Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությանը՝ հանդիպման նախաձեռնության հեղինակը դարձյալ Ռուսաստանն է, որն արդեն երկու անգամ, Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում, կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Հանդիպմանն ընդառաջ անսպասելի նախաձեռնություն է հնչել Արցախից: Նախկին վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը առաջարկել է համագործակցել Ադրբեջանի հետ երկու ոլորտներում՝ միջազգային չվերթների համար բացել Արցախի օդային տարածքը եւ համատեղ շահագործել Սարսանգի ջրամբարը: Իր հերթին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարի Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արայիկ Հարությունյանի առաջարկը Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար:

Նկատենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի թեման ժամանակին արծարծվել էր Բակո Սահակյանի մոսկովյան այցի ժամանակ: Սրանից զատ ընթերցողը պիտի որ հիշի, թե դարձյալ ժամանակին ՀՀ նախագահ եղած Սերժ Սարգսյանը հայտարարել էր Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը լինելու մասին: Հիմա, ինչ խոսք առաջին պլան չի մղվում Սերժ Սարգսյանի առաջին ուղևոր լինելու հարցը, բայց որ Ռուսաստանն ակնհայտ շահագրգռություն ունի Ստեփանակերտի օդանավակայանի հարցում, աներկբա է: