Հղում անելով BFM հեռուստաալիքին՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ միգրենի նոպայով հոսպիտալացվել է Ալեն Դելոնը։ Հանրաճանաչ 83-ամյա դերասանի մտերիմները հավաստիացրել են, որ նրա հետ ամեն ինչ լավ է։ «Նա պարզապես հետազոտվում է», -հեռուստաալիքը մեջբերում է նրա օգնականի խոսքերը: Հաճախակի դարձած գլխացավերի պատճառներից մեկը, ըստ բժիշկների, սրտի առիթմիան է: 2017 թվականին Ալեն Դելոնը հայտարարել էր կինոյում դերասանական կարիերայի ավարտի մասին: Նա նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում: Կինոյում ունեցած ներդրման համար մայիսին կայացած Կաննի կինոփառատոնում Դելոնը պարգեւատրվել է «Ոսկե արմավենու» մրցանակով: