«Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանցքի հետ կապված քրեական գործն իր ծավալով աննախադեպ է՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանը ««Հյուսիս–Հարավ» ճանապարհաշինական միջանքի հետ կապված հարուցվել է քրեական գործ, քրգործն իր ծավալով աննախադեպ է։ Գործի քննության ընթացքում հարուցվել են գործի նյութերով նոր քրգործեր, որոնք միացվել են մեկ վարույթ, այս պահի դրությամբ ունենք հսկողություն իրականացնող ինժեներին առաջադրված մեղադրանք, կան նաև մեղադրանք առաջադրված մեկ այլ անձի, քննչական խումբ է կազմել քննությունն իրականացնելու համար, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով նոր գնահատականներ և նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու խնդիրներ կան»։

Հարցին՝ հնարավո՞ր է բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք առաջադրվի, ասել է. «Կստանանք փորձաքննության եզրակացությունը և դրանով տարբեր անձանց արարքներին կտրվեն իրավական գնահատականներ»։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության, որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև՝ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ, և կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների, բետոնի ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման է ընդունվել Տրանշ 1-ի համար Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածները։

Ծրագրի անարդյունավետ կառավարումը թաքցնելու նպատակով որոշ պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով խախտվել են նախատեսված ժամկետները, և շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակները՝ Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 23 553 817 000 դրամի վնաս: Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է քննչական կոմիտե և սեպտեմբերի 6-ին այն ընդունվել ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: