Էս որ չե՞ն գրում «հաղթած հրամանատարների հետապնդումներ», ոնց որ վերցնեն ու մի բան մարդու գլխով տան: Ա՛յ ողորմելիներ, հաղթած հրամանատարին, հրամանատարներին չե՛ն հետապնդում:

Հետապնդում են զիվորի հա՛ցը գողացածին, զինվորին հասանելիք փամփուշտը ծախածի՛ն ու իր համար դղյակներ կառուցածներին, հետապնդում են ոչ թե արդյունավետ կառավարած նախագահին, այլ պետության գրպանից միլիարդավոր դոլարներ տարածին, պիտի հետապնդեին ու այդպես էլ չեն հետապնդում զանազան մականունավորներին, ովքեր պպզողներից դարձան պատգամավոր ու նախարար ու թալանի վրա ստեղծածի հաշվին ստացան օլիգարխ քաղաքակիրթ անվանումը՝ հոգու խորքում մնալով նույն պպզողն ու ջեբկիրը…

Ամոթ է, գոնե մի փոքր սեփական անձի նկատմամբ հարգանք ունեցեք՝ հետապնդում են հաղթած հրամանատարների՜ն…

Ժամանակին ինչ-որ մի թուլայի գեներալական պագոնների տակ են կոխել, դարձրել ազգի թվացյալ սերուցք (նորմալ երկրում գեներալ դառնալը հո հասարակ բան չէ), այդ գեներալը ինչ է թե օֆշորներում գործունեություն ծավալելու պատճառով հետապնդվում է երկրին հասցրած վնասների համար, գնացել այլ երկրից քաղաքական ապաստան է խնդրում, մինչդեռ այդքան քարկոծվող ու անվանարկվող հարևան Ռուսաստանում սեփական պատվի համար հասարակ պարուչիկը կյանք կզոհեր ու զոհում էր… Պատվի ահա այսպիսի ընկալում մեկի ու չընկալում մյուսի կողմից ու դա չնայած նրանց կոչումների անհավասարությանը, որ պիտի բոլորովին այլ բաների մասին վկայեր:

Էս ի՞նչ բարձր մատերիաներից եք խոսում, տղե՛րք:

Համահայկականի գլխին մի ղումարբազ լակոտի՛ էիք դրել, հանգանակած փողերը տարել, կազինոներում կրվել էր, փոխանակ պատժեիք, ազատ եք թողել, ինչից էլ սույնն առիթավորվելով, որ եղածն արդեն անցյալ է, իր կենսագրության «լուսե» էջը մոռացության տրված, ելել, գլխներիս բարոյականություն է կարդում:

Տղերք, դուք վերջնականապես եք ցնդե՞լ, թե՞ մեզ եք ցնդածի տեղ դնում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ