Հայաստանում է դեռևս Տաշիրի Սամվել անունով առավելապես հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ով թեև դանդաղորեն, սակայն կարծես թե հաստատապես է ձեռք բերում անուն-ազգանունով հիշատակվելու իրավունքը: Նրա այս փոխակերպման մեջ հաստատ շատ ավելի պատվարժանություն կա, քան հայաստանյան մականունավորների, ովքեր իրենց կապիտալի նախնական կուտակումը սկսեցին մայր հայրենիքում՝ սեփական ժողովրդի կեղեքմամբ, այդ կուտակումն իրականացրեցին հանցավոր իշխանությունների խորապես գիտակցված թողտվության պայմաններում ու այդպես էլ նրանց գերության ճանկերում մնացին, քանզի միայն հանցավոր կապիտալով չէին ու չեն շաղկապված նրանց. դրա տակ արյան բաժին էլ կա ու ահա թե նաև ինչի համար է մեր այս օրերում այդ իշխանությունների հզոր դիմադարձությունն ու օլիգարխների կողմից նրա ստվերային օժանդակությունը:

Սակայն եկեք Սամվել Կարապետյանից շատ չհեռանանք: Գործարարը Հայաստանում է ընտանիքով՝ առաջին հայացքից շատ բաներ ջրող ու շատ բաների վրա աչք փակող բան, մանավանդ որ շրջանառության մեջ դրված թեման գալիս է հավաստելու, որ եկել է սանիկի՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռան՝ Կարենչիկի մկրտության առիթով: Հարկավ այնպես չէ, թե դրայվոտ Կարեն Կարապետյանը մականունավոր չէ՝ ժիլետն այնպե՛ս չի կպել նրա անձին, որ անժիլետ հիշատակես սույնին, սակայն այս մկրտության մեջ թե տակ նույնպես ոչ պակաս քաղաքական հնչերանգներ կան, որը, որքան էլ կամենաս, հիմնովին չես կարող թաքցնել:

Այստեղ թերևս միջանկյալ ասենք, որ երկրից Ժիլետ Կարենի հանած կապիտալը պակաս չափեր չունի նրան էլ օլիգարխների շարքում հիշելու համար, բայց այն, որ մայր հողում թոռան մկրտության կազմակերպումը որոշակի ցուցքի տարրեր ունի, անվիճելի է, որքան էլ իրենց թվում է, թե միայն իրենց է տեսանելի իրենց դեմարշը:

Մեր արգո Ժիլետն այդ ծնունդը հարկավ կարող էր և դրսում անել ու դրանից նրա նվիրական պոռթկումներն առ հայրենիք ու առաքելական եկեղեցի առանձնապես չէին վնասվի նրա մամոնապաշտության պարզ պատճառով, սակայն այս դեպքում հնարավոր քննարկումների շրջանակից դուրս կմնար (բնականաբար օրվա իշխանությունների հետ) Սամվել Կարապետյանի Հայաստան ժամանելու ստվերային կողմերը, որոնք գնում, հասնում են մինչև նրա ոչ պակաս սիրասուն սանիկ Չոռնի Գագո՝ Հյուսիս-Հարավից յուրացված 24 միլիարդ դրամը կամաց-կամաց մարելու պարտավորությունը համեստորեն ստանձնելու կապակցությամբ ու երաշխիքով, որ ճաղերի հեռանկար չի սպասվում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեաքաղաքական ճակատագրի հանգուցալուծման հնարավոր ջրումներ ու դրա դիմաց երկրի տնտեսություն անելիք հնարավոր ներդրումներ, այս ու այլ կարգի այլ քննարկում-շոշափումներ, որոնց շրջանակից չի կարող դուրս մնալ նաև ոչ Սերժ Սարգսյանի մինչև հիմա լուռ մնալու, ոչ էլ խրամատներից գլուխը դուրս հանելու փորձեր կատարող նրա սիրասուն փեսա Միշիկ Միքայելյանի պարագան: Այնպես որ քավորական պարտքի մարումը ընդամենը շպար է, տակը խորքային հոսքեր կան, որոնք, կարծում ենք, հնարավորինս արագ վեր կհանեն այցի քաղաքական կողմերը: Կրկնում ենք՝ քաղաքական:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ