Այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահի գործով փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադարձել Ռ. Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշմանը:

«Այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով ճնշումները, որ գոյություն ունեն դատարանների նկատմամբ, պարզապես ավելի սպասելիքներ ունեինք այս դեպքում՝ հաշվի առնելով որ քրգործի բոլոր նյութերը մեր ձեռքի տակ էին ու հստակ կարելի է ասել, որ այն ամենը, ինչ ներկայացված է, իրականում ջուր է: Հիշում եք, որ ժամանակին պարոն վարչապետն ասաց, որ նախաքննության սկզբնական փուլում դատավորներից մեկը դիմել էր իրեն ու ասել, որ «գործը ջուր է»: Այս պատկերավոր արտահայտությունն ավելի քան տեղին է: Դա գնալով ակնհայտ է դառնում նրանց համար, ովքեր առնչվում են, անգամ դատարանների նկատմամբ ճնշումների պարագայում, իսկ որ կան, մի´ կասկածեք, հատկապես պարոն Քոչարյանի գործում»,- ասել է Ալումյանը: