Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ է դուրս է եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեր մարզիկը հենացատկերի վարժությունում վաստակել է 14,849 միավոր և երրորդ տեղով հաղթահարել է որակավորման փուլը։

Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր երկրորդ տեղով, Արթուր Թովմասյանը՝ երրորդ, իսկ Հարություն Մերդինյանը նժույգ-թափեր վարժությունում եզրափակիչ էր անցել երկրորդ տեղով։

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար: