«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաքաղաքային, համապետական շաբաթօրյակը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցների համար ցավոք ևս մեկ տխուր առիթ էր սեփական անցյալի հետ առերեսվելու ու կրկին հիշելու, թե այս երկրի վայ ղեկավարների ու նրանց նշանակյալ նախարարների մակարդակով ոլորտը կառավարածների՝ իրականում թալանչիների հանցագործ գործունեության արդյունքում ինչպես ունեզրկվեցին ու հայտնվեցին վարձակալությամբ գոյությունը քարշ տվողի կարգավիճակում:

Լուսանկարում պատկերված շենքը կառուցված է քաղաքի կենտրոնում, նաև «Հայֆիլմի» երբեմնի ունեցած տարածքում, որը խաբեությամբ, ստոր, անհոգի մարդկանց չարչիական գործողությունների արդյունքում խլվեց հայ կինոյից ու, իբր եղածը քիչ է, թաց հռհռոց հիշեցնող այս «Տրվում է վարձով» անամոթ գրությունն էլ դեռ փակցրել են շենքի ճակատին՝ որպես սեփական ամենազորության ու երկրի վրա թքած ունենալու հավաստագիր-վկայագիր:

Caption

Շաբաթօրյակը՝ շաբաթօրյակ, Հայաստանի ազգային կինոկենտրոնին «Հայկ» կինոստուդիան վերամիավորելու կառավարության որոշումը՝ որոշում, սակայն չէր խանգարի մի անգամ ի վերջո լրջորեն վերանայել պատմության էջերն ու տեսնել, թե ինչպես հայ կինոյի քոքը փորձեցին տալ երկրի ճակատագիրը ոչ վաղ անցյալում տնօրինածներն ու ինչպես իներցիայով այն դեռ շարունակվում է բռնաբարվել և իրավիճակը շտկելու ազնիվ մտահոգությամբ հայ կինոյով զբաղվել ոչ թե կոսմետիկ միջամտություններով ու լուծումներով, ոչ թե կինոյի մասին սերիալների մակարդակով դատելու ունակներով, այլ լուրջ մարդկանցով ու հիմնովին՝ փորձելով վերջապես հասկանալ, որ հայ կինոն մեր մշակույթի ամենազորեղ կռվաններից է, եթե ոչ ամենազորեղն ու ներազդունը, որ այն մեր պատմության, այսօրվա ու վաղվա, ասել է թե անցյալի ու ընթացքի ամենահզոր հավաստագիրն է, որ ունենալով հայ կինոյի՝ համաշխարահային կինոյի ինքնատիպ էջերից մեկը լինելու գիտակցումը՝ դուրսը մեր կինոյի հանրահռչակմամբ մեր սիրուն աչքերի համար չէ, որ զբաղված է, որ այն իրականում չափազանց լուրջ, ծանրակշիռ արժեք է, ու ողբերգությունը մեր մեջ է, որ այդ արժեքը չենք տեսնում նաև օրվա բախտախնդիրների ու հացկատակների պատճառով, կինոյի մասին «ի հավելումնի» մակարդակով դատողություն անող փուչիկներով:

Գուցե թե շաբաթօրյակի առիթն օգտտագործելով՝ մաքրենք և հայ կինոյի ավգյան ախոռները, եթե, իհարկե հայտարարված «Մաքուր Հայաստան» բանաձևումը, գեղեցիկ խոսքի համար ասված չէ: Իրականում շատ բաներ կան ասելու, սակայն բավարարվենք այսքանով՝ մնացյալը թողնելով ապագային:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ