ստոր բնազդների տեր, ամենավերջին ծախու շներ են։

Այդպիսին է ինձ ու առհասարակ յուրաքանչյուր քաղաքակրթված մարդու համար ցանկացած մեկը, ով չունեցած, ունենալու դեպքում էլ հանցավոր մտայնությամբ գործելու վարժված ուղեղով ու անբարոյականի ընկալումներով իր եղեռնագործ ձեռքն է բարձրացնում հայ կինոյի, մեր մշակութային ինքնության ամենահետաքրքիր դրսևորումներից մեկի վրա, ով կինոն դիտում է ոչ թե ազգի նկարագրի ներկայացման, շարժապատկերի լեզվով մեր պատմության շարադրման, ազգի հոգևոր, մշակութային, կրթական, բարոյական դաստիարակության հզոր զենք, այլ գոմից ելածի իր հոգեբանությամբ այն ընկալում է որպես փող շինելու տեղ, անձնական բարեկեցությունն ապահովելու միջոց։
Այս անգամ առայժմ այսքանը։