Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: Դրանք գոլառատությամբ աչքի չընկան, ինչը ֆուտբոլասերի մեջ ավելի հիշարժան է դարձնում խաղի թողած տպավորությունը, սակայն դրամատիզմի առումով եղածն անվիճարկելի է: Չորս հանդիպումից թերևս միայն մեկում էր, որ միանգամայն սպասված արդյունք գրանցվեց: Խոսքը, ինչպես հավանաբար գլխի եք ընկնում, «Լիվերպուլ»-«Պորտու» դիմակայությանն է վերաբերում, որտեղ ակնհայտ էր անգլիական թիմի առավելությունը, ու որտեղ, եթե ինչ-որ բան հանկարծ այնպես չլիներ, մեղքը դարձյալ փնտրվելու էր «Լիվերպուլի» մեջ: Թերևս այսքանով էլ բավարարվենք այս ներածականով, անցնենք մասնավորեցումներին ու հենց «Լիվերպուլ»-«Պորտու» դիմակայությունից էլ սկսենք:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ»-«ՊՈՐՏՈՒ»
Որ պորտուգալական թիմի համար միանշանակ դժվար էր լինելու Չեմպիոնների լիգայի անցած տարվա եզրափակչի մասնակցի հետ դիմակայությունը, քննության չառնենք՝ վերևն արդեն մի երկու բմբուլ գցել ենք: Այո, Յուրգեն Կլոպի սաները շատ բարձր որակի խաղ են ցույց տալիս թե՛ այստեղ՝ եվրոպական այս հեղինակավոր խաղարկությունում, թե՛ ներքին առաջնությունում, որտեղ չեմպիոնության համար պայքարում խելահեղ մարտի են բռնվել «Մանչեստր Սիթիի» հետ: Ա՛յս «Լիվերպուլի» պարագայում նկատի ունենք նրա մրցակիցներին ու, ընդ որում անկախ մրցաշարի կարգավիճակից, որոշիչը լոկ երկու գործոն է՝ թիմի վրա իջնելիք (չիջնելիք) հոգնությունը կամ հնարավոր վնասվածքները, թե չէ մնացած բոլոր դեպքերում, անկախ մրցակցի ով լինելուց, որոշիչը լինելու է… դիպվածը: Ճշմարտությունն այն է, որ ա՛յս «Լիվերպուլը», այո, հավասարի իրավունքով պատրաստ է ճակատ տալու մրցաշարում մնացած ցանկացած թիմին: Ինչ վերաբերում է «Պորտուի» հետ կոնկրետ խաղին, անգլիացիները գնացին ռացիոնալ ճանապարհով՝ առաջին խաղակեսում արձանագրեցին երկու գոլ (Կեյտա (5՚) ու Ֆիրմինո (26՚) ու մնացած ժամանակահատվածը տնօրինեցին այնպես, ինչպես կամեցան: Հիմա ասածս դուր կգա, թե դուր չի գա պորտուգալական ակումբի երկրպագուներին, «Լիվերպուլն» արեց այն, ինչ իրենից սպասվում էր ու հանգիստ խղճով, մոտավորապես գործը համարյա հարյուր տոկոսի չափով արածի գիտակցությամբ գնալու է պատասխան խաղին: Ինչ խոսք, որ իր հարկի տակ «Պորտուն» մրցակցին հեշտ ու հանգիստ կյանք չի խոստանալու: Այն հարկավ կփորձի օգտվել սեփական խաղադաշտի առավելությունից, իսկ վիրավոր գազանը, իմացած կլինեք, խիստ վտանգավոր է դառնում: Ինչևէ, չասենք թե ամեն ինչ որոշված է, թեպետ… կարծես թե որոշված է:

«ՏՈՏԵՆՀԵՄ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Այս դիմակայությունն այս մրցաշարի այն հանդիպումների կարգից էր, որտեղ դիպվածն էր ամեն ինչը որոշողը լինելու: Ավելի փայլուն հնարավորություն, քան հակառակորդի դարպասին նշանակված տասնմեկմետրանոցն է, որքան գիտեմ, ֆուտբոլում էլ չի լինում: Նշանակվեց այդ տուգանայինը ու նշանակվեց տանտերերի դարպասին: Այստեղ պիտի մի քիչ միջանկյալի կարգի բան ասեմ: Խոսեպ Գվարդիոլայի սիրտն ասես վկայում էր, թե ինչ ավարտ պիտի ունենա այդ տուգանայինի իրացումը, ու պատահական չէ, որ երբ Ագուերոն մոտեցել էր նշանակետին, մարզիչը գլուխը կախել էր, որ չտեսնի հարձակվողի… վրիպումը:
Գվարդիոլայի կանխազգացումը նրան, ցավոք, չդավաճանեց, փոխարենն ավելի թևավորվեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները, որոնց ջանադրության պակասի մեջ ուզենայիր էլ, չէիր կարող մեղադրել:
Հիմա հաղթանակը նվազագույն հաշվով է, թե ոչ, թեպետ նվազագույն հաշվով է, պատասխան խաղի կառուցվածքի մեջ սկզբունքորեն ոչինչ էլ չի փոխում: «Տոտենհեմը» Պոչետինոյի ջանքերով խիստ բարձրակարգ ֆուտբոլային համույթի է վերածվել, ու նրա հետ մրցակցության մեջ մտնել թեթևամտության հովերով տարված ու տոգորված, հանձնարարելի չէ: «Տոտենհեմի» կողմից «քաղաքաբնակների» հետ ունեցած վերջին երեք հանդիպումների պարտության մուռը հանված է, «Մանչեստր Սիթիին» մնում է վերականգնել մրցակցի հետ ունեցած հաղթական ավանդույթների հիշողությունը: Ի միջի այլոց, սա մեկ քառորդի միակ զույգն է, որտեղ երկուսն էլ ներկայացնում են նույն երկիրը: Ասվածը հավասարապես նշանակում է, որ Անգլիան կիսաեզրափակչում առնվազն մեկ թիմ պակաս կունենա: Սա, իհարկե, մեր մեջ, այստեղ-այնտեղ չծավալվելու վստահությամբ եմ ասում:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Բարձրագոչ արձագանքումների ու հայտարարությունների սիրահար շատ ֆուտբոլասերներ ու նրանց թվում նաև որոշ հեղինակավոր մասնագետներ շտապեցին այս մրցակցությունը որակել որպես Պոգբա-Մեսի դիմակայություն՝ մոռանալով, որ որքան էլ ֆրանսիացի սևամորթը տաղանդավոր ֆուտբոլիստ է, այդուհանդերձ, չի կարող համեմատության մեջ դրվել մեկի հետ, ով բացառիկ է, ում շնորհքն աստվածատուր է:
Էլի շարունակե՞մ, թե՞ իրար հասկացանք:
Խաղը, ինչ խոսք, ուներ բարձր կարգ ու հնչողություն, սակայն կներեք, Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլ պատահական թիմեր չեն հասնում: Այս խաղում գրանցվել է նվազագույն հաշվով հաղթանակ, իսկ դարպասի գրավումն այսպես է եղել. Լիոնել Մեսին գնդակը կախել է տուգանային հրապարակի հեռավոր անկյունը, որտեղից էլ Լուիս Սուարեսը, մանկունիացիների պաշտպան Լյուկ Շոուի մասնակցությամբ, գրավել է «Մանչեստր Յունայթեդի» դարպասը:
Կասեք՝ դրվագի ու առհասարակ խաղի մեկնաբանությունը պարզունակ ստացվե՞ց:
Լիովին համաձայն եմ, ու շատ էլ ճիշտ կանեք, որ այդպես ասեք, բայց այդ ո՞վ էր ում ասել, որ Պոգբա-Մեսի համեմատությամբ մարդուս սիրտը բարկությամբ լցնեին ու այն էլ այն աստիճանի, որ բերան բացելու մի առանձնակի ցանկություն չունենա:
Հուսով եմ՝ իրար ճիշտ ենք հասկանում: Դրա համար եմ այսպես տնավարի խոսում:
Համ էլ մենք մերոնցով ենք, ուրիշ մարդ չկա:
Կողմերի այս առաջին հանդիպման փոխարեն ես կգերադասեի ու գերադասում եմ ավելի շատ սպասվելիք երկրորդ խաղին հիմնովին անդրադառնալ, քանզի մանկունիացիները կորցնելու այլևս ոչինչ չունեն ու պիտի ջանան: Այ էդ ջանալն էլ, խոսք եմ տալիս, հիմնովին ներկայացնել ձեզ:
Մինչև հաջորդ դիմակայությանն անցնելը ասեմ, որ «կարմիր սատանաների» հետ այս խաղով իր պատմության մեջ «Բարսելոնն» այս հեղինակավոր մրցաշարում 14-րդ անգամ է մրցակցին հաղթել ի հաշիվ ինքնագոլի: Այս ցուցանիշով կատալոնյան ակումբը հավասարվեց Մադրիդի «Ռեալին» ու Լոնդոնի «Չելսիին»:

«ԱՅԱՔՍ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Այս խաղը նայելիս գլխումս անընդհատ պտտվում էր Ավետիք Իսահակյանի «Հե՜յ դու, ջահել, հպարտ հասակ» բանաստեղծական տողը: Ես տող եմ ասում, դուք ողջ բանաստեղծությունը հասկացեք. վերջ ի վերջո, համալսարանի բանասիրականում հինգ տարի շարունակ շալվար, ճիշտ է, չենք մաշել (դասախոսություններին մասնակցությունը բանի նման չի եղել), բայց դե էդ կողմերում մի քիչ ֆռֆռացել ենք:
Հիմա տողի հաշվով կհարցնեք՝ էս ուր է խոսք թեքո՞ւմ:
Ոչ մի տեղ էլ չեմ թեքում: Պարզապես հոլանդական ակումբի այս երիտասարդ սերունդն էր իր խաղով ինձ իմ հայրենակից հսկայի պոետական անդաստանները տարել: Անկեղծ եմ ասում՝ հմայվել կարելի էր այն բանից, թե այաքսյան այս ջահելությունը «ծեր սինյորային» ինչպես էր դեմ տվել պատին (նկատի ունեմ՝ դարպասին) ու չէր թողնում պառավին շորորալ:
Պառավ ասածս մի քիչ հարաբերականորեն հասկացեք, որովհետև պառավ կա… էլ բերանս չբացեք ասելու, թե քանի ջահելի հորթի տեղ ջուրը տանի՝ ծարավ կբերի: Բայց դե բոլոր դեպքերում անչափ հետաքրքիր էր ու դիտարժան այս մրցակցությունը, և խորհուրդս ձեզ (չքնաղ թոռնուհուս ծննդյան էս ազիզ օրով ինձ ձեզ հորդորելու դաժան պարտավորությանը չմղեք)՝ անպայման դիտեք այս խաղը: Գերագույն հաճույք կստանաք:
Ասում եք՝ բան մոռացա՞:
Ռուսը մի քիչ հայավարի կասեր՝ «վալնավացը» պետք չի:
Հա՛նգիստ:
Ոչինչ էլ չենք մոռացել ու ոչ ոք էլ չի մոռացվել:
Խաղն ավարտվել է կողմերի՝ գոլերի մեկական փոխանակմամբ, ու եթե չլիներ միջխաղյա հանգ
ստի ժամանակը, հանդերձարան գնալը, մի քիչ շունչ քաշելը, ստիպված պիտի լինեինք փաստել, որ, 45-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուի կողմից դարպասի գրավմանն ի պատասխան, Մերեսը հաջորդ իսկ րոպեին վերականգնել է հաշվի հավասարությունը:
Հարկավ կարելի էր հոդվածի վերջում մի կեսբերան ասել, որ պատասխան հանդիպումները մեկ շաբաթ անց են լինելու, բայց միանգամից ամեն ինչ ուզելն էլ մի բան չէ: Սովետի ժամանակ խանութների վարիչներ կային, որ հենց ուզում էիր ճշտել՝ ե՞րբ, պատասխանում էին՝ ստեղ ենք, հո չփախանք:
Այնպես որ,՝ ամեն ինչ ժամանակին ու իր տեղին:
Այսօր՝ այսքանը:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ