Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ՝ հանձնարարականներ տալով ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, դատախազին. «Մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ու նորմալ: Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում: Վերջին շրջանում ՀՀ-ում որոշ շրջանակներ իրականացնում են բռնության ու բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Նույնիսկ օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն: Այս ամենի համատեքստում ուզում եմ նշել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու տեղի են ունում բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա ու պետք է կոշտ հակահարված տա բոլոր նման երևություներին՝ սկսած նրանից, որ Երևանի Ազատության հրապարակն ինչ-որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի՝ մեքենաներով մտնել, ճռիկներ անել, մեքենաներ վարել մայթերով ու սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, երկրում իրավակարգը թույլ է: Նման արարքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար: Խնդրի հետ կապված՝ առավոտյան զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ, ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել ու ճանապարհել դեպի քաղաքակիրթ կյանք»: Նա ոստիկանապետին հանձնարարեց ձևավորվել խումբ, որը քաղաքացիների ահազանգերին ավելի արագ կարձագանքի ու միջոցներ կձեռնարկի: