2016թ. ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո, ապրիլի 26-ին, երկրի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը կրկին վերադարձել է համակարգ։ Այն ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը: Հետաքրքրական է, որ իր այս նշանակմամբ Կ. Մուրադյանը հաջորդեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ով ներկայումս Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Եթե հաշվի առնենք, որ Ապրիլյան քառօրյային հաջորդած աղմկոտ պաշտոնանկություններից չլուծված է մնացել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի հարցը, որի վերադարձը կրկին հնարավոր է համարվում, դուրս է գալիս, որ սկզբունքային տարաձայնություններ կան այդ նույն Ապրիլյան խայտառակ քառօրյայի վերաբերյալ մեղավորների մասին Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի պատկերացումներում: Պատահական չէ, որ ինտենսիվորեն քննարկվում է Ապրիլյան քառօրյան քննության առնելու հարցը: