Ինչպես հայտնի է, Ղազախստանի խորհրդարանը նախօրեին որոշում էր ընդունել, ի պատիվ երկրի հեռացող առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, մայրաքաղաք Աստանան վերանվանել նրա անունով: Որոշումը միանշանակ չի ընդունվել: Մասնավորապես gopetition.com կայքը սկսել է ստորագրահավաք, որի հեղինակները պահանջում են մայրաքաղաքը չանվանափոխել: Արդեն տասը հազար մարդ ստորագրել է, և այդ թիվը, գնալով, աճի կայուն միտում ունի, քանզի այդ երկրում միանշանակ այնպես չէ, ինչպես ներկայացնում է պաշտոնական լրատվությունը, թեպետ Նազարբաևն անուրանալի ծառայություններ ունի երկրին մատուցած:

Ստորագրահավաքի պահանջագրի տեքստում ասվում է, որ երկիրն ունի մեծ ֆինանսական խնդիրներ եւ առկա դեֆիցիտի պայմաններում անիմաստ է գնալ նման հսկայական ծախսերի, կատարել մայրաքաղաքի անվանափոխություն։ Բացի այդ մայրաքաղաք Աստանան, որպես միջազգային բրենդ, սկսել է ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում եւ հիմա այդ քայլը կհարվածի բրենդին։ Պահանջի տեքստում նշվում է, որ մայրաքաղաքի անվանափոխության հարցը պետք է վճռվի հանրաքվեի միջոցով։