Հարություն Բալյան: Ծնվել է 1955-ին, Երևանում։ Սերում է Մերսինի և Ադանայի Պալյան տոհմից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և Իրավատնտեսագիտական համալսարանը։ Զբաղեցրել է մի շարք պետական և զինվորական պաշտոններ, արժանացել է կառավարական պարգևների։ 2001-ին ՀՀ ՊՆ-ի կողմից գործուղվել է Մեծ Բրիտանիա՝ Մանչեստր քաղաքի բիզնես դպրոցի ռազմական սեմինարիայում վերապատրաստվելով «Զին ծառայողների վերապատրաստումը և վերահաստատումը քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակում։ «Կիլիկիա» հայրենակցական միավորում» ՀԿ-ի փոխնախագահն է։ Նա հայր է և պապ։ Ունի երեք արու զավակ և չորս թոռ։

«Արցախի պատերազմը համախմբեց հայությանը»

-Պարոն Բալյան, Դուք ԵԿՄ 12-րդ համագումարի հրավիրյալների թվում էիք։ Մեր պետության կայացման գործում Երկրապահ կամավորականների դերն անգնահատելի է: Այս հարցին մենք կանդրադառնանք։ Այժմ եկեք հիշենք մեր երկրի կայացման բարդ, երբեմն հակասական, սակայն հերոսական օրերը, որոնց ընթացքում ծնվեց Հայկական 3-րդ Հանրապետությունը։

-Ճիշտ եք ներկայացնում Երկրապահի դերը հայոց պետականաշինության կյանքում։ Այն իսկապես ունեցել է և ունի հիմնաքարային նշանակություն։ Այն նախնիներիս հոգու և ոգու պատգամն էր մեզ՝ ծառայել Երկրին, վերականգնել Արցախի միավորմամբ։ Երկրապահը, ճիշտ է, ստեղծվել է 1992-ին, սակայն երկրապահությունը հայերիս գենի և արյան մեջ է։ Արցախի պատերազմը համախմբեց հայությանը։

-Դուք արտադրության բնագավառում կայացած անհատ էիք:

Ես այն երանելի օրերին աշխատում էի «Անուշ» արտադրական միավորումում, փորձարարական արտադրության պետն էի, ,զուգահեռաբար նաև հատուկ բաժնի պետը։ Միավորման գլխ. ինժեներ Ռուբեն Տոնոյանն ինձ գաղտնի հրավիրում էր իր աշխատասենյակ և համատեղ ծրագրեր էինք կազմում՝ ինչպես սատարել հայկական կամավորական պաշտպանական ուժերին։ Ներքին կարգով կարում էինք քողարկման խալաթներ, զրահաբաճկոններ, զինամթերք կրող բաճկոններ, էլեկտրական տաքացուցիչ գոտիներ, գուլպաներ և այլն։ Ի դեպ՝ զրահաբաճկոնները կարվում էին Սփյուռքից ներկրված կեվլարե (հատուկ թելատեսակների հյուսվածքով գործված կտոր) պաստառներից: Այդ ամենն անմիջապես ուղղվում էր մարտական գործողությունների շրջան։ Սակայն շատերի նման իմ հոգին էլ էր փոթորկում և 1990-ին մեկնեցի սահման՝ համեստ ներդրումս ունենալով Խնձորուտ գյուղի, 1991-ին էլ՝ Գորիսի շրջանի մարտական գործողություններին։

-Ներկա երիտասարդ սերնդի համար շուրջ 30 ամյա մեր հերոսական անցյալն ինչ-որ առումով միֆական ենթատեքստ ունի, ուր իրականն ու առասպելականը միահյուսվում են։ Այնինչ այն տարիներին ԽՍՀՄ պաշտպանական համակարգն առերևույթ և գաղտնի անհամար դավեր էր նյութում Արցախի անկախացման դեմ։

-Իհարկե կար ԽՍՀՄ անվանգության համակարգը, գործում էին համապատասխան գաղտնի ծառայությունները և, իհարկե, մենք գործում էինք ընդհատակում՝ արտադրություն կազմակերպելով Ստեփանակերտի նկուղներում։ Համագործակցում էինք մասնավորապես Սեյրան Օհանյանի հետ։ Ես ամրագրվեցի Մարտակերտի պաշտպանական շրջանին, որի հրամանատարը Նորիկ Դանիելյանն էր, կիրթ և գիտակ մի անձնավորություն: Սլավիկը, Էդիկը՝ Տարզան մականունով և էլի շատերը կարգավորում էին տրանսպորտի աշխատանքը՝ ռազմամթերքը և պարենը առաջին գիծ հասցնելու համար: Առհասարակ շատերն էին մի մարդու պես լծված հայրենիքի պաշտպանությանը։

«Դատեք ինձ, ես պայքարում եմ թուրք ելուզակի դեմ»

-Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ։ Սա նշանաբան էր, ժամանակի ոգին էր, սերնդի ճակատագիրն էր։ Եզրահանգման հետ համաձա՞յն եք։

-Անկախ այն բանից, մարդը Արցախ էր հասել արտադրություն կազմակերպելու թե զենք վերցնելու նպատակով, Հայաստան վերադառնալով նա արդեն իսկ սիրահարված էր Արցախին, զինվորագրված էր նրա պաշտպանությանը։

-Այսինքն՝ հոգու տարերքն ու գենի ազդականչը անխուսափելի՞ են։

-Անկասկած։ 1989-ին, երբ մասնակցում էի Արցախ աշխարհի տնտեսական պաշտպանվածության աշխատանքներին, ինձ զրույցի էին հրավիրում անվտանգության համակարգ՝ պարզելու, թե ինչու եմ խախտում խորհրդային ժողովրդավարական ինչ-ինչ պահանջներ: Պատասխանում էի՝ դա իմ ազգային պարտքն է, որի ուխտավորն եմ: Ձեռք չի տալիս ձեզ, դատեք ինձ: Ես պայքարում եմ թուրք ելուզակի դեմ։

-Վազգեն Սարգսյանի դերն այն տարիներին։ Հարցս հռետորական չէ, քանի որ Արցախի պատերազմի հատկապես սկզբնափուլը պատված է միֆականացված պատմություններով:

-Վազգեն Սարգսյանը, որ տեղյակ էր հանրապետության արտաքին տնտեսական խնդիրներին, ինձ հրահանգեց զբաղեցնել պատասխանատու պաշտոններ նյութա-տեխնիկական համակարգում։

-Կներեք, բայց չկա՞ր անհանգստություն, գուցեև՝ տագնապ։ Չէ՞ որ բավականին բարդ պայմաններում էիք ստանձնելու շատ պատասխանատու մի գործ։

-Անցած ճանապարհին հաղթահարված փորձություններս ինձ շատ բան էին հուշել։ Հանձն առա այդ ամենի իրականացումը, քանի որ անցել էի մի ճանապարհով, որտեղ պատիվ էի ունեցել զինընկեր և առհասարակ ընկեր լինել Անատոլի Զինևիչին, Իվան Ղուկասի Ղուկասովին, Միքայել Հարությունյանին և շատ այլ մեծապատիվ այրերի։

-Դուք, իհարկե, հիշում եք տխրահռչակ պարեկային ժամը։

-7-րդ բանակի պարետը Անատոլի Սեմյոնովիչ Ռյաբցևն էր, որի հետ մտերմացել էի դեռ խորհրդային ժամանակաշրջանում, ու պարեկային ժամի օրերին դրական դերակատարում ունեցավ, ինձ շատ հարցերում ուղղորդում էր, որպեսզի իրավիճակը լինի վերահսկելի։ Մի՞թե կարող եմ մոռանալ հանրաճանաչ հրապարակախոս Բորովիկին, որը պնդում էր՝ հայերը հինավուրց քաղաքակրթության շառավիղներն են։ Այն տարիներին ռուս այն զինվորներն էին ծառայում Հայաստանում և Արցախում, որոնք մշուշտ պատկերացում ունեին առհասարակ Հայաստանի և Արցախի մասին. չէ՞ որ նրանք դաստիրակվել էին սովետական ժողովուրդների բարեկամության տխրահռչակ դոկտրինայով, և շատերը ղարաբաղցիներին համարում էին առանձին էթնոս, որը սեպ է խրում հայերի և ադրբեջանցիների միջև։

Մահ իմացյալ՝ սա էր երկրապահի հավատո հանգանակը

-Պարոն Բալյան, Դուք պաշտոնապես ԵԿՄ անդամ չեք, բայց ինձ հետաքրքրում է Ձեր սկզբունքը՝ երկրապահությունը համարել ազգային պետականաշինության պատվեր։

-Երկրապահ էին հայրենանվեր մարդիկ։ Նրանց շարքում ի հայտ եկան առաջնորդներ՝ Մելքոն Մելքոնյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, ով գիտաշխատող էր, «Անուշ» միավորման աշխատակից Վահան Զատիկյանը, դարձյալ գիտաշխատող Լեոնիդ Ազգալդյանը, շատ աշխատավորներ, որոնց մեջ արթնացել էր հայը, պահանջատեր հայը։ Ոմանք անմիջապես ռազմական գործողությունների թատերաբեմում էին, մյուսները ճրագի լույսի տակ զենք ու զինամթերք էին պատրաստում և այլն։ Չեմ կարող չհիշել, որ որոշ նկարիչների արվեստանոցներ վերածվել էին զենքի թաքստոցների։ Դա բնավ անվտանգ չեր. խորհրդային պետությունը չէ որ քրեական պատասխանատվության էր ենթարկում ապօրինի զենք ու զինամթերք ունենալու, առավել ևս՝ պատրաստելու համար։

-Պարոն Բալյան, մեր զրույցի հենքում երկրապահությունն է։ Վերջերս մասնակցեիք ԵԿՄ արտահերթ համագումարային, որտեղ միաձայն նախագահ ընտրվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

-Նրա ընտրությունը բնավ պատահական չէր։ Սասուն Միքայելյանը Արցախի ազատամարտում էլ ձեռք բերեց ընկերների վստահությունը։Նրան հիշում եմ մասնավորապես Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերից։ Նա Հրազդանից էր, Ազատագրական բանակ զորամիավորման փոխհրամանատար Հովսեփ Հովսեփյանը սփյուռքահայ էր, Լեոնիդ Ազգալդյանը Երևանից էր։ Արցախահայությանը հատկապես ոգեշնչում էր օտար ափերից նախնյաց բնօրրանի ազատագրմանը ժամանած և կենաց-մահու կռվի ելած մարտիկների, ի մասնավորի Մոնթե Մելքոնյանի օրինակը։ Մի՞թե երկրապահության կնիքը հոգում չէր կրում երջանկահիշտակ Արթուր Մկրտչյանը։ Մահ իմացյալ, սա էր երկրապահ կամավորականների հավատո հանգանակը։

-Երկրապահի դերը Նոր Հայաստանում։

-Միանշանակ կարևոր։ Սակայն Ձեր հարցին փորձեմ պատասխանել ավելի համակարգված։ Երկրապահը պահեստազոր է, այն պետք է Պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների հետ ներդաշնակ գործունեություն ծավալի, մասնագիտական դասընթացներով անցնի, չէ որ զորքերում նոր զինտեխնիկա է հայտնվում և մեր փորձառու վետերանները պետք է ծանոթանան դրան:

-Դուք ժամանակին վերապատրաստվել եք Մեծ Բրիտանիայում։

-Ծրագիրն իրականացվում էր գիտական ճանապարհով։ Պետութան և պահեստազորում գտնվողի հարաբերությունը փոխշահավետ էր։ Այն պայմանագրային զինծառայողները, որոնք մինչև զորացրումը չէին կամենում շարունակել ծառայությունը, վերապատրաստվում են քաղաքացիական մասնագիտությունների գծով; Այսօր հանրապետությունում տնտեսական ոլորտի արհեստավարժ մասնագետների կարիք կա։ Եվ այն կարելի է լրացնել պահեստազորի ուժերով։

-Ես հիշեցի հայտնի ԴՕՍԱԱՖ-ը։

-Այն նախազորակոչային տարիքի երիտասարդներին ուսուցանում էր տարբեր զինվորական ստորաբաժանումներին անհրաժեշտ մասնագիտությունների գծով։ Զորակոչվելով բանակ՝ նրանք արդեն տիրապետում էին ավտովարորդի, կապավորի, բրոնետեխնիկայի (БМП, БТР) վարորդի և այլ մասնագիտություններին։ Այսօր, վերոհիշյա փորձը հաշվի առնելով, կարելի է շատ երկրապահների ներկա պահանջներին հարիր մասնագիտությունների տեր դարձնել։ Այստեղ մի էական հանգաման պետք է շեշտեմ. զինվորական անցյալ ունեցող անձիք (մեր պարագայում՝ երկրապահները) սովոր են կարգապահության, աշխատասեր են, աչքի են ընկնում բարձր գիտակցությամբ և, բնականաբար, վերապատրաստվելով դառնում են առաջնակարգ և արդյունավետ աշխատողներ։ Զենք տեսած, պատերազմի թոհուբոհը հաղթահարած մարդուն հենց էնպես թողնելով` հասարակական կյանքում վտանգում ենք և նրանց, և հասարակությանը։ Չէ որ մարդը երկրի համար է պայքարել, վտանգել է կյանքը, բայց ահա խաղաղ պայմաններում հայտնվում է կյանքի լուսանցքում, մատնվում է անտերության, կքում է սոցիալական խնդիրների տակ։ Հույս ունեմ, որ ընտրվելով ԵԿՄ վարչության անդամ` ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարևոր ներդրում կունենա կառույցի արդյունավետ և բովանդակալից գործունեության մեջ:

-Ես Ձեզ հետ ծանոթացել և առաջին նյութերն եմ պատրաստել շուրջ քսան տարի առաջ։ Հիշեւմ եմ, որ մի քանի ուշագրավ ծրագրեր էիք պատրաստել։ Այսօր էլ ե՞ք ծրագրեր ու նախագծեր պատրաստում։

-Մի շարք ծրագրեր կազմել եմ դեռ 2004-ից: Դրանք ներկայացրել եմ ՀՀ պաշտպանության նախարարությանը և ԴՕՍԱԱՖ-ին։ Այդ ծրագրերը շուտով կհանձնեմ ԵԿՄ-ին՝ ի գործածում։ Այստեղ մի նրբություն կա, երկրապահ կամավորականների մասնակցությամբ ձևավորված տնտեսական կառույցները նպատակահարմար է, որ գործեն ՀՀ Պն-ի ներքո։ Մի խոսքով՝ ծրագրեր կան և կարելի է դրանցով առաջնորդվել: Նման կենտրոններ են գործում բոլոր այն երկրներում, որոնք պատերազմ են անցել և գտնվում են պատերազմի վերսկսման վտանգի մեջ։ Ի դեպ՝ Մանչեստր քաղաքի ռազմական սեմինարիան արդեն հարյուր տարի ֆինանսավորում է «Գյուլպենկյան հիմնադրամը»։ Եթե նման կենտրոն ստեղծվի ՀՀ-ում և ֆինանսավորվի որևէ հայրենասեր անհատի կամ հիմնադրամի կողմից, արդյունքը փայլուն կլինի, քանի որ այնտեղ կդասավանդեն մեր բանակի բարձրաստիճան սպաներն ու զորավարները։ Սա կլինի փոխշահավետ մի ձեռնարկ հանրապետության գործարարների և արդեն մասնագիտություն ձեռք բերած աշխատուժի միջև: Այսօր շատ արդիական մասագիտությունների գծով առկա է առաջարկ, որը չի բավարարվում: Այն կարող է լրացվել վերապատրաստված զինծառայող մասնագետների կողմից:

Հարցազրույցը վարեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ