Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պարտականություններին անցած Քասըմ-Ժոմարտ Տոկաևը, ով մինչ այդ գլխավորում էր երկրի սենատը, իր առաջխաղացմամբ տեղ ազատեց Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի համար, ով իր հերթին մինչ այդ երկրի նոր նախագահի առաջին տեղակալն էր: Ընդ որում, նկատենք, ամեն ինչ եղել է ըստ օրենքի՜, քվեարկությո՜ւն է եղել, հաշվիչ հանձնաժողո՜վ է գործել, ձայների հաշվարկի ամփոփում է եղել, ու Դարիգան ոչ պապայի շնորհիվ է անցել իր պաշտոնին, ինչն այդպես էլ չեղավ Ուզբեկստանի նախագահ Քարիմովի դստեր պարագայում, ում դեմ ոչ միայն քրեական գործ հարուցեցին, այլև նստեցրին միանգամից մի քանի մեղադրանքներով:

Ինչ վերաբերում է Նազարբաևին, երկրի ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու մասին լուրը մենք հրապարակել են՝ նշելով, որ այդուհանդերձ Ղազախստանի հզոր տիրակալն անվերադարձ չի հեռանում երկրի քաղաքական կյանքից: Հակառակը՝ նա դարձել է Անվտանգության խորհրդի նախագահ, պաշտոն, որտեղ կարող է ցկյանս աշխատել և որը նրան ապահովում է հզոր լիազորություններ ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում:

Մի հատկանշական բան էլ առանձնացնենք: Ոչ թե երախտապարտ, այլ չափից ավելի ավելի երախտապարտ ղազախ ժողովուրդը որոշել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի անունով, թեպետ, եթե անկեղծ, երկրի առաջին նախագահի դերը հիրավի բացառիկ է Ղազախստան պետության կայացման հարցում, ու հենց այդ նույն Նազարբաևն էր, որ գրեթե դատարկ տեղը, համարյա զրոյից հիմնեց ու կառուցեց Աստանան: Իհարկե, համարժեք բաների մասին չենք խոսում, բայց քաղաքը նրա անունով չկոչելը նման կլինի նրան, որ մենք այդպես էլ չգանք պատմական գիտակցության ու Հյուսիսային պողոտան չանվանենք երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով: