ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին, ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները:

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն
ստեղծելու ուղղությամբ։

Հ. Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։ Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ
իրականացվող քայլերին և այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն
ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։