ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը խորհրդակցությունն է հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակցում են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Գ. Գևորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների և գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրաձայնվող հարցադրումներին, ինչպես նաև իրազեկել և մտքեր փոխանակել առաջիկայում
նախատեսվող նոր պրոդուկտների շուրջ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ բացի արդեն իսկ կատարված փոփոխություններից նախարարությունն առաջիկայում կմեկնարկի նոր ծրագրեր անասնաբուծության ոլորտում՝ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տրամադրման սուբսիդավորման և «խելացի ֆերմաների» ստեղծման համար դրամաշնորհների հատկացման վերաբերյալ, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև ֆիզիկական անձանց։

Քննարկմանը խոսվել է կատարվել ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներում բանկերի ներգրավման հարցին։ Գ. Գևորգյանը հավելել է, որ շահառուների կողմից հաճախ բողոքներ են հնչում, որ ֆինանսական կառույցները մերժում են սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտերը, փոխարենն առաջարկում են իրենց ավելի թանկ պրոդուկտները։ Մասնակիցները հավաստիացրել են, որ աչալուրջ կլինեն նման դեպքերը բացառելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև 3-15 մլն դրամի սուբսիդավորվող վարկերի դեպքում մինչև որոշակի շեմը առանց գրավի վարկեր տրամադրելու
հնարավորությանը, ինչպես նաև մասնակիցների հետաքրքրության տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի։