Սարգիս Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նրանում, որ հայաստանյան երգահանների ու երգիչների մեծ մասը ռաբիսի մակարդակից չբարձրացավ, և նրանում, որ շատերը հոգեբանորեն մնացին պալատական աշուղի կարգավիճակում, մեղավոր են ո՛չ թե հենց իրենք՝ արվեստի (մեղա-մեղա) այդ գործիչները, այլ այն իշխանությունը, որը եղել է Հայաստանում վերջին 20 տարում:
Իսկ այդ իշխանության ներկայացուցիչների «ընկերակցությունը», չմոռանանք, ամենավճարունակ պատվիրատուն էր:
Իշխող այդ «դասակարգը», լինելով իր մտածողությամբ թայֆայական, իսկ էսթետիկական ընկալումներով՝ ռաբիս (լայն իմաստով), ձևավորեց «մշակութային արտադրանքի» հանդեպ իր ճաշակին համապատասխան պահանջարկ: Եվ ձևավորեց դա «նորմալ, շուկայական մեխանիզմներով». իրենց նեղ միջոցառումներին կատարողների կոնկրետ կոնտինգենտի ներկայացուցիչների հրավիրելով; հանրային միջոցառումներին ներգրավելով հիմնականում «իրենց գեղից» (իրենց ճաշակի) կատարողների՝ դրանով իսկ խրախուսելով կոնկրետ ուղղությունները; ստեղծելով համապատասխան որակի մեդիադաշտ (որը տարածում էր ավելի շատ այն, ինչը սիրում էր իշխող վերնախավը); բաշխելով անիմաստ, ժամանակավրեպ կոչումներ և այլն:
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր. հեղինակներն ու կատարողները կա՛մ պետք է այս կամ այն չափով համապատասխանեին ամենավճարունակ պատվիրատուի և վերջինիս ստեղծած մեդիաշուկայի պահանջներին, կա՛մ պետք է հրաժարվեին իրենց գործունեությունում քչից-շատից շոշափելի ֆինանսական հոսքերից ու ստատուսից՝ կրելով դրա բոլոր բացասական հետևանքները:
Բնականաբար, որպես տնտեսվարողներ, նրանք կատարել են ռացիոնալ ընտրություն՝ բավարարել են ամենախոշոր պատվիրատուի պահանջարկը, ինչպես նաև շուկա են հանել այնպիսի արտադրանք, որի տարածումն ու սպառումը երաշխավորվում էր մեդիայի կողմից:
Այդպես, ահա, առաջին պլան եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները: Տրված իրականությունում դա նորմալ է, և իրենց մեղադրել չի կարելի: Եվ ծանր պետք չէ տանել, դա անցողիկ է՝ ինչպես վերնախավերի իշխանությունը»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: