ՀՀ Արմավիրի մարզպետարանի լրատվականի տեղեկացմամբ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ, արդյունքում վերջինս, հետագա բախումներից խուսափելու համար, որոշում է կայացրել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Ավելի ուշ հանդիպում է եղել այս կազմի ու համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների, համայնքի բնակիչների հետ, հայտարարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Այն, ինչ ներկայացրեցինք վերևում մարզպետարանի լրատվականի տեղեկացմամբ, հարկավ ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ:

Ինչ է իրականում եղել:

Բառացիորեն՝ այլանդակություն ու դա մի բռան չափ համայնքում, որտեղ բոլորը բոլորին նախապապից եղած ժամանակներից են ճանաչում ու այնքան են խեղվել մերօրյա հարաբերությունների գարշահոտ ճահճում, որ իրար վրա թուր ու թվանք են քաշում, իրար ծակ մաղ են սարքում, ու բարեբախտությունն այն է, որ բանը գոնե մարդկային կյանքի կորստով չի ավարտվել: Մնում է աղոտ հուսալ, որ Զարթոնք համայնքի այս բաեվիկությունը չի տարածվի մեր մյուս համայնքների վրա, ու մյուս մարզերի մարզպետներն էլ Համբարձում Մաթևոսյանի պես ռազմի առաջին գիծ չեն գնա բանը բանից անցած լինելուց հետո ու, այստեղից խնդրվում է ուշադրության առանձնակի կենտրոնացում, ողջունեն համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը:

Ժողովուրդ, տպավորություն չեք ստանո՞ւմ, որ եղածը կարծես թե միջազգային ահաբեկիչների խաղաղեցման գործընթացի մասին պատմություն է, Համբարձում Մաթևոսյանն էլ՝ միջազգային հաշտարար բրիգադի ներկայացուցիչ համարյա Խաղաղության համար Նոբելյանի մրցանակի ներկայացնելու ազգային, պետական գործիչ:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ