Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում Հունաստան-Հայաստան դիմակայությունից արդեն բավական ժամանակ է անցել դրան լայն ծավալով անդրադառնալու անհրաժեշտությունն ունենալու համար (ինչ, որ պետք էր ասել, արդեն իսկ ասվել է ու դեռ մի բան էլ ավելի), սակայն մյուս կողմից էլ արտագնայում հաղթող, այդ արտագնայում հաղթածը մեկ խաղ առաջ նույնպես հաղթածին զուգորդած հայաստանյան ֆուտբոլային թիմ այդ ե՞րբ ենք տեսել մեր այս վերջին ժամանակներում, որ նման առիթը բաց թողնենք։ Ցավոք հայաստանյան ֆուտբոլային տնտեսությունում, այո, այնպիսի ժամանակներ են, որ նման բաները տոն էլ չէ, է', կրկնակի տոն են դառնում։

Եթե անկեղծ, իսկ անկեղծությունը պարտադիր պայման է իրականությունը ճիշտ ընկալելու համար, խոշոր հաշվով այս վրա-վրա հաղթանակները մեզ համար խմբայինից դուրս գալու հեռանկար չեն էլ բացում ու դա շատ պարզ պատճառով։ Ուղեգրերից մեկը Իտալիայի ընտրանունն է լինելու, ու այստեղ կասկած չկա։ Իտալացիները դա հավաստում են նաև իրենց փայլուն մեկնարկով, որն ավելի քան խոսուն արտահայտված է չորս խաղից հետո չորս հաղթանակ ունենալու գերազանց թվաբանությամբ։ Տակը մնում է մեկ ուղեգիր, դրա համար պիտի կռիվ տանք մեզանից անառարկելիորեն ուժեղ Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ (արտագնայում զիջել ենք՝ 2։1), կռիվ ենք տալու ֆինների հետ, ովքեր մեզանից պինդ հավաքական ունեն ու որոնց տնային խաղում զիջել ենք (2։0), կռիվ պիտի տանք հույների հետ, որոնց հյուրընկալվելիս հերոսաբար հաղթեցինք 3։2 հաշվով ու որոնք ակնհայտորեն ներքին լուրջ պրոբլեմներ ունեն այս պահի համար ու դրանք հաստատապես շտկելու են մոտ ապագայում, քանի որ ունեն ֆուտբոլային անհամեմատ հարուստ ավանդույթներ ու ուրիշ շատ որակական բաներ, որոնք կօգնեն արագ խելքի գալ, մեջք շտկել։

Տակը ո՞վ է մնում։ Լիխտենշտեյնի ընտրանի՞ն։ Ի՞նչ, նրանցից մեզ համարելու ենք ուժե՞ղ։ Բայց առժամանակ առաջ չէ՞ր, որ նման մեծամիտ մտածողության պատճառով քթներիս ստացանք ու հիմարավուն վիճակում հայտնվեցինք։

Մի խոսքով, եթե չափից ավելի կարճ կապելու լինենք, խմբայինում մեզ համար երրորդ հորիզոնականում հայտնվելը (ի դեպ՝ ներկայումս հենց այդտեղ էլ գտնվում ենք) կլինի երազանքների գագաթնակետ։ Հավատացեք՝ աղյուսակը չեզրափակելն էլ պիտի դիտել հաջողություն, քանզի ինչ որ-բանում հեռանկար տեսնելու համար պիտի բազա ունենալ, պինդ բազա, ինչը հայկական ֆուտբոլը չունի ու չունի այն պարզ պատճառով, որ տասնամյակներ շարունակ նրա գլխին կանգնած թափթփուկն ամեն ինչ արել է այն հիմնովին ավերելու համար։

Չեմ ասում՝ դիտավորությամբ։ Քավ լիցի։ Նման սրիկայության հազիվ թե գնային, թեպետ այդ տեսակն ամեն ինչի էլ ունակ էր։

Հիմնովին ավերված հայկական ֆուտբոլային տնտեսությունը զարգացման լուրջ ճանապարհ պիտի բռնի, ու այն ժամանակ իսկապես չենք զարմանա մեր հավաքականի վրա-վրա հաղթանակներից։ Հակառակը՝ դրանք կդիտենք որպես նորմալ զարգացման արդյունք ու դեռ մի բան էլ ավելի խոշոր պահանջատեր կլինենք։ Իսկ առայժմ մնում է տղաներին վերջին այս երկու հաջող դիմակայությունների համար շնորհակալ լինեն իրենց գործը պատվարժանորեն կատարելու համար ու ասել, որ իրենց կողքին ենք՝ իրենց մեր սիրով շրջապատած։

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ