Երևանում վերջին 2 տասնամյակում հաճախ է պատահել, որ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության օտարման ժամանակ ոտնահարվել են սեփականատերերի շահերը: Ոմանք համակերպվում են կատարվածի հետ, տուժած քաղաքացիներից ոմանք էլ տարիներ շարունակ փորձում են վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Նման դեպքերից մեկն էլ առնչվում է Երեւանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ճանաչված գործարանատեր Համբարձում Սողոմոնյանին պատկանող շենքին:

20-րդ դարի սկզբներին Երևանում կար կոնյակի հինգ գործարան, որոնցից մեկը պատկանում էր Համբարձում Սողոմոնյանին: Նրա արտադրած կոնյակը ժամանակին արժանացել է բարձր պարգևների տարբեր միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում` Չիկագոյում և Փարիզում: Համբարձում Սողոմոնյանի ձեռնարկությունը, ինչպես նաև տունը, գտնվում էր Երևան քաղաքի կենտրոնում, նախկին Դոկտորսկայա փողոցում: Խորհրդային տարիներին դա Թումանյան փողոցի մի հատվածն էր, 23/1 հասցեն, այժմ Հյուսիսային պողոտայի սկզբնամասը: 1921 թվականին Սողոմոնյանի ձեռնարկությունը, տունը և ողջ ունեցվածքը ազգայնացվեցին: Սողոմոնյան ընտանիքին մնաց 15-16 սենյակից միայն մեկը: Ձեռնարկությունը կորցնելուց հետո մինչև իր կյանքի վերջը՝ 1925 թվականը, Համբարձում Սողոմոնյանն աշխատեց «Արարատ» տրեստում որպես կոնյակագործ։ 1925-ին նախկին գործարանատերը ընդամենը 54 տարեկանում վախճանվեց սրտի կաթվածից՝ որբ թողնելով 3 երեխաներին (կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ)։ Առողջության վրա, ամենայն հավանականությամբ, բացասաբար էր ներգործել նաեւ ունեցվածքի, շենքի կորուստը։

Խորհրդային տարիներին Սողոմոնյանների տան կիսանկուղային հարկում տեղակայված էր տպարան, իսկ բնակարանային հատվածում գտնվում էր Առողջարանային վարչությունը: Այդ տարիներին շենքը գրանցվեց որպես մշակութային և ճարտարապետական արժեք ունեցող շենք։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սողոմոնյանի թոռները փորձեցին վերադարձնել իրենց պապի ազգայնացված ունեցվածքը։ Այդ թվերին նման փորձ դեռ չկար։ Քանի որ տունը ոչ ոքի հաշվեկշռի վրա չէր, ժառանգները փորձեցին վերականգնել իրենց իրավունքները։ Նրանք դատական կարգով տպագրատան հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին կիսանկուղային տարածքի վարձակալության մասին։ Շենքի բնակելի հատվածը զբաղեցրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։ 1999 թվականին Յուրի Պոպովը՝ Համբարձում Սողոմոնյանի թոռը, կարողանում է թույտվություն ստանալ, որ տան վրա տեղադրեն Համբարձում Սողոմոնյանի հուշատախտակը։

2001 թվականին Յ. Պոպովը պայմանագիր է կնքում Հանրապետական կուսակցության հետ։ ՀՀԿ-ն, լինելով իշխող կուսակցություն, ստեղծում է այնպիսի պայմաններ, որ ժառանգները 2001-ին ստիպված վաճառում են իրենց սեփականությունը շուկայականից բավականին ցածր գնով. Թումանյան 23/1 հասցեում (այժմյան «Հին Էրիվան» ռեստորանի հարեւանությամբ) գտնվող 460քմ տարածքի դիմաց Յուրի Պոպովին վճարում են 5,5մլն դրամ։ Հիմք ընդունելով կադաստրի վերլուծությունները՝ պարզ է դառնում, որ այդ ժամանակահատվածում քաղաքի կենտրոնում 1քմ-ի գինը կազմում էր շուրջ 215 դոլար` գրեթե 20 անգամ ավելի, քան վճարել էին Յ. Պոպովին։ Քանի որ տարածքը նոր կառուցվող Հյուսիսային պողոտայի իրացման գոտում էր, գործարքից ընդամենը 5 ամիս անց Հանրապետական կուսակցությունը շենքը վաճառում է 193 հազար 154 դոլարին համարժեք դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով։ Առքուվաճառքի պայմանագիրը կնքել են Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանի, որի անունից Երեւանի քաղաքապետի 11.10.2001թ. համար 1243 որոշման հիման վրա հանդես է գալիս Կենտրոնի թաղապետը, հանձինս Ա. Զուրաբյանի, այսուհետ Գնորդ, մի կողմից և Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Ա. Մարգարյանը, այսուհետ Վաճառող, մյուս կողմից։

2001-ի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում մշակութային և ճարտարապետական արժեք ունեցող շենքը ապամոնտաժելու մասին։ Այն ապոմոնտաժվում եւ տեղափոխվում է Մելիք-Ադամյան 2 հասցե, որտեղ այժմ տեղակայված է Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբը։

Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո Սողոմոնյաննների ժառանգները փորձում են բողոքարկել շենքի առք ու վաճառքի անարդարացի պայմանները։ 2018 թվականի վերջին դատական հայց է ներկայացվել ժառանգների կողմից՝ վերականգնելու իրենց իրավունքները։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացված հայցով նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2001-ի առք ու վաճառքի պայմանագիրը։ Նկատենք, որ առք ու վաճառքի պայմանագրում չեն նշվել անգամ վաճառողի՝ սեփականության վերաբերյալ փաստերը, սեփականության իրավունքի գրանցման համարը, ամսաթիվը եւ այլն։

Համբարձում Սողոմոնյանի ժառանգներին չի գոհացնում նաեւ Մելիք-Ադամյանի փողոցում այժմյան շենքի տեսքը. այն վերականգնվել է անկնառու խախտումներով։ Դոկտորսկայա (նախկին Թումանյան) փողոցում անվանի ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով կառուցված գինու, կոնյակի գործարանի սեւ տուֆից շենքի վրա աչքի էին զարնում գեղեցիկ զարդաքանդակները՝ խաղողի ողկույզներն ու տերևները։ Շենքը 1,5-հարկանի էր, ձգվում էր փողոցի երկայնքով։ Այժմ շենքը անկյունային դիրք ունի եւ քառահարկ է։ Աղավաղված տեսքով այս շինությունը դժվար է պատմամշակութային հուշարձան անվանելը, առավել ևս, որ շենքի վրա չկա որևէ հուշատախտակ, որն անցորդներին ներկայացնի շինության պատմությունը։ Ավելորդ չենք համարում հիշատակել նաեւ, որ ՀՀԿ-ի հրապարակած հաշվետվություններում նշված գրասենյակի՝ անշարժ գույքի չափերը պարբերաբար փոփոխության են ենթարկվել։ 2017, 2018թթ. կատարված փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի կամ դրանց կազմավորման աղբյուրների մասին տեղեկություններ ստանալ չի հաջողվել։

Գործարքի իրավական հիմքերը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Նշենք նաև, որ այս գործով դատական նիստերը նշանակվում են մեծ դադարներով. վերջին նիստը եղել է 2019-ի մայիսի սկզբին։ Հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբեր ամսին:

Քրիստինա ՀՈՎՍԵՓՅԱՆ