Այս օրերի մարզական ամենախոշոր իրադարձությունը մնում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը շատ արագ անցավ խմբային փուլն ու փլեյօֆյան հանդիպումների դռանն է։ Մեզ հարկավ առարկողներ կլինեն՝ նշելով Մինսկում ընթացող Համաեվրոպական երկրորդ խաղերը, որ ներկայումս էլ ընթացքի մեջ է ու իր ֆորմատով օլիմպիական խաղերն է հիշեցնում անգամ անցկացվող ժամանակաչափի կտրվածքով, բայց, մի կողմից, ճաշակին ընկեր չկա, մյուս կողմից էլ Համաեվրոպականը, որպես առաջնակարգ միջոցառում, անցնելիք ճանապարհ ունի ինչ-որ բան ցույց տալու ու հաստատելու համար։ Այնպես որ, գնահատականներում եկեք առանձնապես չշտապենք, որքան էլ կանք ու մնում ենք հիմնադրվող ամեն նորի հավատավորը։


Հա, ուրեմն Ամերիկայի գավաթի խաղարկությունում փլեյօֆյան փուլում ենք, ունենք մեկ քառորդը կազմած Բրազիլիա-Պարագվայ, Վենեսուելա-Արգենտինա, Կոլումբիա-Չիլի, ՈՒրուգվայ-Պերու զույգերը, որոնցից առաջին երկուսն արդեն անցած գիշեր անցան հարաբերությունների պարզման։ Եվ այսուհանդերձ ընթերցողին առաջարկում ենք խաղարկության անցնելիք հետագա ճանապարհը ներկայացնելը սկսել սկզբից, մանավանդ որ դրանցում գնահատականներ են հնչելու, որոնք շատ բաներում լույս են սփռելու լինելիք իրադարձությունների վրա։

ԷԿՎԱԴՈՐ ԵՎ ՃԱՊՈՆԻԱ: Եվ այսպես՝ խաղարկությունը կազմած տասներկու հավաքականից ամենադժգույն խաղը ցուցադրեց Էկվադորի ընտրանին։ Անգամ խմբային երկու պարտությունից հետո այն փլեյ օֆ դուրս գալու հնարավորություն ուներ, սակայն դրա համար հարկ էր գոնե Ճապոնիայի հավաքականին հաղթել։ Մինչդեռ էկվադորցիների առավելագույն արածը ոչ-ոքին էր, ու ամբողջ ցավն այն է, որ իրենց հետ օդանավակայան քարշ տվեցին և ճապոնացիներին։
Քանի որ, այսպես թե այնպես ճապոնացիներին անդրադարձանք, նրանց թեման էլ փակենք ու նոր անցնենք առաջ։ Ծագող արևի երկրի ընտրանին արդեն երկրորդ անգամ է հայտնվում այս խաղարկությունում։ Առաջինը 1999-ին էր, ու դարձյալ ամեն ինչ ավարտվեց խմբային փուլում։ Սակայն այս անգամ ճապոնացիներին ներկայացնելիք մեղադրանքների հարցում փոքր-ինչ խնայողական պիտի լինել։ Ակնհայտորեն նրանք այստեղ եկել էին հաջորդ ամռանը Տոկիոյում կայանալիք խաղերի հեռանկարով, ու պատահական չէ, որ հավաքականի 18 ֆուտբոլիստ 22 տարեկանից բարձր չէր, ինչը նշանակում է ուժերի փորձարկում օլիմպիական խաղերից առաջ։
Միանշանակ։
Ընդ որում՝ հաջողված։
Այո, այո, չնայած պարտությանը՝ հաջողված, որովհետև դա վառ խաղ ունեցած հավաքական էր, որին փորձն էր պակասում կամ քչություն անում ավելի սոլիդ երևալու համար։

ԲՈԼԻՎԻԱ: Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բոլիվիայի ընտրանու ամենախոշոր ձեռքբերումը եղել է 1997-ին, իր համար տնային խաղարկությունում, որի ժամանակ կարողացան առավելագույնը քաղել ստեղծված պայմաններից։
Ի՞նչ պայմանների մասին է խոսքը։
Բնական։ Ծովի մակերևույթից 3673 մետր բարձրության վրա գտնվող Բոլիվիայի մարզադաշտերում մնացած բոլորը շնչելու խնդիրներ պիտի ունենային ու ունեցան էլ, իսկ իրենց համար նման պայմաններում ապրելն ու խաղալը առօրյա ապրելակերպ էր ու է։ Նկատենք, որ 1999-ից հետո բոլիվիացիները մեկ էլ 2015-ին են հաղթահարել խմբային փուլը։

ԿԱՏԱՐ: Ասիայի գավաթի հաղթողն այս խաղարկությունում ավելին անելու շանս երևի թե չուներ էլ, քանզի խաղամակարդակի տարբերություն կա, որքան էլ որ հավաքականը համալրված է երիտասարդ բրազիլացիներով։ Համենայն դեպս, ճապոնացիների պես կատարցիներն էլ լավ դպրոց անցան։ Ամենակարևորը՝ օգտակար և ուսանելի։

ՊԱՐԱԳՎԱՅ: Մասնագետների դիտարկմամբ՝ այս հավաքականը թարմության ու հնարամտության առումով չզարմացրեց, թեև եթե 11-մետրանոցն անվրեպ իրացներ, պարտության էր մատնելու արգենտինացիներին, իսկ Կատարի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Սակայն այս երկուսի կողքին ամենաանտանելին կոլումբիացիներից կրած պարտությունն էր, ովքեր փլեյ օֆ դուրս գալու հարցը վաղապես լուծած լինելով, պահեստային կազմ էին հանել խաղադաշտ ու այդ կազմով էլ փակեցին փլեյ օֆ տանող պարագվայցիների ճամփան։ Ահա ամենացավալին, որ նրանք պիտի կարողանան մարսել։

ԱՐԳԵՆՏԻՆԱ: Հարավամերիկյան տասը թիմից վեցի գլխավոր մարզչի համար սա առաջին մրցաշարն էր։ Սակայն անգամ այս պարագայում արգենտինացիների ֆոկուսն անգերազանց էր՝ խաղարկության գալ ժամանակավոր մարզչով։
Սկալոնին հիմնովին էր թարմացրել հավաքականի կազմը։ Տղաներից միայն ինն են մասնակցել աշխարհի վերջին առաջնությանը, իսկ այս գավաթի խաղարկության փորձ ունեին հինգը։
Խմբայինում արգենտինացիներն ամեն ինչից ունեցել են մեկական օրինակ, ու եթե չլիներ կատարցիների նկատմամբ հաղթանակը, փլեյ օֆում դժվար էլ լինեին։ Համենայն դեպս, փաստենք մի պարզ ճշմարտություն՝ սա մի հավաքական է, որտեղ անգամ համաշխարհային ֆուտբոլի գերաստղերն են խամրում։

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ: Այս հավաքականը խմբայինից դուրս եկավ երկրորդ տեղով՝ հաղթելով Պերուին ու չպարտվելով բրազիլացիներին։ Եթե ասվածին անկեղծ ու սթափ մոտենանք, եղածը կատակ բան չէ։ Մի բան էլ ընթերցողին հիշեցնենք՝ գարնանը այս ընտրանին արգենտինացիներին հաղթել է 3։1 հաշվով։ Չէ, մենք առանձնապես ոչինչ չենք ակնարկում կողմերի այսօր կայանալիք մրցակցության կապակցությամբ, բայց ինչ իմանաս, թե ինչ կարող է լինել։

ՊԵՐՈՒ: Փլեյօֆյան փուլ դուրս գալը երրորդ տեղով առանձնապես ոգևորիչ չէ, սակայն իրականության հետ ամենաուղիղ աղերս ունեցող բանն է, որ կարող ենք անվարան հիշատակել։ Ըստ էության, պերուացիներն իրենց գլխավոր անելիքն արեցին՝ խմբային երկրորդ խաղում հաղթելով Բոլիվիայի ընտրանուն։ Պերուացիների առաջիկա խաղն ուրուգվայցիների կատաղի ընտրանու հետ է, ընդ որում, առանց թիմի գլխավոր հարվածային ուժի՝ Ջեֆերսոն Ֆարֆանի, որը ծնկի վնասվածք է ստացել ու վաղաժամկետ լքել մրցաշարը։

ՉԻԼԻ: Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղարկությունների հաղթողը փլեյ օֆում է, ու սրանում զարմանալի ոչինչ չկա։ Ավելի շուտ, հակառակը զարմանալի կլիներ։ Սակայն այս հավաքականի հետ կապված մտահոգողը մեկ այլ բան է։ Այն ծերանում է ու, ընդ որում, ծեր է նկատելիորեն, իսկ այն էներգածախս ֆուտբոլը, որ ցույց է տալիս, չի կարող խնդիրների առաջ չկանգնեցնել։ Եթե ոչ հիմա, ապա առնվազն մոտ ապագայում։ Իսկ ամենախոշոր փորձությունը կոլումբիացիների հետ սպասվելիք խաղն է։

ԿՈԼՈՒՄԲԻԱ: Կառլուշ Կեյրուշը հիրավի անխոցելի թիմ է ստեղծել։ Կոլումբիացիներն այս խմբայինն անցել են 2։0, 1։0, 1։0 հաշիվներով ավարտված խաղերով, իսկ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ այն յոթերորդ անընդմեջ հանդիպումն է անցկացնում՝ մրցակիցներին չտալով իրենց խոցելու հաճույքը։ Հասկանալի է, որ այսպես անվերջ չի կարող շարունակվել, բայց փաստն էլ չի կարելի ուրանալ։ Նկատենք, որ թիմն իսկապես հրաշալի է խաղում, և որ հատկանշական է, նորից փայլում է Խամես Ռոդրիգեսը։

ԲՐԱԶԻԼԻԱ: Խաղարկությանը մասնակցող ոչ մի թիմ այնպիսի հզոր ճնշման տակ չէ, ինչպես Բրազիլիան։ Սա այս հավաքականի համար տնային հինգերորդ խաղարկությունն է՝ նախորդ չորսում հաղթական ելքով։ Հասկանալի է, թե ինչ պահանջներ են դրվում նաև այս անգամ։
Խմբային երեք խաղից միայն մեկում է, որ հավաքականը ստացել է ֆուտբոլասերի անվերապահ աջակցությունը։ Դա եղել է Պերուի հետ խաղում, երբ Բրազիլիան արդեն 33-րդ րոպեին հաղթում էր 3։0 հաշվով։ Բոլիվիայի ու Վենեսուելայի ընտրանիների հետ խաղում Տիտեն ու նրա համքարությունը սուլոցների են արժանացել։ Դե, ինչ կարող ես անել. սա Բրազիլիան է ու բրազիլացիներն են, որտեղ ֆուտբոլի մասին պատկերացումներն այլ չափումներ ունեն։
Ի՞նչ օրինաչափություն է նկատվում Բրազիլիայի այս հավաքականի պարագայում։ Եթե թիմը չի դառնում արագ գոլի հեղինակ, սկսվում են պրոբլեմները։ Սակայն մեկ ուրիշ բան էլ է նույնքան ակնհայտ։ Այս թիմը խաղում է՝ իր կամքը պարտադրելով, մրցակցին մեթոդապես ճնշելով։ Ինչպիսի՞ն այն կլինի փլեյ օֆում, առանձնապես երկար չենք սպասելու, թեպետ, եթե անկեղծ, Պարագվայն այն հավաքականը չէ, որ քննությունը լիարժեք է դարձնելու։ Ինչևէ։

ՈՒՐՈՒԳՎԱՅ: Օսկար Տաբարեսը լավ հավաքական է բերել։ Խմբային երեք խաղում էլ թիմն օրիգինալ է եղել ու խաղի կազմակերպման առումով մեկը մյուսին չի կրկնել։ Ասել է թե՝ վարժվել թիմի խաղին ու, ըստ այդ յուրացման, ապագա խաղի սխեման կազմել, բարդագույն խնդիրներից է լինելու յուրաքանչյուր մրցակցի համար։
Ինչ խոսք, որ ասվածը բնավ էլ չի նշանակում, թե այն երաշխավորված առաջին տեղով է ավարտելու խաղարկությունը, սակայն դա անելու պոտենցիալն ունի։ Նման պարագայում մեզ միայն մի բան է մնում անել՝ սպասել, իսկ եղած բաների մասին խոսելն ավելի հեշտ է։ Սպասենք այդ հեշտի վրա հասնելուն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ