Աշոտ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է. «Սա Կոմիտասի փողոցի վերջում նորակառույց եկեղեցին է: Եկեղեցիներ կառուցելու վերաբերյալ կան բազմաթիվ թեր և դեմ կարծիքներ: Այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Եկեղեցու մոտ նախկինում կար մի գեղեցիկ լճակ՝ ջրվեժով ու կամուրջով: Նավակներ կային, արահետներ, նստարաններ: Մոտակա շենքերի բնակիչների սիրած հանգստի գոտին էր: Երեխա ժամանակ հաճախ էինք այդտեղ հանգստանում, վազվզում, խաղում: Ձմռանը դահուկով սահում էինք: Ուսանողական տարիներին ընկերներով իջնում էինք քննություններից առաջ մաքուր օդ շնչելու: Մարդիկ գալիս էին ընտանիքներով, ըկերներով:
Նույնիսկ «Բարև, ես եմ» ֆիլմի մի դրվագ է նկարահանվել այդտեղ:

Հետո կոյուղին բացեցին լճի մեջ: Հետո լիճը ցամաքեց: Հետո դարձավ աղբանոց: Հետո դարձավ զուգարան բաց երկնքի տակ: Մի մասում ինչ-որ շինարարություն սկսվեց ու այդպես էլ մնաց կիսավարտ:

Հետո սկսվեց եկեղեցու շինարարությունը: Հույսեր ծագեցին, որ տարածքը կրկին կբարեկարգվի: Բայց, ավա՜ղ...

Եկեղեցամերձ հողատարածքի միայն մի մասը պատով առանձնացվեց մնացած աղբանոցից ու կանաչապատվեց: մնացյալը մնաց անտեր՝ նույն աղբանոցը, նույն անտանիք զուգարանը:

Պատը, որ կառուցվել է եկեղեցու տարածքը շրջապատից առանձնացնելու համար, չինական պարիսպ է հիշեցնում:

Հիմա ամենակարևորը. մի՞թե հնարավոր չէր այդ պատի գնով բարեկարգել մնացած տարածքը: Մարդիկ կգային հանգստանալու, կօրհնեին բարեկարգողներին: Հանգստացողների մի մասն էլ կմտնեին եկեղեցի, կաղոթեին:

Մոմ կառնեին...»

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: