Հունիսի 15-ից Բրազիլիայում մեկնարկել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Հավաքականների մակարդակով այն անվերապահորեն ընթացիկ տարում անցկացվող ամենանշանակալի ֆուտբոլային իրադարձությունն է աշխարհում, և ֆուտբոլասերը ոչ միայն գեղեցիկ մրցակցության ակնկալիք կարող է ունենալ, այլ դա այդպես էլ լինելու է, քանզի մասնակիցների կազմն այլ բան չի խոստանում՝ բրազիլացիները կան ու մնում են ֆուտբոլի կախարդներ, ու դա նրանց բնավ էլ ավանսով տրված գնահատական չէ՝ հենց միայն աշխարհի միակ հնգակի չեմպիոն լինելն ամեն ինչի մասին խոսում է, Արգենտինան ու Ուրուգվայը պակաս ապշեցուցիչ ֆուտբոլիստներ չունեն՝ Մեսիի մասին չխոսենք, քանզի նրա ներկայությամբ խամրում են աշխարհի բոլոր հեքիաթները, պակաս գեղեցիկ ֆուտբոլ չեն դավանում կոլումբիացիները․․․ Մի խոսքով՝ արտակարգ կազմ ու այն կազմածների մասնակցությամբ համարյա մի ամիս վայելելու ենք բարձրագույն ֆուտբոլի հետ շփվելու երանությունը։

Եվ այսպես՝ գավաթի խաղարկության անդրանիկ հանդիպումը կայացավ A խմբում՝ ի դեմս կազմակերպիչ երկրի ընտրանու ու Բոլիվիայի հավաքականի մրցակցության։ Հյուրերը կարողացան լրջորեն դիմադրել միայն հանդիպման առաջին կեսում, ինչը չհաջողվեց անել նաև երկրորդում։ Կոուտինիոն ու Էվերտոնը բոլիվիացիներին երեք անգամ հարկադրեցին գնդակը հանել դարպասից, ընդ որում Կոուտինիոն այդ բանը նրանց պարտադրեց անել երկու անգամ։ Արդյունքում 3։0 հաշվով հաղթանակ, բարձր տրամադրությամբ ուղեկցված մեկնարկ։ Խմբային մյուս՝ Վենեսուելա-Պերու դիմակայությունը հանդիսատեսին դարպասի գրավման ականատես չդարձրեց, սակայն այնպես էլ չէր, որ գոլազուրկ ելքով դիմակայությունը խոսում է անհրապույր խաղի մասին։ Ոչ, հազար անգամ ոչ։ Մրցակցություն էր, լավ էլ կրքոտ մրցակցություն։

Որքան էլ բրազիլացիների մասնակցությամբ խաղերն անառարկելիորեն սպասված են, այդուհանդերձ առաջին տուրի հանդիպումների հանդիպումը B խմբում էր, որտեղ հարաբերություններ էին պարզում Արգենտինայի ու Կոլումբիայի ընտրանիները։ Առաջ անցնելով՝ ասենք, որ արգենտինացիները կրել են պարտություն (գոլերը խփել են Ռոխեր Մարտինեսն ու Դուվան Սապատան) ու սրանում առանձնապես զարմանալի ոչինչ չկա, որովհետև ֆուտբոլում Մեսիի նման գերաստղ ունենալու ժամանակաշրջանում Արգենտինայի ընտրանին այդպես էլ չի կարողանում հավաքականի ղեկին ընտրել մարզչի, ով ունի հաղթողի հոգեբանություն։

Այո, անհատները մեծ դերակատարություն ունեն ֆուտբոլում, սակայն պիտի կարողանալ նրանց ունակությունները ծառայեցնել թիմային խնդիրներին։ Արգենտինան գրեթե յուրաքանչյուր խաղարկությունից առաջ եթե ոչ առաջինն է իր ֆուտբոլիստների բարձր մակարդակով, ապա առնվազն առաջին եռյակը կազմողների թվում է, սակայն արի ու տես, որ դա դեռևս կայուն ելույթների համոզիչ փաստարկ չէ, ու ցավն այն է, որ Մեսին կարող է հավաքականի մակարդակով այդպես էլ չդառնալ տիտղոսակիր անձ, ինչը, խոստովանենք, կլինի այս աշխարհի մեծագույն անարդարություններից մեկը։

Իհարկե, վերն ասածով մենք բնավ էլ չենք կանխորոշում Ամերիկայի այս գավաթի խաղարկության ելքը, սակայն ինչ, որ ասացինք, չասել էլ չէինք կարող։ Կոլումբիայի հետ մրցակցությունում եղածը դեռևս ոչինչ չի նշանակում, խմբայինից դուրս գալը պիտի որ արգենտինացիների համար դժվարություն չներկայացնի, իսկ նրանից այն կողմ արդեն կապրենք՝ կտեսնենք։ Հավելենք, որ այս խմբի երկրորդ հանդիպումն էլ է ունեցել ոչ-ոքի ավարտ՝ միայն այն տարբերությամբ, որ այստեղ իրար հետ ճակատ տված Պարագվայի ու Քաթարի ընտրանիները աչքի են ընկել դարպասի երկուական գրավումով ու առանձնահատուկ պիտի նշել քաթարցիներին, ովքեր 2։0 հաշվով պարտության պայմաններում կարողացել են հաշիվը հավասարեցնել ու մրցակցին թույլ չտալ հաղթանակ տոնել։ Ի դեմս Քաթարի ընտրանու, ահա այսպիսի ատամով թիմ,որը խաղը դիտած ֆուտբոլասերին սուր զգացողությունների պակաս տեղեր չի թողել։

C խմբում իր մրցելույթները հաղթանակով սկսեց Ուրուգվայի ընտրանին, որին առաջին տուրում մրցակից էր բաժին հասել Էկվադորի հավաքականը։ Արդեն իսկ առաջին խաղակեսում աշխարհի կրկնակի չեմպիոնները զարգացրեցին գերազանց արագություն ու առջևում էին 3։0 հաշվով։ Լոդեյրոյի հետ մեկտեղ գոլեր հեղինակեցին անվանի Կավանին ու Սուարեսը։ Ուրուգվայցիները, շնորհիվ Մինայի ինքնագոլի, ևս մեկն ավելացրեցին եղածին՝ տոնելով 4։0 հաշվով հաղթանակ։ Հանուն ճշմարտության նշենք, որ արդեն 24-րդ րոպեից էկվադորցիները մնացել էին տասը հոգով։

Նույնպիսի արդյունք է արձանագրվել Ճապոնիա-Չիլի դիմակայությունում, որտեղ հաղթանակը բաժին է հասել պայմանական տանտերերին՝ չիլիացիներին:

Եթե մեկ ընդհանրական գնահատականով ամփոփելու լինենք առաջին տուրի արդյունքները՝ դիտարժան խաղերի պակաս չկա, այնպես որ մնում է պարզապես ավելի հարմար տեղավորվել բազմոցին ու վայելել մեզ բաժին հասած ֆուտբոլային տոնը։

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ