Վերջին տարիներին տրանսֆերային շուկայում իր ակտիվ քաղաքականությամբ ու մեծագումար գնումներով էր առանձնանում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», որի սեփականատերը՝ Նասեր Ալ-Խելաիֆին, ակնհայտորեն համոզված էր, որ փողի զոռով ամեն ինչ էլ կարելի է անել։ Սկզբունքորեն նրա այդ ամեն ինչը հաջողվեց, սակայն Ֆրանսիայի մակարդակով, որտեղ թիմն իսկապես մրցակից չունի, իսկ ավարտված մրցաշրջանում արդեն իսկ սկզբից այնպիսի տիերզերական արագություն էր հավաքել, որ չեմպիոն դառնալը փաստորեն էն գլխից էր, որպես հարց, օրակարգից հանել։

Սակայն բոլորին էլ հասկանալի էր, որ թիմի սեփականատիրոջ նպատակը միայն ֆրանսիական առաջնությունը չէր։ Շատ ավելի առանցքայինը եվրոպական խաղարկություններն էին, իսկ շատ ավելի կոնկրետ՝ Չեմպիոնների լիգան, որտեղ թիմը սպասված մակարդակով չի կարողանում իրեն դրսևորել։ Այդ չկարողանալու պատճառներից մեկն էլ ֆուտբոլիստների կամային դրսևորումներն են, իրենց պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Պատահական չէ, որ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հրաժարվել աստղային ֆուտբոլիստների ծառայություններից, եթե նրանք չեն ցանկանում ինչպես հարկն է կատարել իրենց աշխատանքը։ «Ֆուտբոլիստները պետք է իրենց պարտականությունները կատարեն այժմ ավելի շատ, քան նախկինում։ Նրանք պետք է աշխատանքի նկատմամբ բոլորովին այլ վերաբերմունք ունենան։ Պետք է նախկինի համեմատ ավելի շատ աշխատեն։ Նրանք ՊՍԺ-ում չեն պարզապես զվարճանալու համար։ Եթե որևէ մեկը համաձայն չէ այս տեսակետի հետ, խնդրեմ՝ դռները բաց են․․․ Ես այլևս չեմ ցանկանում աստղերի կողմից նման անլուրջ վերաբերմունք տեսնել»,- Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերել է France Football-ը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ի նախագահն առաջնահերթ նկատի ունի Նեյմարին և Կիլիան Մբապեին, որոնց համար ակումբը հսկայական գումարներ է վճարել «Բարսելոնին» ու «Մոնակոյին»։ Չի բացառվում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այս ֆուտբոլիստները հեռանան փարիզյան ակումբից։

Ի դեպ՝ նրանց հեռանալը կարող է լինել ոչ միայն ֆուտբոլիստների նկատմամբ թիմի ղեկավարության ունեցած փոփոխված վերաբերմունքի պատճառով։ Ակնհայտորեն «Պարի Սեն Ժերմենը» Նեյմարին չտվեց այն բավարարվածությունը, որ ֆուտբոլիստը կարող էր կոմպլեքսի մեջ ունենալ։ Ի վերջո հարցը միայն վաստակածդ գումարի չափի մեջ չէ։

Փոքր-ինչ այլ կտրվածքով է ներկայանում Կիլիան Մբապեի հարցը, որի գլուխը պտտացրել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալու հեռանկարը, որը կարծես թե արդեն իսկ կայացած իրողություն է։

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ