Հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում կայանալիք «Բաբելոն շոու» ներկայացմանն ընդառաջ զրուցել ենք դերասան Հարություն Հովհաննիսյանի հետ։ Երիտասարդ տաղանդավոր դերասանն արդեն հասցրել է աշխատել մի շարք հայտնի ռեժիսորների հետ՝ Զառա Անտոնյան, Տաթև Հակոբյան, Սամվել Թադևոսյան, Արշակ Խաչատուրյան (ի դեպ՝ վերջինիս՝ Հարություն Հովհաննիսյանի մասնակցությամբ «Innocent» ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնին), սակայն «Բաբելոն շոու» ներկայացման մեջ նա առաջին անգամ ներկայանում է հենց ռեժիսորի կարգավիճակում։ Խոսելով առաջին ռեժիսորական աշխատանքի մասին՝ Հարությունը շեշտում է՝ հետագայում նախընտրում է «ավելի շատ խաղալ», իսկ մինչ այդ պատմում է «Բաբելոն շոու» ներկայացման ստեղծման, դերասանական կազմի, հանդիսատեսի ընկալումների և մարդ-տիեզերք կապի մասին։

«Ներկայացումը ծնվել է շատ բնական ճանապարհով՝ շատ լուրջ էներգիայի կուտակումից, որը պետք է դառնար ինչ-որ բան՝ եթե քանդակագործ ես՝ քանդակ, երաժիշտ ես՝ նոր ստեղծագործություն, իմ դեպքում՝ ներկայացում»,- ասում է Հարությունը։

Դերասանական կազմի մասին նշում է «Գլխավոր դերասանը Անդրանիկ Միքայելյանն է, հարվածային գործիքների կատարումը Հայկ Գալստյանինն է, ներկայացման համար գրվել է երաժշտություն, որի հեղինակն է Մանվել Սարգսյանը, հագուստի ձևավորումը Վալենտինա Ջուլհակյանինն է, բեմի նկարիչը Գայանե Ավետիսյանն է, իսկ աֆիշի հեղինակը՝ Ժաննա Հովհաննիսյանը»։

Աշխատանքային տպավորիչ հետագիծ ունեցող դերասանը դժվարանում է խոսել ներկայացման հիմքում դրված գաղափարի մասին, քանի որ գրեթե միշտ հանդիսատեսն ունենում է սեփական ընկալումները, մեկնաբանությունը։ «Թատրոնն այն օրգանն է, որ միայն այսօր է և մեկ անգամ, և ամեն օր կա նոր ասելիք, թեպետ ներկայացման մեջ կան մեսիջներ, որոնք նպատակաուղղված են։ Դրանցից մեկը խոսում է մարդու և տիեզերքի անխախտելի կապի մասին, որը հաճախ հերքում ենք և կորցնում ներդաշնակությունն ինքներս մեր հետ։ Ներկայացման սկիզբը և վերջը հիշեցնում են այդ կապի մասին»,- մանրամասնում է Հարությունը և հավելում՝ եթե մարդը չի զարգացնում այն, ինչը տրվել է ի վերուստ, ապա կարող է անդառնալիորեն կորցնել այն և հենց այդ ժամանակ էլ սկսվում է ներքին քաղցը, հոգևոր անբավարարվածությունը։

Հարությունը «Բաբելոն շոուի» միջոցով բարձրաձայնում է սեփական ուժերին վստահելու, անհատականություն լինելու անհրաժեշտության մասին«Մարդը պետք է հաշտ լինի, ներդաշնակ լինի ինքն իր հետ (տա այն, ինչ ուզում է հետ ստանալ), և միայն այդ ժամանակ հնարավորությունն ավելի մեծ կլինի անհատականություն ձևավորելու»։

Անդրադառնալով ներկայացման աստվածաշնչյան հատվածին՝ դերասանը նշում է«Մի հատված վերցված է Աստվածաշնչից՝ Բաբելոնի աշտարակաշինությունից, որտեղ ասվում է՝ եկեք մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի և մեզ համար համբավ վաստակենք, որպեսզի ամբողջ երկրով մեկ չցրվենք, որից հետո եղավ ազգերի և լեզուների բաժանումը»։

Հարությունի համոզմամբ՝ այսօր միասնականության մասին գոռացող խմբերն աղանդների և տարատեսակ կրոնական կազմակերպությունների տեսքով «միշտ տանում են նրան, ինչ կատարվեց Բաբելոնի աշտարակի հետ»՝ պառակտման և բաժանմանԹերևս հենց այստեղ է ներկայացման գլխավոր ասելիքը, որ Հարություն Հովհաննիսյանը ձևակերպում է հարցով. «Եթե նավը հորզոնում այլևս չի երևում, դա չի նշանակում, որ նավը գոյություն չունի, չէ՞»։

Քրիստինե Հովսեփյան