ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն գրքերի թարգմանության հնարավորությունները։ Համագործակցության մյուս ուղղությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման գործում համատեղ աշխատանքի իրականացումն է թե՛ մասնագետների փոխանակման ծրագրերի, թե՛ միջազգային կազմակերպություններում համագործակցության միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Մատենադարանում, արաբական մշակույթի վերաբերյալ լուրջ գիտելիք կա կուտակված, և հայկական կողմը պատրաստ է թվայնացնել այդ գիտելիքն ու փոխանցել արաբ մասնագետներին՝ ուսումնասիրությունների նպատակով։ Հանդիպման ընթացքում նախարարը հիշատակել է Երևանի պետական համալսարանում գործող Արաբագիտության ամբիոնի մասին՝ ընդգծելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարելի է ընդգրկել այն երկրների ցանկում, ուր այցելում են հայ ուսանողներն արաբերենի իրենց գիտելիքները խորացնելու նպատակով։ Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմին, իր հերթին, նույնպես կարևորել է Հայաստանում արաբերենի ուսուցանումը՝ նշելով, որ պատրաստ են այս հարցում ամենալայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին։