«Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունը», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շաբաթը մեկ հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացվել այդ ընկերության հետ. «Ես անձամբ մասնակցում էի այդ հանդիպումներին, որ հասկանայի ինչ խնդիր ունենք այդտեղ, եւ ինչով կարող է քաղաքապետարանն աջակցել։ Վստահեցնում եմ, որ մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլեւս չի կարող սպասարկել, այսինքն այդ ունակությունը չունի սպասարկելու Երեւան քաղաքը, եւ դա բոլորս ենք տեսնում»։

Ըստ Մարությանի՝ «Սանիթեքի» մեքենաների քանակը, աշխատուժի թիվը, մեքենաների տեխնիկական վիճակը զրոյական է. «Օրական 12-18 մեքենա են հանում՝ իրենց ասելով, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից փչանում է։ Եւ այն, ինչ տեսնում ենք այսօր, դրա արդյունքն է: Մենք փորձեցինք իրենց օգնել, ամեն ինչ արեցինք, բայց իրենք նոր ներդրումներ չեն անում: Դուք տեսնում եք՝ ինչ վատ վիճակում են գտնվում աղբամանները, մինչդեռ, ըստ պայմանագրի, Երեւանում պետք է լինի 8 հազար աղբաման, բայց առկա է երեւի 5 հազարը, որոնց վիճակը շատ վատ է։ Ես այդտեղ հասկացա, որ այս մարդիկ ունակ չեն կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»: