ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 01.00-ի մինչև 01.00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, օգտվելով Երևան քաղաքի Վ.Սարգսյան փողոցում կայանված ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել են փաստաթղթեր, կնիք, անձնագիր և գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Տեսանյութը կարող եք դիտել՝ այցելով https://www.youtube.com/watch?v=lkI978Es7sU

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: