Այս շաբաթը ծանրորեն բացվեց հայկական սպորտի վրա: Կյանքից հեռացավ լեգենդար Սարգիս Հովիվյանը՝ հայկական ֆուտբոլի ամենախոշոր երևույթներից մեկը, վառ ու գունեղ անհատականություն, որի ընկալումը ֆուտբոլասեր հասարակայնության կողմից հասցված էր պաշտամունքի, որի համար մի ողջ ժողովուրդ երկու անգամ միտինգ է արել նրան Հայաստանից տանելու պատճառով:

Ես կենսագրական մանրամասներ չեմ հիշատակի, չեմ ասի, որ նա կյանքից հեռացավ 81 տարեկան հասակում, չեմ ասի, որ Սուխումում հանգրվանած, Եղեռնի բեկված ճյուղերից մեկի զավակ էր, մինչև որ բացվեց տուն բերող ճամփան, չեմ ասի, որ իր գոյությամբ աշխատեց լինել իր ժողովրդի նվիրական զավակը, նրա փառքին փառք բերած նվիրյալ անհատը:
Սարգիս Հովիվյանի մասին գրել են (դրանցից մեկն էլ, ի դեպ, մենք ենք եղել այս նույն թերթի էջերում), գրում են ու կգրեն: Ես ուզում եմ իմ այս ասելիքով մի փոքր պարականոն լինել ու մեր տանը հաճախակի հնչող մի արտահայտության մասին հիշել:

Որպես մոլեռանդ երկրպագու, հայրս բաց չէր թողնում «Արարատի» և ոչ մի խաղ, ու մեր տանը հաճախ էր հնչում «Սաքո՛, ջիգյարդ ուտեմ, Սաքո՜» արտահայտությունը:
Կարիք կա՞ ասելու, թե դա ինչ էր նշանակում կամ դրան ինչ էր նախորդել:
Մի տարի էլ այնպես եղավ, որ Մոսկվայի «Սպարտակը» ժամանել էր Երևան ու «Արարատի» դեմ պիտի խաղար մոսկովյան ակումբի գրանցում ստացած Սարգիս Հովիվյանը: Ես, թեպետ մի մատ երեխա, ամեն անգամ սարսափով էի լցվում, երբ պատկերացնում էի, որ գնդակը կհայտնվի նրա մոտ, ու կլինի անխուսափելին:
Ամբողջ վաթսուն րոպե, ձեռքերը ֆուտբոլային վարտիքի մեջ խրած, Հովիվյանը անգործ կանգնած էր խաղադաշտի միջնամասում, մինչև որ դավադիր գնդակը… տեսավ նրան: Հետևեց հովիվյանական հանրահայտ պոռթկումը, և ցավալիորեն անզոր թպրտաց «Արարատի» ցանցը:

Հեռուստաէկրանից այն կողմ քարացել էր մարզադաշտը, հեռուստացույցից այս կողմ քարացել էր հայրս:
Քար լռության երևի դարեր անցան…

Մեկ էլ խենթ հիացքի մեջ հեռուստաէկրանից այն կողմ ստադիոնը ոտքի կանգնեց ու մոռացած, որ գոլ են խփել իր պաշտելի «Արարատին», իր սրբության սրբոցին, ծափերի որոտի մեջ խեղդեց իր անառակ զավակին, իսկ հեռուստացույցից այս կողմ ուշքի եկել, տնով մեկ գոռում էր հայրս.
-Սաքո՛, ջիգյարդ ուտեմ, Սաքո՜…

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ