«Թեեւ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, եւ մարդիկ մտահոգված են, թե ինչպես պետք է հաղթահարվի կորոնավիրուսը մեր երկրում, կինոգործիչների մի փոքր խումբ «պայքարում» է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ, կառույցի վերաբերյալ մեղադրագրեր ուղարկում տարբեր պաշտոնյաների ու գրառումներ անում այդ մասին ֆեյսբուքում»` սա Հայաստանի կինոմիության ու մասնավորապես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ սերտորեն գործակցող, նրանից կենսագրգիռներ ստացող Գոհար Հակոբյանի նյութից է (տե՛ս «Առավոտի» մարտ 24, 2020 թվագրությունն ունեցող հրապարակումը)։ Կինոմիության ու «Ոսկե ծիրանի» անվան հիշատակումներն իսկ բավարար են լրագրողի աչառության վերաբերյալ կարծիք կազմելու համար («մեղադրագրեր» բառի «միամիտ» գործածմանը նայեք), ուստի բավարարվենք այսքանով, անցենք նրա զրուցակից կինոռեժիսորին, սակայն վերջինիս պես ոչ թե առաջնորդվելով ընդհանուր ձևակերպում-դատողություններով, այլ ամեն ասածի հիմնավորումը տալով, իսկ ինչ-ինչ, Էդ Բաղդասարյանը մեր ուշադրությանն արժանանալու իրավունք նվաճել է իշխանություններին ուղղված կոլեկտիվ նամակի տակ դրած ընտանյոք ստորագրությամբ։

1937-ի հոգեզավակներն ընդմիշտ են

Ակնհայտորեն այդպես էլ ի զորու չլինելով հասկանալու, որ հայաստանյան հասարակությունում բարեբախտաբար ժամանակային նոր չափումներ են, օրացույցի վրա էլ իրենց երազային 1937-ի փոխարեն 2020-ն է, Հայաստանի կինոգործիչների միությունը 59 կինեմատոգրաֆիստի կամ այդպիսին ներկայացողների ստորագրությամբ (չեն էլ նկատել, որ մեկը վաղո՜ւց հանգուցյալ է) նամակ է հասցեագրել իշխանություններին՝ ի պարսավումն որոշների ու ի պաշտպանություն կինոկենտրոնի տնօրենի արդեն երեք տարի ժ/պ աշխատող Շուշանիկ Միրզախանյանի՝ նրան ներկայացնելով․․․

Չէ, արածի երևութականություն ստեղծելու մտադրությամբ մոգոնված նամակի ընդհանուր ձևակերպումների ոչինչ չասող շարանին մենք չենք անդրադառնա, անգամ մատնացույց էլ չենք անի փաստերը կողմնակալ ներկայացնելու, դրանք միտումնավոր կեղծելու դրսևորումները։ Չենք անդրադառնա, քանի որ նման գործելաոճն այդ մարդկանց բարոյական ու հոգևոր նկարագիրն է, կենսակերպը, իսկ ժողովրդական հայտնի խոսքն ասում է, որ կուզին միայն գերեզմանը կուղղի։ Չենք անդրադառնա նաև զուտ այն պատճառով, որ նամակում առկա է նմանը չունեցող այնպիսի՛ անհեթեթություն, իրականության այնպիսի՛ անօրինակ խեղաթյուրում, որ անկախ քեզնից սկսում ես մտածել նամակը ստորագրածներին համակած զանգվածային հոգեխանգարմունքի մասին։

Շուշաննա դ’Արկը կամ հեղափոխության․․․ ջեբկիրները

Կտրվելով բուն իրականությունից՝ տեսեք թե կինոմիության անդամների ինքնամոռաց գովքը մինչև ուր է տանում-հասցնում Շ Միրզախանյանին՝ դարձնելով․․․ մերօրյա Ժաննա դ’Արկ, երկրի հեղափոխական փոփոխությունների դրոշակակիր։ Նամակագիրների առողջ բանականության հետ եզրեր չունեցող այս տրամաբանությամբ պարզվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում հեղափոխական փոփոխությունների շրջանը», երկրում «կառուցվածքային ու համակարգային բարդ փոփոխություններն» իրականություն են դարձել․․․ կինոկենտրոնում Շուշանիկ Միրզախանյանի նշանակմամբ ու նրա ձեռնարկած քայլերի շնորհիվ։

Այստեղ են ասել՝ այ թե հասա՜նք։ Կինոն իրենց համար ունենալով ընդամենը որպես ածանցյալ՝ հայաստանյան կինոգործիչների սույն բույլը, կեղծելը որ կեղծել է, փորձում է ձեռքի հետ սեփականաշնորհել հեղափոխությունն իրականացրածների հեղինակային իրավունքը՝ պատմությունը խմբագրելու ու վերաշարադրելու ճանապարհով անցնելով կինոկենտրոնի Շուշաննա դ’Արկին հայաստանյան 2018 թվի հեղափոխության նախակարապետ ներկայացնելու գործը կպցնելուն։

Այստեղ բնականաբար պիտի դառնանք ու հազար փառք տանք Աստծուն, որ մեր այս ջեբկիրների գլխից բանականությունը վերջնականապես չի հանել ու նրանց մեջ խեղդել է Օռլեանի կույսի պատվանունն էլ կինոկենտրոնի ժ/պ-ին վերագրելու անթաքույց հավակնությունները (գրողը տանի՝ ի վերջո ֆիզիոլոգիան այնքան էլ կեղծ բան չէ)։ Իհարկե, այստեղ որոշակիորեն անպարզ է մնում, թե նամակագիրներն ինչու են մնացել կես ճանապարհին և հայ կինոյի փրկիչ Շ Միրզախանյանի հեղափոխական նախակարապետությունն չեն ամրագրել կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանի հոգևոր առաջնորդության կնիքով, թեև մյուս կողմից էլ ճիշտ են արել խմբագրումն ապագային վերապահելով, քանի որ երկրին ճարակած համավարակը կարող է նվազ հնչողության դարձնել սույն դարակազմիկ փաստը։

Ահա թե նաև ինչու է անիմաստ

Ահա պատմության, իրականության այսպիսի ընկալում, որով եթե պատմական ակնհայտ փաստն է խմբագրվում, ձևախեղվում, էլ ինչ ասել առանձին վերցրած կառույցի մասին, որում գործերի վիճակն ինչպես ուզենան, այնպես էլ կներկայացնեն (ինչն էլ, ի դեպ, անում են) և ահա թե ի՛նչ ու ինչպիսի՛ համակազմի հետ գործ ունենալն է, որ անիմաստ է դարձնում կոլեկտիվ այս անհեթեթությանն ամբողջության մեջ անդրադառնալը։ Սակայն որպեսզի ընթերցողի մոտ կասկածի նշույլ իսկ չմնա նամակագիրների կողմից վերը բերված անհեթեթությունը թղթին հանձնելու անուղեղության առնչությամբ, նամակի այդ հատվածը մեջբերում ենք բառացի՝ նաև «գրագետ» գրված լինելու պատասխանատվությունը թողնելով իրենց «․․․մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ Շուշանիկ Միրզախանյանի՝ վերջինիս այդ պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից, կառույցում ձեռնարկվեց և իրականացվեց հսկայական աշխատանք, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության հեղափոխական փոփոխությունների շրջանը, երկրում իրականացվեցին կառուցվածքային ու համակարգային բարդ փոփոխություններ, որոնք, ցանկացած պարագայում, առաջ են բերում որոշակի դժվարություններ»:

Հիմա եղել է՞, թե՞ չի եղել

Դառնանք Էդգար Բաղդասարյանին, ով դարձավ այս ողջ ասելիքի սկիզբն ու մեխը։ Հարկավ դժվար է հավատալ, որ հասարակությանը ներկայանալու արվեստականություն ունեցող նրա նման մարդը կարող էր պարզամիտ լրագրողի հյուսած ցանցկեն թակարդի մեջ հայտնվել, բայց թե փաստը մնում է փաստ, որ ոսկեծիրանյան Գոհար Հակոբյանի որակմամբ ճշտող հարցին՝ «․․․արդյոք պնդո՞ւմ է, որ նախկինում «ատկատներ» են եղել», կինոռեժիսոր պատասխանել է «Ես չեմ պնդում, որ «ատկատներ» են եղել: Անձամբ ես չեմ տվել որեւէ «ատկատ», «կաշառք․․․»՝ հետևող լյա՜-լյա՜, լյո՜-լյո՜, «гани гусей» շարունակությամբ ու ավարտել այսպես «Բնականաբար ամեն ինչ եղել է, բայց ես ՉԵՄ ՏՎԵԼ ոչ մի կոպեկ…»։

Աուդիտ պահանջում ե՞նք, թե՞ չենք պահանջում

Մի կողմ թողնենք, որ կողմնորոշված չկողմնորոշվածությունը նույնքան չկողմնորոշված կողմնորոշվածություն է, պարտադրված ենք փաստել, որ կինոգործիչների նամակում ունեցած ստորագրությամբ Էդգար Բաղդասարյանն այնուամենայնիվ լա՜վ էլ կողմնորոշված է ներկայանում։ Ի դեպ՝ նույն հստակ կողմնորոշվածությունն է նրա մոտ և ս/թ փետրվարի 15-ին Factor TV-ին տված հարցազրույցում, որտեղ խոսելով իր ներկայացրած կինոնախագծին գումար չհատկացնելու փաստից՝ ի մասնավորի ասում է «Ինձ ասում են՝ գիտեք ինչ, գումարներ չկան։ Ներեղություն (բառը գրված է այնպես, ինչպես արտաբերված է՝ ՄՀ.), դե էդ վախտ էկեք աուդիտ անենք մի հատ և նայենք ո՛ւր եք գնում, ինչի՛ համար եք գնում և ի՛նչ անիմաստ միջոցառումների եք մասնակցում և հոբելյաններ եք նշում»։

Պահանջատիրոջ ու այն էլ օրինական պահանջատիրոջ դիրքերից սույն միտքը Էդ Բաղդասարյանը ցասումնալից կրկնում է նաև զրույցի մեկ այլ հատվածում «Աուդիտ եմ ուզում՝ էդ միջոցները ո՞ւր ա գնում։ Ի՛մ տված հարկերը։ Ես պահանջում եմ աուդիտ՝ ո՞ւր ա գնում, ո՞ւր եք գնում, ի՞նչ ուղևորություններ եք գնում, ի՞նչ կամանդիրովկեք»։ Սույնն իմանալով՝ կարող ե՞նք Էդ Բաղդասարյանին հարցնել՝ կինոկենտրոնին «հեղափոխական» աշխատանքի շունչ բերած, ատկատներից ազատագրած (որակումների մեջ հավատարիմ ենք մնացել կինոյի փոխարեն նամակագրության ժանրում խորացածների հնչեցումներին՝ Մ․Հ․) Շ Միրզախանյանին աջակցող նամակում առկա ստորագրությանդ անկեղծությա՞նը հավատանք, թե՞ նամակի տակ ստորագրելուց մոտ մեկ ամիս առաջ տված հարցազրույցից աուդիտ պահանջելու արդար զայրույթիդ, կեղծիքն ու կեղտը երևան հանելու բուռն մտահոգությանդ։ Ի դեպ՝ լավատեղյակներն ասում են, որ քո այս «ճիչն» ունեցել է իր ազդեցությունն ու ներկայացրածդ նախագիծն այնուամենայնիվ ֆինանսավորվել է։

Ցուցակում հիմա լիզողնե՞ր են, թե՞ չլիզողներ

2020 թվի փետրվարի 15-ի հարցազրույցում բողոքելով, որ չինովնիկն արվեստագետի հետ խոսում է դատախազի տոնով, արժանանում ես լրագրողի միանգամայն տրամաբանված «Արդյո՞ք դա հետևանք չէ այն արվեստագետների, որոնք պախարակել են ձեր ոլորտը» հարցին ու նույնքան միանգամայն անկեղծորեն պատասխանում «Էսօր նույն արվեստագետները․․․ լիզելով գալիս են 91 թվականից, շարունակում են լիզել։ Իրանք լիզելով կոչումներ են ստացել։ Մինչև ժողովրդական էկել-հասել են։ Ով եմ ես, եթե իմ ազգանունից առաջ ինչ-որ մի բան պտի կարդաք, որ իմ ազգանունը տաք։ Վաստակավոր չգիտեմ ինչ․․․ Անուն-ազգանունը պտի ասի։ Վերջ»։

Մի կողմ թողնեմ այդ արվեստագետների ինչը լիզելու մասին ակնարկդ ու շնորհակալ լինեմ այդ առումով պարկեշտությունը պահպանելուդ՝ այնուամենայնիվ +18-ի շեմից ներքև գտնվող լսարան էլ կա, սակայն վերջում այդպես կտրուկ ասած «վերջ»-դ է հատկապես դուրըս եկել, ինչի համար էլ ուզում եմ անկեղծորեն հիշեցնել, որ առ իշխանություն ուղղված կինոգործիչների հավաքական գրի մեջ կոչումներ ստացած մարդիկ կան, որոնք հիշատակածդ 91-ից են գալիս, ու ուզում եմ զուտ հետաքրքրությունից դրդված հարցնել՝ ի՞նչ անենք, ի՞նչ բխեցնենք նրանց այդ 91-ից գալու ու լիզելը մասնագիտություն ունենալու քո վկայակոչած փաստից։ Եթե դրանք լիզելով դեռևս 91-ից են գալիս, ոնց որ թե այնքան էլ արալեզ չեն, իսկ եթե հիմա էլ են լիզում, ինչպես հավաստում ես, փաստորեն լավ էլ արալեզ են, բայց ոչ Արա Գեղեցիկի ժամանակների արալեզներից։ Շամիրամի ժամանակների արալեզները, գիտես, պատմությունն է վկայում, բժշկում էին։ Հակառակ քո հիշատակած լիզողների, այն արալեզների համար լիզելը, հարգելիս, բուժակա՜ն գործողություն էր․․․

Փակե՞լ, թե՞ չփակել

Միանգամայն խորապես ափսոսալով, որ հայկական կինոյի տեսակը վերանում է, ինչում ամբողջովին համամիտ եմ քեզ հետ ու հավատում ցավիդ անկեղծությանը, փաստում ես, որ «մեր ղեկավարություն էլ «Կարգին հաղորդումից» էն կողմ բան չի ցիտում» ու հարցի ձևով հաստատում․ «Դա ձեզ թվում է պատահական բան ա՞, դա մտահորիզո՛ն ա»։ Ճաշակավոր արվեստագետիդ ցասումն ի միջի այլոց այնքան է ահագնանում, որ մարտակոչի պես հնչեցնում ես․ «Հանել, շպրտել դուրս, կադրային քաղաքականություն վարել նորմալ։ Լավ տղա, լավ աղջիկ՝ ես չգիտեմ նման մասնագիտություններ։ Չգիտեմ, այլանդակ վատ տղա բերեք, անառակ աղջիկ՝ բայց մասնագետ։ Բերեք մասնագետ՝ պետական մտածողություն ունեցող, որ հասկանում է ինչ է մեզ համար հայկական մշակույթը տանել։ Ինչի՛ս է պետք կուլտուրայի մինիստրությունը։ Փակեք к чертовой матери։ Ես չեմ ուզում, որ իրենք просто так դարմաեդի նման աշխատավարձ ստանան»։

Գիտե՞ս, իսկապես զիլ է ասածդ ու հատկապես պետական մտածողության բացակայության մասով, սակայն, կրկնվում եմ, բայց թե ուրիշ ճար չունեմ, կինոգործիչների բույլի հետ քո ստորագրությունն էլ կա նամակում, ու հարց լուծելու ակնկալիքով դու էլ ես քո մերժած նախարարությանը դիմողների թվում։ Էս դեպքում բա ինչպե՞ս վարվենք «Փակեք к чертовой матери»հետ, բա որ «դարմաեդի նման աշխատավարձ» են ստանո՞ւմ․․․ Էս ամենը հե՞չ ու կինոկենտրոնի աշխատակիցների, ճշմարտությունը նրանց հետ բարձրաձայնող կինոռեժիսորների արդարացի բողոքի դեմ վեց տասնյակ կինոգործիչներով (էն էլ հարց է՝ կինոգործիչներով թե կինոխոպանչիներով) քո պարսաված ատյանին ու ատյաններին դիմելը մե՞ջ։

Ուրիշ հատված էլ վկայակոչե՞մ, որտեղ ստեղծված իրավիճակի պատճառը տեսնելով կադրային քաղաքականության, պետական մտածողության բացակայության, դեկլարատիվ, սուտի բաներ անելու, բյուրոկրատիզմի մեջ՝ օրինակներ ես բերում Նազենի Ղարիբյանի անգործությունից, Լիլիթ Մակունցից, իսկ նախարար Արայիկ Հարությունյանի մասին առհասարակ այն կարծիքին ես, որ նրան «ընդհանրապես մշակույթը չի հետաքրքրում»։ Ի՞նչ անել։ Այս տողերի տակ է՞լ դնել հղումն այն, որ հայտնի նամակի տակ նաև քո ստորագրությունն է՝ ընդ որում, ավաղ մեկ ընտանիքին՝ քո՛ ընտանիքին բաժին հասած երեք ստորագրությամբ, մինչդեռ անգամ կինոմիության նախագահն իրեն այդպիսի շռայլություն թույլ չի տվել։ Նա այստեղ շատ ավելի բարոյական է գտնվել։ Նա միայն ֆինանսական բաշխումների վրա է ընտանիքով գրոհում։

Նամակում գոնե լղոզված բաներ կան

Եվ այնուամենայնիվ շատ խորհրդանշական է մարտի 24-ի հարցազրույցդ, որն ամբողջովին բևեռացված տեսակն է 2020 թվի փետրվարի 15-ի հարցազրույցիդ։ Հավաստեմ փաստով։ Խնդրեմ, քո ասածն է «Բայց այս իրավիճակում չնկատել դրական փոփոխությունները, որոնք փորձում է անել կինոկենտրոնը, չի կարելի»։ Ցավն այն է, որ ուզում եմ ամբողջովին համամիտ լինել քեզ հետ, սակայն ողջ նյութի մեջ փնտրեցի քո կողմից դրական փոփոխության գեթ մի հիշատակում ու, պատկերացնում ե՞ս, չգտա։ Գոնե նամակ-պարսավագրում ընդհանուր ձևակերպումների տակ լղոզված բաներ հիշատակվում էին։

Խիստ մասնակին

Այս ենթավերնագրի տակ դրվածն առաջին հայացքից ընդհանուր տեքստից դուրս է մնում, սակայն ընդամենը առաջին հայացքից։ Իրականում այն լավ էլ խորքային երևույթներ է մատնանշում, դրա համար էլ նպատակահարմար գտանք անդրադառնալ։ Հարցազրույցում ասում ես «Այո, ինձ էլ հեշտ կլիներ, եթե եղբայրս կամ հայրս այդտեղ նստած լինեին ու անընդհատ ֆիլմ տային»։ Այն, որ սույնով կինոկենտրոնում արմատացած բարքերն ես ցուցանում, ինքնին հասկանալի է, սակայն ասածդ աչքիս ոնց որ թե չափից ավելի հասցեական է հնչում։ Կինոնախագծերին տրված ֆինանսական վերջին աջակցությունում հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել կինոմիության նախագահ Հ Խաչատրյանի ընտանեկան կապալը։ Շ Միրզախանյանին իր պաշտպանության տակ առած պատահաբար հո ա՛յս պապային ու յուր որդիներին ուղղված չէ ակնարկդ։ Երևի այս փաստը նկատի ունենալով ես նաև հետքայլ անում՝ ասելով «Մենք պետք է կարողանանք այս ամենի հետ համակերպվել…»։ Ինչ ասեմ՝ ընտրությունը քոնն է։

Էդգար Բաղդասարյանը միշտ մնում է․․․ Էդգար Բաղդասարյան

Ենթավերնագիրը վերցված է կինեմատոգրաֆիստների միության կայքից։ Այն դրածից ծանոթության կարգով կարող ես տեղեկանալ՝ այդպես ասելով «Առավոտի» 2020 թվի մարտի 24-ի հրապարակման Էդգար Բաղդասարյանին նկատի ունի, թե՞ 2020 թվի փետրվարի 15-ի Factor.TV-ին տված հարցազրույցի Էդգար Բաղդասարյանին։ Ողջ լերուք։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ